Երեկ կեսգիշերից հետո քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցների մեքենային բեռնատար մեքենա է բախվել: Ակտիվիստներից ոչ ոք վթարի ժամանակ մեքենայում չի եղել: Տուժածներ չկան, վնասվել է միայն նստացույցի մասնակիցների մեքենան, որը ջարդված վիճակում տեղափոխվել է տուգանային հրապարակ: Նստացույցի մասնակից Վահագն Մինասյանի խոսքերով, ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:
Վահագն Մինասյանը իրենց մեքենայի հետ կապված դեպքը պատահական չի համարում. «Տարոն Մարգարյանի հերթական անհաջող փորձն էր նստացույցը վիժեցնելու: Բայց Մաշտոցի պուրակի պայքարողները ձմեռվա սառնամանիքին առանց մեքենայի պայքարեցին եւ հասան իրենց նպատակին: Մենք եւս շարունակելու ենք մեր պայքարը եւ հասնելու ենք մեր պահանջների բավարարմանը: Տարոն Մարգարյանին կոչ եմ անում` վերջ տալ անհեթեթ գործելաձեւին եւ լարվածություն չստեղծել մեր ու ոստիկանների միջեւ: Ոստիկանները քիչ առաջ մոտեցան մեզ եւ ասացին` գեղեցիկ չեն ձեր իրերը, որոնք մենք կոտրված մեքենայից ենք հանել եւ դրել մայթեզրին: Ուզում եմ ասել` Տարոն Մարգարյան գեղեցիկ չես, եւ գեղեցիկ չեն բոլոր այն պաշտոնյաները, որոնք թույլ են տվել օրենքի բազմաթիվ խախտումներ: Հորդորում եմ` վեր կացեք, գնացեք տուն, եթե ինքնակամ չէ, ապա մենք կստիպենք»:
Նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանն էլ է կարծում, որ պատահարը նստացույցը դադարեցնելու նպատակով է կազմակերպվել. «Հենց դեպքից հետո վարորդին հարցնում ենք` ուր ես գնում, ասում է Դիլիջան: Ասում ենք, բայց Դիլիջան հակառակ կողմով են գնում, ասում է` Կոմիտասով եմ գնում, այն դեպքում, երբ Կոմիտաս էլ են հակառակ կողմով գնում: Արդեն եզրահանգումները թողնում եմ ձեզ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ