Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ մարդը տառապում է ողնաշարային հիվանդություններով, այս առումով Հայաստանում վիճակն ավելի ցավալի է, քանի որ մեր երկրում ախտահարվում է աշխատունակ տարիքը`20-50 տարեկան անձինք:
Այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց նեյրովիրաբույժ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդային եւ նեյրովիրաբուժական կլինիկայի ղեկավար Մամիկոն Եղունյանը: Նրա խոսքերով, վերջին 5 տարում իր կատարած վիրահատությունների թիվը 2 անգամ գերազանցել է 10 տարվա ընթացքում կատարած վիրահատությունների թիվը, ուստի այդ երեւույթը բժշկին թույլ է տալիս ասելու, որ ողնաշարային խնդիրներով հիվանդների քանակը Հայաստանում ավելացել է:
Մանրամասն` տեսանյութում
Ըստ մասնագետի, Հայաստանում ողնաշարային հիվանդության վիրահատությունը, համեմատաբար այլ երկրների, ավելի էժան է. «Այստեղ խնդիրը ոչ թե բուժման եւ վիրահատության արժեքն է, այլ այն, որ մեր ժողովուրդը չունի այդ գումարը»:
Պարոն Եղունյանի ներկայացմամբ, այդուհանդերձ, անգամ եթե մարդիկ գումար չունեն, ավելի մատչելի է կատարել 75 հազար դրամ արժողության մագնիտառեզոնանսային հետազոտությունը, քան, ինչպես հաճախ տեղի է ունենում` գնան հեքիմների մոտ` վերադառնալով ավելի մեծ խնդրով եւ ավելի թանկ բուժման լուծումով:
Բժշկի խոսքերով, ողնաշարային խնդիրներ են առաջացնում դպրոցական ծանր պայուսակները, համակարգչային խաղերը, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս առողջությանն ուշադրություն դարձնել մանկուց եւ հնարավորինս ակտիվ շարժվել, ոչ թե երկար նստել, հատկապես երեխաների համար ընտրել ճիշտ կոշիկներ` ոչ շատ տափակ, ոչ էլ շատ բարձր: Պարոն Եղունյանի ներկայացմամբ, ողնաշարային խնդիրներ ունեն դեռահաս աղջիկները, որոնք հագնելով ոչ ճիշտ կոշիկներ, ունենում են ողնաշարային այնպիսի ծռություն, որը հանգեցնում է երկու ոտքերի երկարության անհամաչափության:
Aravot.am-ի այն հարցին, թե ինչ նոր մեթոդներ են առաջարկվում նման հիվանդությունների բուժման համար, պարոն Եղունյանն ասաց, որ կան անտրավմատիկ մեթոդներ, որոնց շարքին են պատկանում էնդոմիկրովիրաբուժությունը, էնդոսկոպիկը եւ լազերային հետազոտությունները, որից 70%-ի դեպքում հիմնականում օգտագործվում է էնդոմիկրովիրաբուժությունը:
Հիվանդությունից խուսափելու լավագույն տարբերակը, ըստ բժշկի, գոնե տարին 1 անգամ անհրաժեշտ է հետազոտվել:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ