Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպահայերը Հայաստանի ճակատագրի հանդեպ անտարբե՞ր են

Սեպտեմբեր 19,2013 13:50

ՀՀ սփյուռքի նախարարությունը հարցմանը պատասխանեց օրենքի խախտմամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է դառնալ Մաքսային միության անդամ, իսկ ՀՀ  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ասաց, որ Եվրոպայի հետ կհամագործակցենք այնքանով, որքանով Մաքսային միության մեր պարտավորություններին չենք հակասի:  Հայտնի է, որ հայկական համայնքներ կան թե՛ Մաքսային միության ջատագով Ռուսաստանում, թե՛ Եվրամիության անդամ եւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կողմնակից Ֆրանսիա, Գերմանիա, Չեխիա, Բուլղարիա, Լեհաստան եւ այլ երկրներում: Սա նկատի ունենալով՝ սեպտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությանը գրավոր հարցում ուղարկեցինք՝ տեղեկանալու համար, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո եվրոպական հայկական համայնքներից (Ֆրանսիա, Գերմանիա, Չեխիա, Բուլղարիա, Լեհաստան եւ այլն) որեւէ արձագանք կա՞, եթե կան ոգեւորված արձագանքներ՝ ո՞ր համայնքներն են ու տեղի հայկական կազմակերպությունները, եթե կան հիասթափված համայնքներ` ո՞ր համայնքներն ու տեղի հայկական կազմակերպությունները:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի փոխարեն՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը պատասխանեց հարցումը ստանալուց 7 օր անց: Ըստ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի՝ «Եվրոպայի հայ համայնքները սփյուռքի նախարարության հետ համագործակցում են բնական ձեւով եւ Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը անդամակցելու ՀՀ նախագահի որոշման հետ կապված որեւէ հայտարարությամբ կամ նամակով հանդես չեն եկել, մեր առջեւ որեւէ հարց չեն բարձրացրել: Սփյուռքի նախարարության եւ Եվրոպայի հայ համայնքների հետ աշխատանքները ընթանում են դինամիկ, մշտապես նրանց հետ պահպանվում է կապը, եւ համայնքների աշխատանքներից միշտ իրազեկված ենք լինում»:

Մեր հարցումից դուրս՝ Ֆիրդուս Զաքարյանը հարկ է համարել նկատել, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հրավեր է ստացել մասնակցելու հոկտեմբերի 14-15-ին Բրյուսելում տեղի ունենալիք եվրոպահայության երրորդ համագումարին, իսկ Բեռլինի հայերը նախարարին հրավիրել են մասնակցելու քաղաքի հայ համայնքի 90-ամյա հոբելյանական միջոցառմանը: Ըստ Զաքարյանի՝ սեպտեմբերի 19-22-ը անցկացվող հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցների 1/3-ը Եվրոպայից է, իսկ Սփյուռքի նախարարության հնգամյա տոնակատարությանը մասնակցելու ցանկություն են հայտնել Եվրոպայի տարբեր երկրների հայ համայնքներ: Թե ինչպես է ստացվում, որ եվրոպահայերի 1/3-ը մասնակցում է հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովին, իսկ ԵՄ, թե ՄՄ հարցում անտարբեր է՝ Ֆիրդուս Զաքարյանը լռել է:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Տպավորություն ունեմ, որ սփյուռքի նախարարությունում միայն նախարարն է աշխատում: Անցած 5 տարում երեք մամուլի քարտուղար են փոխել, լրատվական վարչության երեք պետ են փոխել…. Վստահ եմ, Հրանուշ Հակոբյանը ավելի լավ կաշխատի եթե մի 7-10 հոգանոց աշխատակազմ ունենա` անպորտֆել նախարար լինի.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30