Լրահոս
Օրվա լրահոսը

«Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը մեր ժամանակի խոշորագույն քաղաքական գործիչ է»

Սեպտեմբեր 19,2013 14:15

Իսկ Եվրասիական միության ստեղծումը «ամբիցիոզ նախագիծ է»՝ դեռ անցյալ տարի ասում էր ԲՀԿ նախագահը

Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ քաղաքական այն ուժերը, որոնց դիրքորոշումն առանց այն էլ պարզ էր դեռ վաղուց, աննախադեպ ամոթխածություն են սկսել դրսեւորել իրենց՝ մի ժամանակ միանշանակ արտահայտած տեսակետը կրկնելու հարցում: Հավանաբար, դրա համար նրանք ունեն պատճառներ, օրինակ՝ վերջին շրջանում հասարակական ոչ այնքան դրական տրամադրությունները Մոսկվայի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության առնչությամբ, կամ, թերեւս, սեպտեմբերի 3-ի հայտնի որոշման մասին հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանի հետ չնույնացվելու վտանգը:

168.amը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվել է, թե Գ. Ծառուկյանը կո՞ղմ է Մաքսային միությանը անդամագրվելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների որոշմանը: Ի. Տոնոյանը նշել էր, թե դեռ վաղ է խոսել Մաքսային միություն մտնելու մասին, քանի որ առայժմ հնչել է միայն Հայաստանի ցանկության մասին, որը իրականություն դառնալու համար մեծ ընթացակարգ պետք է անցնի: «Մեր խորին համոզմամբ՝ Հայաստանում շատ քիչ մարդ գիտի, ավելին` ոչ մեկն էլ չգիտի` ինչ ասել է Մաքսային միությանը անդամագրվել: Ըստ այդմ` կողմ եւ դեմ լինելու մասին խոսելը ավելորդ է: Երբ կանցնենք ճանապարհի գոնե մի մասը, երբ գոնե «մոտավորապես»-ով ուրվագծված կլինեն անդամակցության հետեւանքները, հնարավոր կլինի առավել առարկայական գնահատականներ հնչեցնել»:

Հետաքրքրականն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ Եվրասիական ինտեգրացիոն ծրագրերի վերաբերյալ ԲՀԿ-ն, առանց «ժամանակի քննության» մասին մտորելու, միանշանակ է արտահայտվել, ընդ որում՝ ոչ մեկ անգամ: Այն ժամանակ չէր ասվում, թե՝ «կողմ եւ դեմ լինելու մասին խոսելը ավելորդ է»:

Վերհիշենք ԲՀԿ-ի դիրքորոշումը՝ ըստ ժամանակագրության

2012թ. ապրիլի 07-08 համարում ռուսական «Российская Федерация сегодня» ամսագիրը, որը ՌԴ Դաշնային Ժողովի հասարակական-քաղաքական ամսագիրն է, ծավալուն հարցազրույց էր հրապարակել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նրան այսպիսի հարց էին ուղղել՝ մայիսի 7-ին տեղի կունենա ՌԴ ընտրված նախագահի ինաուգուրացիան, ինչպե՞ս կանդրադառնա Վլադիմիր Պուտինի վերադարձը ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման վրա: Ծառուկյանը պատասխանել էր. «Ես միշտ ասել եմ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը մեր ժամանակի խոշորագույն քաղաքական գործիչ է, որի ակտիվում են 90-ականների ճգնաժամից ՌԴ-ն դուրս բերելը, ռուսաստանյան հասարակության կենսամակարդակի բարձրացումը, չեչենական պատերազմը հաջողությամբ ավարտելը եւ ՌԴ-ն ժամանակակից բազմաբեւեռ աշխարհի բեւեռներից մեկը դարձնելը: Համոզված եմ, որ ՌԴ նախագահի պաշտոնում նա մեծ ուշադրություն կդարձնի նաեւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցերին: Վլադիմիր Պուտինը հիանալի գիտի Հարավային Կովկասը եւ մասնավորապես՝ Հայաստանը: Եվ այսօր մենք հույս ունենք ականատեսներն ու մասնակիցները դառնալու նոր մեծ նախաձեռնությունների` ի փառս ռուս եւ հայ ժողովուրդների… Մենք նաեւ պաշտպանում ենք նրա գաղափարը Եվրասիական միության ստեղծման վերաբերյալ եւ արտահայտում ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու հանուն այդ գաղափարը կյանքի կոչելու»:

2012թ. ապրիլի 26-ին «Российская газета»-ին տված հարցազրույցում Ծառուկյանը հայտարարել է. «Այո, ես աջակցում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գաղափարը: ՌԴ-ն, Բելառուսը եւ Ղազախստանը արդեն ստեղծել են Եվրասիական տնտեսական միությունը, եւ այդ միջազգային միավորումը կոչված է բացահայտելու իր անդամների տնտեսական ողջ ներուժը: Հետխորհրդային ողջ տարածքում Եվրասիական միության ինտեգրացիոն նոր ֆորմատի ստեղծումը ամբիցիոզ նախագիծ է, քանի որ այն վերաբերում է ոչ միայն տնտեսությանը, այլեւ փոխգործակցության այլ ուղղությունների»:

Անցյալ տարի հուլիսի 18-ին «Ազատություն» ռադիոկայանին ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտնել էր, որ ԲՀԿ-ն ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնությունը: Ուրիխանյանը վկայակոչել էր Հավաքական անվտանգության, Միասնական տնտեսական տարածքի մասին եւ նման այլ պայմանագրերը, որոնք, ըստ ԲՀԿ մամուլի խոսնակի, Եվրասիական միությանն անդամակցելու հիմք են Հայաստանի համար:

Անցյալ տարի օգոստոսի վերջին Ծաղկաձորում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո մեկնարկեց «Երիտասարդ Եվրասիա» միջազգային նորարարական ֆորումը, որին մասնակցեցին 15 երկրներից ավելի քան 600 երիտասարդներ: Երիտասարդներին մեկ հյուրընկալ հարկի ներքո էր համախմբել ավելի պայծառ ու լուսավոր ապագա կերտելու ցանկությունը: Երիտասարդներին փոխանցվեց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ողջույնի խոսքը՝ այս շեշտադրմամբ. «Այս միջոցառումը լուրջ քայլ է՝ Եվրասիական ինտեգրացիայի ճանապարհին»:

Իր խոսքում ԲՀԿ նախագահը Ծաղկաձորում նշել էր. «Որպեսզի Եվրասիական միության ստեղծումն ու զարգացումը իրականություն դառնան՝ անհրաժեշտ է երիտասարդության ամենալայն շրջանակների ներգրավումը: Հենց այդ պատճառով ենք մենք այսպիսի մեծ նշանակություն տալիս նրանց ակտիվ ներգրավմանը հասարակական-քաղաքական կյանքին»:

Հայաստանյան որեւէ քաղաքական ուժ այսքան միանշանակ իր դիրքորոշումը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գաղափարն աջակցելու առումով, չի արտահայտել, այնպես որ՝ այս օրերին դրսեւորվող չպատճառաբանված համեստությունը այնքան էլ տեղին չէ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30