Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պարտադրանքը պարտադրանք չէ, ճնշումն էլ չի կարող ճնշում լինել

Սեպտեմբեր 19,2013 14:22

Լավ կլիներ, որ որոշ գործիչներ, լրագրողի լեզուն կտրելու փոխարեն, երբեմն իրենք լեզուներն իրենց  քաշեն

Ես, անկեղծ ասած, խորը քաղաքական վերլուծություններ անել չգիտեմ: Դե, իմը չի դա, կուզեք հանձնեք մեր հարազատ ոստիկանությանը՝ իրենց հայտնի բոլոր մեթոդներով  կտտանքների ենթարկելու, մեկ է՝ ես չեմ կարողանում իմ որոշ բարեկամ լրագրողների կամ քաղաքական վերլուծաբանների նման կռահել, թե առավոտյան մարզանքի ժամանակ Բարաք Օբամայի արտասանած «օդը մի տեսակ սառն է այսօր» արտահայտությունն ինչ ազդեցություն կունենա Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունների վրա, եւ չեմ կարողանում դրանից եզրակացնել, որ այդպիսով Օբաման ու Պուտինը (որը նույն օրվա առավոտյան ձյուդոյի պարապմունքի ժամանակ ընդգծել էր տատամիի կոշտությունը) մեսիջներ են փոխանակում աշխարհի բաժանման մասին, եւ թե՝ հենց դրանով է պայմանավորված, որ Պուտինի ձեռքերն ազատագրվեցին, ու նա Սերժ Սարգսյանին Մաքսային միություն մտնելու մասին հայտարարություն անել պարտադրեց:

Մի խոսքով՝ ես առավել մեծ հաճույքով հետեւում եմ նույն քաղաքական վերլուծաբանների եւ մանավանդ քաղաքական գործիչների (ամեն անգամ այս երկու եզրույթն օգտագործելիս ճաղատիս հատուկենտ մազերը զարմանքից բիզ-բիզ են կանգնում) մտքի թռիչքներին, եւ չեք պատկերացնի, թե հաճախ ինչ բավականություն եմ ստանում:

Այ, օրինակ, անցած շաբաթ խիստ ուշագրավ արտահայտություն արեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Ես զարմանում եմ, որ դուք մտածում եք, որ հանրապետության նախագահը մի քայլ կանի, որ չի բխի իշխանության շահերից» (մեջբերված է ըստ tert.am կայքի. https://www.tert.am/am/news/2013/09/12/hovik-Abrahamyan/): Չարակամներն, իհարկե, կասեն, թե սա լեզվի սայթաքում էր: Բայց մենք հո գիտե՞նք՝ Հովիկ Աբրահամյանը երբեք սայթաքումներ չի ունենում: Անգամ լեզվի: Անգամ մանուկ ժամանակ, երբ, ինչպես ինքն է մի անգամ խոստովանել, բոլոր դարակները պտռում էր՝ կոնֆետ գտնելու հույսով, մեկ է՝ չի սայթաքել: Նա միշտ շիտակ է՝ իր քայլքում եւ խոսքում: Եվ հիմա ես էլ զարմանում եմ, որ պրն Աբրահամյանն այդքան վատ կարծիքի է մեր մասին. իհարկե, մենք էլ գիտենք, որ Սերժ Սարգսյանի քայլերը բխում են ոչ թե պետության, այլ իշխանության շահերից…

Էլ ավելի հետաքրքիր էր նույն գործչի հետեւյալ հանճարեղ արտահայտությունը՝ ի արձագանք ԵՄ ներկայացուցիչների այն պնդումների, թե Մաքսային միություն մտնելու համար Ռուսաստանի կողմից ճնշումներ են եղել (մեջբերում՝ նույն տեղից). «Ես որեւէ ճնշման ներկա չեմ եղել…»: Բա, իհարկե, առանց իր ներկայության անգամ ճանճը չի տզզում (խոսքս «Մի կաթիլ մեղրի» այն ճանճի մասին չէ, որի վրա թռավ կատուն…): Առանց պրն Աբրահամյանի որեւէ, անգամ մթնոլորտային ճնշում, որ կարծեմ հավասար է  760 մմ սնդիկի սյան, չի կարող լինել: Ինքը ներկա չի եղել նաեւ որեւէ ընտրախախտման, ուստի Հայաստանում փայլուն ընտրություններ են եղել… Ճիշտ տրամաբանություն է: Դե, մենք էլ՝ միլիոնավոր հայաստանցիներս, ներկա չենք եղել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը: Ուրեմն այդ՝ միանգամայն ճիշտ տրամաբանությամբ, իրավունք ունենք հայտարարելու, որ չի եղել, ախպեր, չի եղել էդ երդմնակալությունը…

Նույն թեմայով էլ ավելի ուշագրավ միտք է արտահայտել իշխող կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Մկրտիչ Մինասյանը. «Այնպես չի, որ պարտադրանքը մեզ համար դարձել է պարտադրանք…» (տե՛ս ): Այ ձեր ցավը տանեմ, մարդը ճիշտ է ասում, էլի, պարտադրանքը ո՞նց կարող է դառնալ պարտադրանք, այն կարող է դառնալ աղաչանք-պաղատանք, ծայրահեղ դեպքում՝ խնդրանք… Մի խոսքով՝ Պուտինը ոչ թե պարտադրել է, այլ աղաչել-պաղատել-խնդրել է, որ Սերժ Սարգսյանը ինքնապարտադրվի: Դժվա՞ր է էս հասարակ բանը հասկանալ…

Մկրտիչ Մինասյանի չպարտադրված պարտադրանքի տեսությունից դեռ գլուխ չէի հանել, մեկ էլ, ինչպես կասեր հարեւանիս երեքամյա տղան՝ դըդըդըդըըըըըըըըըըմ.  ՀՀԿ-ի կարծես թե ինտելեկտուալ թեւը ներկայացնող Հովհաննես Սահակյանի հարցազրույցը «Առավոտին»: Երդվում եմ մորուքովս, այն, ինչ հիմա կմեջբերեմ, ինձնից չեմ հորինել: Դա հրապարակված է այստեղ: Խոստովանում եմ, սկզբում ինքս էլ չհավատացի, սառը ջրով լվացվեցի՝ համոզվելու համար, որ սխալ չեմ կարդացել եւ չեմ գժվել… Չէ, իսկապես չեմ գժվել, հենց այդպես էլ գրված է, այսինքն՝ հենց այդպես էլ ասել է Հովհաննես Սահակյանը, մեջբերում եմ. «Այն ամենը, ինչը որ մինչեւ վերջ վերջնական փուլով չի իրականանում, ես հակված եմ մտածելու, որ դեռեւս տեղ կա ինչ-որ մի բան, լավ կամ վատ առումներով, այնպես չլինելու»:  Խնդրում եմ, շատ եմ խնդրում. բոլոր նրանք, ովքեր այս «նախադասությունը» հանկարծ, հեռու տնից-տեղից, կմարսեն, անպայման վրայից մի բաժակ օղի թող խմեն՝ դեզինֆեկցիայի համար. դե մարդ ես, ինչ ասես կարող է պատահել…

Մեր նախորդ հրապարակումից հետո անցած մեկ շաբաթվա ընթացքում դարձյալ աչքի ընկավ կարկառուն եւս մի հանրապետական գործիչ: Չէ, չկռահեցիք, խոսքս էս անգամ իմ ամենասիրելի հերոսի՝ Էդվարդ Շարմազանովի մասին չէ: Դե, իհարկե՝ «բլատնոյ» Գալուստ Սահակյանը: Եվ աչքի ընկավ լրագրողի լեզուն կտրելու սպառնալիքով (տե՛ս ): Թույլ տվեք մեջբերում չանեմ, պարզապես ուզում եմ ասել. կհորդորեմ (տեսնո՞ւմ եք՝ չեմ պարտադրում, չեմ ճնշում, ընդամենը հորդորում եմ) որոշ գործիչների՝ լրագրողի լեզուն կտրելու փոխարեն, երբեմն իրե՛նք լեզուներն իրենց  քաշեն: Էդպես, իհարկե, կյանքը հասարակ մահկանացուներիս համար անհետաքրքիր կդառնա, սակայն իրե՛նք ապահովագրված կլինեն ինձ նման համեստ գրիչների հեգնանքին արժանանալու վտանգից:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Ճիշտ մոտեցում է: Պետք է ծաղրի ենթարկվի տգիտությունն առհասարակ, իսկ սրանց տգիտությունը մարտնչող տգիտություն է: Գուցե դրանից հետո մի միտք արտահայտելուց առաջ գոնե մի երկու վայրկյան մտածեն, նախքան այն արտասանելը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30