Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում էր սոցիալական ապահովության պետական ծառայության 12 աշխատակիցների գործով դատաքննությունը, դատարան ներկայացած վկա Գեւորգ Թագվորյանը չփայլեց իր հիշողությամբ. նա չէր հիշում, թե իր հորեղբայրը երբ է մահացել եւ երբ է եկել Ամերիկայից իր հայրը, որպեսզի մասնակցի հորեղբոր հուղարկավորությանը: Այդ հարցի ճշտումը կարեւոր էր նրանով, որպեսզի պարզվեր, թե Հայաստանում գտնվելու ժամանակամիջոցում արդյո՞ք Թագվորյանի հայրը ստացել է իր կենսաթոշակը:
Դատավոր Մխիթար Պապոյանը ստիպված էր առաջարկել 3 տարբերակ, այն է՝ վկան պետք է զանգի հարազատներից որեւէ մեկին կամ դատարան ներկայացնի մահվան վկայականը, կամ գնա գերեզման, որտեղից պարզ կդառնա, թե երբ է մահացել հորեղբայրը: Վկան ընտրեց երրորդ տարբերակը՝ «զանգ ընկերոջը»՝ հորաքրոջը, որն ասել էր, որ մահացել է 2009թ. ապրիլին:
Այսօր դատարանը լսեց դատակոչված 8 վկաներին՝ Ռաֆիկ Հովհաննիսյանին, Գարիկ Եղիազարյանին, Հռիփսիմե Էլոյանին, Հովհաննես Նազարյանին, Հովսեփ Հարությունյանին, Հասմիկ Մնացականյանին, Գեւորգ Թագվորյանին:
Վկա Հռիփսիմե Էլոյանը տեղեկություն չուներ, թե ինչ քրեական գործով է հրավիրվել դատարան: Նա ասաց, որ 91 թվականի հունվարից ապրել է ԱՄՆ-ում՝ Գլենդել քաղաքում, Հայաստանում մինչ այդ ստացել է հիվանդության թոշակ՝ ասթմայի հետ կապված, Ամերիկա գնալուց հետո որեւէ գումար չի ստացել: 2011թ. օգոստոսից Հայաստանում է: Երբ դատավորը հարցրեց մեղադրողին եւ դատավարության մյուս կողմերին, թե էական հակասություններ կա՞ն, բոլորի փոխարեն պատասխանեց վկան՝ «էական հակասություններ չկան»:
Կարդացեք նաև
Վկաներից որեւէ մեկը չէր ճանաչում ամբաստանյալներին:
Վկա Հովհաննես Նազարյանը հոր կենսաթոշակի հետ կապված էր ներկայացել դատարան: Հայրը 2001թ.-ից ապրել է Ամերիկայում, չի վերադարձել Հայաստան, իսկ 2007-ին հոր անունով խոշոր չափի դեպոնենտացված գումար է եղել:
Մեկ այլ վկա՝ Հովհաննես Հարությունյանը, եկել էր դատարան մոր՝ Գոհար Հարությունյանի կենսաթոշակի հետ կապված: Նրա մայրն էլ 2003-ից մինչեւ 2012-ը գտնվել է Ամերիկայում: Այդ վկայի ոչ հայրը, ոչ ինքը գումար չեն ստացել: Այս վկայի մոր անունով էլ 2007թ. դեպոնենտացված խոշոր գումար է եղել: Վկան ասաց, որ երբ մայրը վերադարձել է, ստացել է 200.000 դրամ գումար:
Վկաներից մեկն էլ՝ Հասմիկ Մնացականյանն ասաց, որ Ամերիկայում գտնվող մոր՝ Մարուսյա Մանուչարյանի կենսաթոշակի հետ կապված իրեն կանչել են ոստիկանություն: Մայրը հաշվառված է եղել Քանաքեռ-Զեյթուն տարածքում: Վկան ավելին չգիտեր եւ ասաց, որ մայրը այս պահին գտնվում է դատականի նիստերի դահլիճից դուրս, սակայն դատավարության կողմերից որեւէ մեկը չցանկացավ լսել վկային լրացուցիչ դատակոչի միջնորդություն անելով, ավելին՝ այն թողեցին դատարանի հայեցողությանը: Դատարանը հենց այդ հանգամանքից ելնելով բավարարվեց այդ ցուցմունքով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ