Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակառուն չի կարողանում վերադարձնել ընտանեկան նպաստի գումարը

Սեպտեմբեր 19,2013 16:06

 Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ Դիլիջանի բնակիչ Կարեն Գուլինյանից 246 հազար դրամ, որպես նպաստառու ընտանիքին ավել վճարված գումար, բռնագանձելու պահանջով: Ըստ «Դատալեքս» կայքի՝ Դիլիջանի ՍԾՏԳ-ի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ Կ. Գուլինյանը 2002 թվականի սեպտեմբերի 1-ից ստանում է ընտանեկան նպաստ: 2013թ. փետրվար ամսին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացված հաղորդագրությունից պարզվել է, որ Կարեն Գուլինյանը ընտանեկան նպաստ ստանալու ժամանակահատվածում՝ 2012թ. հունվարի 1-ից մինչեւ նույն տարվա նոյեմբերի 30-ը աշխատել է «Ռենկո» կազմակերպությունում, սակայն այդ մասին չի տեղեկացրել գործակալությանը, ինչը հակասում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին:

Դիլիջանի ՍԾՏԳ-ի ներկայացուցիչն ասել է, որ Կ. Գուլինյանը չէր կարող ընտանեկան նպաստ ստանալ, քանի որ անապահովության միավորն աշխատելու պարագայում կլիներ սահմանվածից ցածր, Գուլինյանը բանավոր եւ գրավոր տեղեկացվել է անօրինական կարգով ստացած գումարը ետ վերադարձնելու անհրաժեշտության մասին, սակայն չի վերադարձրել:

Կ. Գուլինյանը դատարանին հայտնել է, որ ինքը եւ կինը թոշակառուներ են, իրենց խնամքին են գտնվում 1989թ. ծնված , մանկուց առաջին խմբի ցմահ հաշմանդամ որդին ու վերջինիս դուստրը, որն ունի տեսողության հետ կապված խնդիրներ, որին տարին երկու անգամ բուժման են տանում Երեւանի Մալաթիայի ակնաբուժական կենտրոն:

Գուլինյանն ասել է, որ չկարողանալով թոռան բուժման համար պարտքով գումար ճարել, ինքը ստիպված աշխատանքի է անցել «Ռենկո» կազմակերպությունում, սակայն վատառողջ լինելու պատճառով որոշ ժամանակ անց իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Գուլինյանը հայտնել է , որ 2013թ. փետրվարին փոստային բաժանմունքում տեղեկացել է , որ իրենց ընտանեկան նպաստ չի վճարվելու: Նա այդ կապակցությամբ գնացել է Դիլիջանի ՍԾՏԳ-ի պետ Սամվել Դավթյանի մոտ, ով նրան պարզաբանել է, որ 6 ամիս նպաստ չի վճարվելու, որից հետո ինքը համապատասխան փաստաթղթեր կլրացնի ու դարձյալ նպաստ կվճարվի: Գուլինյանը ասել է, որ ինքը մեղավորություն չունի, գործակալությունը պարտավոր էր իրեն տեղյակ պահել եւ հենց առաջին ամսից դադարեցնել նպաստի վճարումը, որ ինքը 8 տարի աշխատել է Դիլիջան քաղաքի զբոսայգում, սակայն նպաստի վճարումը շարունակվել է: Գուլինյանը դատարանին տեղեկացրել է, որ ինքը գտնվում է նյութական ծանր պայմաններում, ստանում է միայն կենսաթոշակ, որը չի բավականացնում կոմունալ ծախսերին, դեղորայքին եւ սննդին:

Սեպտեմբերի 6-ին դատավոր Աշոտ Խաչիկյանը որոշել է հայցը բավարարել եւ Կարեն Գուլինյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 246 հազար դրամ՝ որպես վնասի հատուցում: Դատարանը վճռել է Կ. Գուլինյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 4920 դրամ, որպես պետական տուրքի գումար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30