Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Երբեք չի եղել դեպք, որ վերադարձած գերու հանդեպ հետապնդում լինի Հայաստանում»

Սեպտեմբեր 19,2013 15:43

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը արդեն երկար տարիներ զբաղվում է գերեվարվածների խնդիրներով: Այսօր «Ֆորում» ակումբում նա անդրադարձավ նաեւ մոլորված եւ Ադրբեջանում հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի խնդրին:

Երեկ ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե Հակոբը երրորդ երկիր է ուզում մեկնել, չի ուզում վերադառնալ Հայաստան, եւ նաեւ նկատել էր, որ երբեք Հայաստանը գերեվարված եւ գերությունից ազատվածների հանդեպ իրավական հետապնդում չի իրականացրել: Տիկին Ալավերդյանը հաստատեց այդ հայտարարությունը, նշելով, որ իննսունականներից սկսված եւ ոչ մի գերի, որ վերադարձել է Հայաստան, երբեք չի հետապնդվել պետության կողմից, հակառակը՝ բուժզննում է անցել, հետազոտվել, հոգեբանական օգնություն ստացել:

Ինչ վերաբերվում է երրորդ երկիր մեկնելուն, տիկին Ալավերդյանը նկատեց, որ դա միջազգային պրակտիկայում ընդունված է նորմ է, սակայն այլ հարց է, թե ինչի արդյունքում է արվել այդ հայտարարությունը: Նա ասաց, որ Հակոբից գերեվարման շրջանում երկու անգամ հարցազրույց վերցնելը, որոնք հակասական են եղել բովանդակությամբ, միջազգային նորմերի կոպիտ խախտում է, ինչպես նաեւ հիմնավոր ենթադրությունների տեղիք է տալիս երիտասարդի նկատմամբ ճնշումների առկայության մասին: «Մենք միջազգային կազմակերպություններին նամակ ենք ուղարկել, այն կազմակերպություններին, որոնք իննսունականներին ակտիվ օգնել են մի խումբ մարդկանց պատանդությունից ազատելու հարցում, սակայն հիմա այդ նույն կազմակերպությունները մինչ այսօր քար լռություն են պահում: Դա թույլ է տալիս մտածել, որ այդ դաշտը քաղաքականացված է, եւ Ադրբեջանի հանդեպ ամենաթողություն է տիրում, չեն ուզում «խաթրին կպնեն» անգամ մարդու իրավունքների այդպիսի կոպիտ ոտնահարումների դեպքում:

Ես չգիտեմ, թե ինչ ճնշում է եղել՝ հոգեբանական, ֆիզիկական, դեղորայքային թե ինչպես… Բայց մենք ենթադրում ենք, որ տեղի են ունեցել ճնշումներ, եւ միջազգային նորմերի համաձայն՝ մենք դիմել ենք, որ այցելություն կազմակերպվի՝ Հակոբին տեսակցելու համար: Մենք Ադրբեջանի հետ ունեցել ենք մահացու ավարտով եւ հիվանդ վիճակով վերադարձված գերիների դեպքեր, դա եւս մեզ հիմք է տալիս պնդելու, որ տեսակցենք: Ինջիգուլյանը իրավունք ունի տեղափոխվել երրորդ երկիր, մենք չենք ասում՝ չտեղափոխեն, բայց մինչ այդ պետք է տեսնել նրան»:

Տիկին Ալավերդյանը նկատեց, որ երբ Հայաստանում հայտնվել են ադրբեջանցի գերիներ, նրանց հանձնումը երրորդ երկրին չի ձգձգվել, ուշանալն էլ եղել է օբյեկտիվ պատճառներով՝ երրորդ երկրից պատասխանի ուշանալը: Սակայն Ադրբեջանը միշտ արհամարհել է միջազգային նորմերը եւ դա հիմք է տալիս ենթադրել, որ Հակոբի հանձնման ձգձգումը սուբյեկտիվ պատճառներ ունի, ոչ թե օբյեկտիվ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30