Այսօր կառավարության նիստին որոշվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու ուղղությամբ եւ բանակցային գործընթացների համար աշխատանքային յոթ խումբ ստեղծել:
Կառավարության նիստից հետո լրագրողները էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանից հետաքրքրվեցին, թե ինչ խմբեր են եւ ինչ գործառույթներ պետք է իրականացնեն: Ըստ փոխնախարարի, ստեղծված խմբերից յուրաքանչյուրը կոնկրետ ուղղությամբ է զբաղվելու, այսպես՝ խմբերից մեկը պայմանագրի ընդհանուր դրույթներն է քննարկելու, թե ինչ իրավական ճանապարհով Հայաստանը կարող է միանալ Մաքսային միությանը, մյուս խումբը սակագնային կարգավորման հետ կապված հարցերն է քննարկելու, քանի որ Մաքսային միության սակագները տարբերվում են Հայաստանում գործող սակագներից: Մի խումբն էլ տեխնիկական կամ որակի խնդիրների կարգավորման հարցերով է զբաղվելու:
Ըստ տիկին Մինասյանի, Մաքսային միությունում ընդամենը 32 տեխնիկական կանոնակարգ է գործում, իսկ Հայաստանում դրանց թիվն ավելին է: Խմբերից մեկն էլ պետք է զբաղվի հարկային եւ մաքսային հարցերով, քանի որ Մաքսային միությունում կա մաքսային կոդեքս, որին պետք է միանա Հայաստանը:
Այս աշխատանքային խմբերից մեկն էլ զբաղվելու է Մաքսային միության ենթակառուցվածքների ուսումնասիրությամբ, մյուսն էլ՝ մրցակցության հետ կապված խնդիրներն է կարգավորելու: «Նպատակահարմար էր ստեղծել յոթ խումբ, որպեսզի ամեն մի ոլորտ մանրամասն ուսումնասիրվի եւ բացահայտվեն բոլորի խնդիրները: Միջգերատեսչական են այդ խմբերը և լրացուցիչ ծախսեր չեն ենթադրում, բացառությամբ թարգմանչական աշխատանքների, որը հանձնարարել ենք արդարադատության նախարարությանը կատարել»,- ասաց փոխնախարարը:
Կարդացեք նաև
Հարցին, թե հնարավո՞ր է, որ քննարկումներից ու հանձնաժողովների աշխատանքից հետո պարզվի, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում միանալ Մաքսային միությանը, Կարինե Մինասյանն ասաց, որ որոշումն արդեն կայացված է, եւ ըստ տիկին Մինասյանի, նախորդ տարի ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքն այն որոշումն էր, որը կայացվեց սեպտեմբերի 3-ին:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էր աշխատանքային խումբը գաղտնի աշխատում, Կարինե Մինասյանն ասաց, որ որոշումը բաց է եղել, ամեն այցի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել լրատվամիջոցներին:
Փոխնախարարի ներկայացմամբ՝ «Ես կարծում եմ, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Եվրամիության հետ համագործակցությունը հնարավոր է եւ դա շարունակվելու է: Մենք պետք է ուղղակի այնպես անենք, որ մեր համագործակցությունները երկու ուղղությամբ չհակասեն մեկը մյուսին: Ես համոզմունք ունեմ, որ Մաքսային միությանը միանալն այսօրվա դրությամբ շատ ավելի ճիշտ է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
“Մաքսային միությանը միանալն այսօրվա դրությամբ շատ ավելի ճիշտ է” քան ինչը՞: Գոնե պատկերացնում ե՞ք: