Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մասին Յան Գիլանի առաջին պահին միտքն եկած բառը «լացակումած»-ն է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2013 16:19

Gilan_2 Gilan_1 Gilan_4

Gilan_7 Gilan_6Գյումրիի համար 6 երաժշտական դպրոցը կառուցված է եւ վաղը կկայանա բացումը: Հիշեցնենք, որ այն 1988-ի երկրաշարժից հետո ավերվել էր, եւ երեխաները դասերն անցկացնում  էին տնակներում:  Այս ձեռնարկով  կավարտվի 1989-ին մեկնարկած Rock Aid Armenia նախագիծը, որը 24-ամյա Ջոն Դին նախաձեռնել էր Լոնդոնում՝ Սպիտակի երկրաշարժից մի քանի ամիս անց: Այս առիթով Հայաստանում են  նախագծի գլխավոր «մեղավորներ» Ջոն Դին եւ Յան Գիլանը:

Այսօր «Մեդիամաքսում» կայացած ասուլիսում Ջոն  Դին  ասաց, որ  առանց Գիլանի  մասնակցության եւ առանց «Մեդիամաքսի»  տնօրեն Արա Թադեւոսյանի ու «Մեդիամաքսի» թիմի, հնարավոր չէր լինի այս աշխատանքը ավարտին հասցնել, ինչի համար հրապարակավ շնորհակալություն է հայտնում. «Թոնի Այոմին եւ Գիլանը սկսած 2009-ից նման ծրագիր են իրականացնում: Վաղը վերջապես ուրախությամբ կբացենք դպրոցը, ու այդ փաստը մեզ մեծ հաճույք է պատճառում»:

 

Յան Գիլանն էլ հավելեց. «Ջոնը, ինչպես միշտ, պերճախոս է, ինչ վերաբերում է իմ մասնակցությանը նախագծին, դա նույն դերակատարությունն էր, ինչ Deep Purple-ում, ես ուղղակի դեմքն էի, որը կարողանում է խանդավառություն առաջացնել: Հայկական կողմի ներդրումը այս ձեռնարկի մեջ  եւս անուրանալի է:   Իմ ներգրավումը ծրագրում ինչ-որ առումով անձնավորված եւ խորհրդանշական է, 90-ականներին եկել էինք Հայաստան:  Այցելեցի Սպիտակ, որտեղ շատ ծանր էր ինձ համար: Վրաս մեծ տպավորություն գործեց Սպիտակի քաղաքապետը, ասաց՝ մի տարի է՝ երաժշտություն չի հնչել տեղի եկեղեցում, տներում, անգամ ռադիոյով, ասաց՝ անգամ թռչունները չեն երգում: Իսկ կյանքն առանց երաժշտության դժվար էր պատկերացել: Սպիտակից հեռացանք առանց կոնկրետ  խոստում հնչեցնելու, ընդամենը ձեռքսեղմում եղավ: Ասացինք՝  հենց քաղաքը պատրաստ լինի երաժշտության, ինչ-որ բան գուցե մտածենք…  Ախր դպրոցը ողբալի վիճակում էր, խոռոչներ կային պատերի մեջ, նման պայմաններում երաժշտություն սովորեցնելն անհավատալի կլիներ:  Ու այժմ շատ հուզիչ կլինի տեսնել, թե այս ամենը ինչպես է վերջնական տեսքի եկել»:

Գիլանը հավելեց, որ նախկինում էլ բազմաթիվ բարեգործական նախագծերի մեջ է ներգրավված եղել, սակայն պատահել է, որ հիասթափվել է, կասկածել, թե գումարն ի՞նչ եղավ:

Ջոն Դին նշեց, որ  երկրաշարժի սարսափազդու հետքերը  երբեք չէր կարող մոռանալ, ու այժմ բավարարված է, որ կարողացել է ռոք ինդուստրիայում  ունեցած իր կապերի շնորհիվ ինչ-որ բաներ անել:

Յան Գիլանը պատասխանելով լրագրողի  հարցին, թե կինը որքանով է օգնել կամ խանգարել իր գործունեությանը, հայտնեց. «Երբեւէ չի խանգարել, նույնիսկ երբեմն «մտրակել» է, որ ավելի եռանդուն աշխատեմ, քանի որ որոշ փորձ ուներ երաժշտական բիզնեսում: Նա իմ կյանքի սերն է, ներշնչանքի աղբյուրն ու հենասյունը: Ես նրանով շատ հպարտ եմ, չնայած իրեն չի հասնում այն ճանաչումը, որին արժանի է: Լավ է՝ գոնե մեկ-մեկ ինձ հետ լավ տեղեր է ճամփորդում»:

Aravaot.am-ի հարցին՝ արդյոք բախտ կունենա՞նք Յան Գիլանին հայաստանյան բեմի վրա կրկին տեսնելու, մանավանդ ժամանակին խոսվում էր «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» նախագծի մասին, Գիլանը պատասխանեց, որ դեռ որոշակի ոչինչ չկա:

Մեր հաջորդ հարցին էլ՝ ինչպես կբնորոշի Հայաստանը ինքնաբուխ, առաջին պահին միտքն եկած բառերով, ինչպիսի երաժշտության հետ է ասոցացնում, Յան Գիլանը պատասխանեց. «Առաջին  պահին լացակումած…Գուցե սխալ եմ, բայց առաջին տպավորությունը դա է»: Ապա օրինակ բերեց վրացիներին, որոնց  նույնիսկ ամենաուրախ երգերը լուրջ դեմքով են կատարվում. «Մեկի տանը երգում էին չորս հոգով,  երգը մի տասնհինգ րոպե տեւեց, շատ գեղեցիկ էր, հուզիչ…ինձ տխրեցրել էր, բայց  բոլորը, չգիտես ինչու,  ծիծաղում էին: Թարգմանչին հարցրի՝ ինչի՞ մասին էր երգը, ասաց՝ ռուսական ֆուտբոլային թիմին հաղթելու մասին: Իրենք երաժշտությանը հեգնական երանգներ են հաղորդում, կշիռ տալիս, անգամ ուրախ երգերը լուրջ դեմքով են երգում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30