ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը երեկ երեկոյան հյուրընկալեց ՌԴ-ից ժամանած հոկեյի օլիմպիական աստղերին՝ օլիմպիադայի կրկնակի չեմպիոն «Легенды хоккея» հ/ա-ի նախագահ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալեքսանդր Յակուշևին, փոխնախագահներ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Վլադիմիր Լուտչենկոյին, օլիմպիական չեմպիոն Վիկտոր Շալիմովին, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական չեմպիոն Յուրի Լյապկինին, օլիմպիական կրկնակի չեմպիոն Սերգեյ Մակարովին, ՌԴ սպորտի վարպետ, վաստակաշատ դինամոյական, պրոֆեսոր Ալեքսանդր Գվոզդևին և «ТЭН» ընկերության խմբի տնօրենների Խորհրդի նախագահ, նախկին հոկեիստ Ռոման Գուտնովին:
Հանդիպումն անցել է ջերմ բարեկամական մթնոլորտում, լեգենդար մարզիկները երկուստեք վերհիշել են իրենց ունեցած փառահեղ հաղթանակներն ու զգացողությունները: Յուրի Վարդանյանը շնորհակալագրեր, պատվոգրեր ու հուշանվերներ է հանձնել լեգենդար հոկեիստներին: Վերջիններս իրենց խոսքում կարևորեցին ՄՀՀ-ում նախատեսված միջոցառումը և բարձր գնահատեցին հայկական կողմի իրականացրած աշխատանքներն այդ ուղղությամբ:
Անվանի հյուրերը ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վ.Պ.Վլասովի կողմից հուշամեդալ և պատվոգիր հանձնեցին Յուրի Վարդանյանին, ինչպես նաև շնորհակալագիր` ԱՊՀ սահմանապահ զորքերի Կոորդինացիոն ծառայության ղեկավար խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Ա.Լ.Մանիլովի կողմից՝ հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունների, սահմանապահների ու նրանց ընտանիքների հայրենասիրական դաստիարակության, միջազգային օլիմպիական շարժման զարգացման, առողջ ապրելակերպի քարոզման և հոկեյի փառահեղ ավանդների մասսայականացման համար: Պատվոգիր և շնորհակալագիր հանձնվեց նաև փոխնախարար Նազարեթ Մնացականյանին:
Հանդիպումից հետո սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յու. Վարդանյանի ուղեկցությամբ ՌԴ պատվիրակությունը բարձրացավ Ծիծեռնակաբերդ, մարզիկները ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին: Մինչ այդ՝ ռուսական պատվիրակությունն այցելել էր «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի շիրիմին և եղել Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի մատենադարանում: