Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Դրա մասին լռելը հանցավոր լռություն եմ համարում»

Սեպտեմբեր 19,2013 15:33

«Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում ցույց տվեց, որ բացարձակ կապ չունի ոչ հանրության հետ, ոչ իր թիմակիցների, ոչ այն մարդկանց հետ, ում հետ ինքը բանակցություններ էր վարում 4 տարի շարունակ: Խուլիգանական դիվանագիտություն վարելով՝ երկիր չես կառավարի: ՀՀ-ն ցանկություն է հայտնել դառնալ Մաքսային միության անդամ, սա Սերժ Սարգսյանի խոսքերն են, բայց ո՞վ է լսել նման ցանկություն, ինչպե՞ս է լինում, որ այդ մարդը միանձնյա իմանում է այդ ամենը եւ գնում պատմում իր վաղեմի ընկերոջը»,- այսօր Մաքսային միություն մտնելու մասին Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի կազմակերպված Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովի ժամանակ ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի խոսքերով՝ բոլորս ունենք համոզմունք՝ զարգացման ուղենիշի հետ կապված եւ պարտավոր ենք հետամուտ լինել դրանց. «Ես չեմ ուզում շանտաժի լեզվով խոսել կամ էլ կամ-կամ-ի տարբերակով տանել խնդիրը, բայց մեր շահը պիտի գիտակցենք: Գնալ Մաքսային միություն՝ դա ՀՀ անկախության դեմ ուղղված գործընթաց է: Երկու օրից պիտի տոնենք մեր անկախության 22-ամյակը, եւ այս մասին չխոսելը հանցավոր լռություն եմ համարում: Մեր Սահմանադրությունը, բարեբախտաբար, ՀՀ-ի նկատմամբ վերպետական մարմնի գործունեություն չի նախատեսում: Իսկ Մաքսային միությունն իր կանոնադրությամբ ունի տնտեսական կոմիտե, որը վերազգային մարմին է և որի որոշումները պարտադիր են անդամ պետությունների համար: Այդ կոմիտեն կարգավորելու է մեր տնտեսությունն ու տնտեսական հարաբերությունները երրրոդ երկրների հետ»:

Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձավ նաեւ այն դիտարկումներին, թե արդյոք ԵՄ Ասոցացման պայմանագիրը արգելքներ չի՞ նախատեսում: Նրա խոսքերով՝ «Ոչ, չի նախատեսում, այնտեղ խոսք է գնում ստանդարտների մասին, բայց ոչ երբեք սահմանափակումների: Ես հեռու եմ այն մտքից, որ Ասոցացման պայմանագրի ստորագրմամբ մենք ժողովրդավար և մրցունակ կդարձնենք Հայաստանի Հանրապետությունը, դա մենք պետք է անենք: Ուղղակի այդ պայմանագիրը այդ ճանապարհին մեզ տրվող հնարավորություն է և մենք ամեն ինչ պիտի անենք՝ այդ հնարավորությունից չզրկվելու համար: Որեւիցե ճնշում չի արդարացնում մեր իշխանությունների այն քայլը, որը մեր ինքնիշխանության դեմ է կատարվել: Անկախության կորուստը ամենամեծ վնասն է, եւ դրա մասին լռելը՝ ամենամեծ հանցագործությունը: Սարսափելի է պատկերացնել, թե այս արտագաղթի տեմպերի առումով մի 5-10 տարի հետո ինչ վիճակում է հայտնվելու մեր երկիրը, որովհետեւ ՀՀ քաղաքացին մեր ամենամեծ կապիտալն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    “Խուլիգանական” վարքագծով երկրի նախագահ կդառնաս, – երկիր չես կառավարի՞

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30