Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանը քննադատում է Տեր-Պետրոսյանին եւ Քոչարյանին՝ լռելու համար

Սեպտեմբեր 19,2013 16:00

Այսօր Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի կազմակերպած Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովին մասնակցում էր ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Նա, խոսելով Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին՝ վստահեցրեց, որ Հայաստանը երբեք լիարժեք անդամ չի դառնալու Մաքսային միությանը եւ պատճառը միայն Սահմանադրական խոչընդոտը չէ. «Ինչ-որ հանրաքվեի գաղափար է փորձվում մեջ գցվել: Առաջինը՝ ոչ մի հանրաքվեով չի կարելի փոխել Սահմանադրությունը, որպեսզի այն դառնա հարմար Մաքսային միությանը: Փորձել հանրաքվեով օրինականացնել հակասահմանադրությունը՝ անթույլատրելի է: Իշխանության վերաբերյալ իմ կարծիքին ծանոթ եք: Կարելի է քննադատել ՌԴ-ին, բայց եկեք փորձենք մեր մեջ էլ տեսնենք խնդիրը, մեր մեջ փնտրենք»:

Նա ընդգծեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո մի քանի անգամ հաստատվել է, որ մեր քաղաքական համակարգն է մեր ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը. «Ուկրաինայում կատաղի պայքար է իշխանության եւ ընդդիմության միջեւ, բայց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու եւ ընդհանրապես եվրոպական քաղաքականության առումով ողջ աշխարհը տեսավ ինչպես պահեցին իրենց: Ըստ էության, բացառությամբ մեկ քաղաքական ուժի, այս ամեն ինչի շուրջ Ուկրաինայում կա կոնսենսուս: Տիմոշենկոն բանտից հայտարարել էր, որ սատարում է այդ որոշումը: Ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինե՞ր սեպտեմբերի 3-ը, եթե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը կամ ՀՅԴ-ն նման հայտարարություններով հանդես գային, դա հնարավոր կլինե՞ր: Կամ առաջին, երկրորդ նախագահները նման հայտարարություններով հանդես գային: Ընդհակառակը, դրանք չարախնդում են, որ ճնշել են Հայաստանը ներկայացնողին: Մեզ բոլորիս հետ են այդպես վարվել, մեծագույն վտանգը մեր ներսում է, ոչ թե դրսում: 88-ից հետո ԼՂՀ անվտանգությունը երբեք այսպիսի սպառնալիքի տակ չի եղել, ինչպես հիմա է»:

Դավիթ Շահնազարյանը քննադատեց խորհրդարանական ուժերին, որ բացառությամբ մեկ-երկու հոգու, հստակ հայտարարությամբ հանդես չի եկել. «Նրա խոսքերով՝ ավելի մեղավոր են նրանք, ովքեր պատմական վճռական պահին չեզոքություն են պահել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30