Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առողջապահության վարչության պետ. «Սաղ քաղաքով դիակների հետևից են ընկել»

Սեպտեմբեր 19,2013 15:52

Գյումրիում նոր դիահերձարան կառուցելու կառավարության որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել քաղաքում: Բանն այն է` բնակիչները դեմ են, որ սարսափազդու այդ հիմնարկը իրենց քթի տակ խցկեն, մեռելներին էլ իրենց դռներով բերեն ու տանեն:

Օրինակ` որոշված էր դիահերձարանը կառուցել Արյան փոխներարկման կայանի նախկին վթարային շենքում` Սավոյան փողոցում: Սակայն բնակիչները 3-4 ամիս շարունակ բողոքեցին , նամակներ հղեցին երկրի ղեկավարությանը, որից հետո վերջնականապես դադարեցվեց այստեղ կառուցելու մտադրությունը:

Այժմ մարզպետարանի պաշտոնյաները դարձյալ փնտրտուքների մեջ են, թե որտեղ կառուցեն դիահերձարանը, որպեսզի բնակիչները չբողոքեն: Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը (լուսանկարում) տեղեկացրեց, որ քննարկվում է դիահերձարանը Գյումրու նորակառույց բժշկական կենտրոնի հյուսիս-արևելյան մասում կառուցելու հարցը, սա ազատ տարածք է: «Գյումրիում պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա կառուցելը դարձել է զավեշտի առարկա, քաղաքացիական հասարակությունը հազար ու մի հարց թողած` քաղաքական, էկոլոգիական խնդիրներով զբաղվելու փոխարեն ընկել է դիակների հետևից: Հիմա քննարկվում է հիվանդանոցի հյուսիս-արևելյան հատվածում կառուցելու հարցը, ազատ տարածք է, թեև մի քանի դոմիկ կա էնտեղ ու երաշխիք չունես, թե էս մարդիկ էլ կոալիցիա չեն կազմի ու չեն ելնի բողոքի մեռելների դեմ: Որտեղ ուզում ես դիահերձարանը հիմնես, կրակն ես ընկնում, գյումրեցիները մոռացել են` ինչքան որ սիրում են ճոխ ապրել, նույն ճոխությամբ էլ մեռելներին են թաղում: Մեկին հարցնում են ` ո՞ր հասցեում է քո մեռելը, պատասխանում է` ես իմ մեռելը երկու տեղ եմ դրել: Հիմա՞ ինչ եղավ, սաղ քաղաքով դիակների հետևից են ընկել, մոռացել են, որ բոլորիս անունը մահկանացու է, բոլորս ապագա մեռելներ ենք, մարդու կյանքը թիթեռնիկի կյանք ունի, էսօր կա, վաղը հանգուցյալ է: Կենդանի մարդկանցից պիտի վախենալ, ոչ թե մեռելներից, խեղճուկրակ մեռելներից վախենում են որ ի՞նչ, մեռելը անուժ է, դրա համար են նրան ցավակցում: Մեր գյուղի` Հառիճի գերեզմանը միջնադարյան գերեզմանոց է, այնտեղ մի շատ իմաստուն խոսք կա գրված.

Գիտուն լինես,

Անգետ լինես,

Հողի համար նույն գինն ունես:

Հիմա ի՞նչ անենք, սաղ քաղաքը բողոքում է, համաձայն չէ, որ իրենց դռներով անցկացնենք գյումրեցի դիակներին, թուրքերը հաստատ համաձայն են, հեռավորությունն էլ էդքան մեծ չէ`15-20 կիլոմետր է, երևի չալարենք, մեր դիակներին տանենք, էնտեղ հասցնենք», -կատակեց մարզպետարանի պաշտոնյան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vanuhi says:

    Էս մարդը էլ ինչքան հարցազրույց տա իրանց գյուղի էդ մի արտահայտությունը պիտի կրկնի, ուրիշ բան՝ ոլորտից ինչ գիտի?, սաղ բժիշկները ոտք առել կերթան, ինքը հող ու մողից կխոսա, քանի մարդ է կվալիֆիկացիա բարձրացրել ?, ոչ ոք

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30