«Ինչ մարտահրավերներ եւ ձախողումներ էլ նշենք այս տարիների ընթացքում, հստակ կարող եմ ասել, որ անկախությունն ինքն արժեք է, եւ այն թերությունները, թերացումները կամ ձախողումները, որոնց այս տարիների ընթացքում առնչվել եւ առնչվում ենք, միեւնույն է, չեն կարող իջեցնել անկախության գաղափարի արժեքը: Պետք չի ստվերենք անկախության համառ պայքարը այն սխալներով եւ ձախողումներով, որ հետո ունեցանք»,-այսօր «Ֆորում» ակումբում, անդրադառնալով Հայաստանի անկախության տոնին, ասաց ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Սեպտեմբերի 21-ին նաեւ ծննդյան տարեդարձը նշող տիկին Ալավերդյանը նկատեց. «Խոսելով անկախության մասին, դա հստակ կապում ենք ազատության գաղափարի հետ. անկախությունն անազատության մեջ կամ ազատությունը կախյալ վիճակում դժվար է պատկերացնել, դրանք միասնական են»:
Տիկին Ալավերդյանը հեռակա կռիվ տվեց նրանց հետ, ովքեր արժեզրկում են անկախության ձեռքբերման ճանապարհին եղած պայքարը.«Վերջերս կարդում եմ մտքեր այն մասին, որ անկախությունը այսպես թե այնպես կտրվեր, նվեր է եղել, պայքարի հարց չկար, եւ այլն.. Ես մերժում եմ այդ գնահատականները, որոնք հնչում են հիմնականում ցանկացած պայքարից հեռու կանգնած մարդկանցից: Անկախությունը պայքարի արդյունք է եղել եւ այդ պայքարի ճանապարհին մենք մեծ կորուստներ ենք ունեցել, զոհեր ենք ունեցել: Անկախությունը միշտ պահանջում է նվիրվածություն եւ նվիրյալների կրիտիկական թիվ, որը հայ հասարակությունը տվել է»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ