Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խմելու ջուրը տեխնիկական են դարձրել, որ իրենց ջրեղե՞նը վաճառեն

Սեպտեմբեր 19,2013 13:59

Axbyur-2 Axbyur-1 Axbyur-3Տարիներ ի վեր Երեւան-Սեւան ճանապարհին գտնվող աղբյուրից (լուսանկարում) մարդիկ ջուր են խմել: Դեռ խորհրդային տարիներին էլ այդ ճանապարհով դեպի Կոտայքի, Տավուշի մարզեր գնացող ավտոմեքենաներն այդ աղբյուրի մոտ կանգ էին առնում եւ սառնորակ ջրից օգտվում: Նոր բարեկարգված աղբյուրը Երեւանից գնալիս գտնվում է հայտնի «չայնիի» ոլորաններից առաջ՝ Ջրաբեր համայնքի մոտակայքում: Վերջերս այդ աղբյուրի պատին մեծ-մեծ տառերով ցուցանակ է հայտնվել՝ «Տեխնիկական ջուր. պիտանի չէ խմելու»:

Աղբյուրի պատին այդպիսի բովանդակությամբ ցուցանակ հայտնվելուց հետո մարդիկ այլեւս խուսափում են օգտվել աղբյուրի ջրից, այն օգտագործում են միայն տեխնիկական նպատակներով՝ «տաքացած» ավտոմեքենաները հովացնում են, լվացվում, սնունդ լվանում եւ այլն:

Երեկ ողջ օրվա ընթացքում փորձեցինք տարբեր կառույցներից պարզել՝ այդ աղբյուրի ջուրն իրականում խմելո՞ւ է, թե՞ ոչ: Կասկածներ կան, որ ցուցանակը փակցվել է անմիջապես հարեւանությամբ գործող օբյեկտի բիզնեսին զարկ տալու նպատակով: Ուտել-խմելու օբյեկտին կից վաճառվում են հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, նաեւ ջուր: Ցուցանակի առկայությունը ծարավ մարդկանց ստիպում է ջուրը գնել այդ օբյեկտից:

«Առավոտի» հարցին ի պատասխան՝ «ՀայՋրմուղ» ընկերությունից պատասխանեցին, որ նշյալ աղբյուրն իրենցը չէ, եւ որ իրենք չեն կարող ասել, թե այդ աղբյուրից ինչ որակի ջուր է գալիս:

Նկատենք, որ ջրի՝ խմելու լինելու մասին «պաշտոնապես» հավաստում է նաեւ աղբյուրց մոտ 30 մետր առաջ գտնվող ճանապարհային նշանը, որի վրա պատկերված է ծորակից եկող ջուր: Այն ճանապարհային երթեւեկության սպասարկման նշաններից մեկն է: Ըստ ճանապարհային երթեւեկության նշանների՝ այդ պատկերը նշանակում է, որ մոտակայքում խմելու ջրի աղբյուր կա: Ճանապարհային երթեւեկության ոլորտի մասնագետի մեկնաբանմամբ՝ ծորակով նշանը վկայում է բացառապես խմելու ջրի մասին, տեխնիկական ջրի պարագայում նշանի վրա պատկերված է լինում ցնցուղ, ինչը ավտոմեքենաների վարորդներին հուշում է, որ մերձակայքում ասենք՝ ավտոլվացման կետ կամ տեխնիկական ջրին առնչվող մեկ այլ ծառայություն կա:

Այդպիսի նշանները կարող են տեղադրվել տարածքային կառավարման մարմինների, ծառայություն մատուցող այս կամ այն ընկերության, սովորական քաղաքացու հորդորով, բայց միմիայն «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից, որի պատասխանատուները նշանի տեղադրման նպատակահարմարությունը պարտադիր քննարկում են Ճանապարհային ոստիկանության հետ: Այս կառույցի համաձայնությունը ստանալուց հետո միայն ՊՈԱԿ-ը կարող է տեղադրել կամ հանել ճանապարհային երթեւեկության սպասարկման այս կամ այն նշանը: Ի դեպ, այդ նշանների հիմնավորումը օրենսդրորեն կարգավորվում է, եւ յուրաքանչյուր նշան ունի, այսպես ասած, իր «մանդատը», որը համաձայնեցված է մի քանի կազմակերպությունների հետ:

Նշանը հանելու համար կրկին անհրաժեշտ է Ճանապարհային ոստիկանության համաձայնությունը. առանց այդ թույլտվության նշանը հանողը վարչական տուգանքի կենթարկվի՝ 50 հազար դրամով:

Կոտայքի մարզպետարանից նույնպես չկարողացան ասել՝ իրենց մարզի ճանապարհի աղբյուրի ջուրը խմելո՞ւ է, թե՞ ոչ: Մարզպետարանի Քաղաքաշինության վարչության բնակարանային եւ ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Արշավիր Խաչատրյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ջուրը տեխնիկական օգտագործման է, քանի որ ջրամատակարար ընկերությունը հենց այնպես գումարները չէր վատնի՝ «ջուրը հենց այդպես գիշեր-ցերեկ բաց թողնելով»:

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է տեխնիկական ջրի համար խմելու ջրի մասին հավաստող ճանապարհային նշան տեղադրված, պարոն Խաչատրյանը դժվարացավ պատասխանել:

Ստացվում է՝ կամ նշանը տեղադրող իրավասու մարմիններն են քաղաքացիներին ապակողմնորոշում եւ նշանով սխալ տեղեկատվություն մատուցում, կամ ջուրն իսկապես խմելու է, բայց հարեւանությամբ գործող օբյեկտի տերերը ինքնակամ փակցնելով ցուցանակը՝  «հայավարի» քայլ են արել, որպեսզի մարդիկ ստիպված լինեն «ջրեղենն» իրենցից գնել՝ մտածելով, որ ճանապարհային այս նշանը դժվար թե անցորդներին ինչ-որ բան հուշի:

 ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Հարգելի Լուսինե, որպես քաղաքացի շատ շնորհակալ կլինեմ Ձեզ, եթե Ձեր լրագրողական հետազոտությունը մինչև վերջ հասցնեք: Այսինքն կամ պատկան մարմիններից գրավոր պատասխան ստանաք, որ սա իրականում տեխնիկական նպատակների համար օգտագործվող ջուր է, կամ էլ հասնեք նրան, որ համապատասխան մարմինները հանեն այդ գրությունը: Ամբողջ աշխարհում լրագրողական հետազոտությունների նշանակությունը շատ ավելին է , քան զուտ տեղեկատվական բնույթի նյութ տրամադրելը: Նման հետազոտությունների հիման վրա պաշտոնանկ են արվում բարձրաստիճան պաշտոնյաներ: Մեզ մոտ կես ճանապարհից ամեն ինչ մոռացվում է ու ամեն ինչ մնում է նույն ծուռը ու սխալը…Հուսամ շուտով կտեղեկանանք այս նյութի վերաբերյալ Ձեր հետազոտության վերջնական արդյունքների մասին:

  2. Հարգելի Փիրուզ, դուք ճիշտ եք, նյութն ավելի շատ տեղեկատվական բնույթի էր, քանի որ որոնումների արդյունքում, առայժմ չի հաջողվել պարզել՝ ով է այդ ջրի մատակարարը: Սակայն նշեմ, որ առաջիկայում մտադիր ենք այդ ջուրը փորձաքննության տալ, որպեսզի ինքներս պարզենք ջուրը խմելո՞ւ է, թե նախատեսված՝ տեխնիկական նպատակներով օգտագործելու համար:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30