Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ժամանակը

Սեպտեմբեր 19,2013 13:40

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայաստանի Անկախության օրվա վրա կարծեք անեծք կա, որն իր ողջ զորությամբ ի հայտ է գալիս սեպտեմբերի  21-ին նախորդող ժամանակահատվածում արդեն մի քանի տարի շարունակ: Սակայն Հայաստանում քաղաքական իրողություններն ավելի զորեղ են ու արագահաս, քան ճակատագրական անեծքը:  Ի վերջո, դրանք՝ թե՛ քաղաքականությունը, թե՛ անեծքը, Հայաստանում նույն հետեւանքներին են հանգեցնում. տվյալ դեպքում դրանք խեղդամահ են անում Հայաստանի անկախությունը: 2010թ. օգոստոսի 20-ին՝ ՀՀ Անկախության Հռչակագրի 20-ամյա տարելիցից 3 օր առաջ, ՌԴ նախկին նախագահ Դ. Մեդվեդեւի` Երեւան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց երկկողմ թիվ 5 Արձանագրությունը, որով Հայաստանում ռուսական ռազմահենակետերի տեղակայման

ժամկետը երկարաձգվեց 49 տարի: 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլ. Պուտինի

կարծր հայացքի ուղեկցությամբ հայտարարեց Մոսկվայի աղմկահարույց նախաձեռնությանը՝

Մաքսային միությանը միանալու՝ Երեւանի պատրաստակամության մասին՝

դրանով իսկ Հայաստանի հնամաշ սայլը կրկին կապելով ռուսական հոգնատանջ ձիուն:

Տասնութ օր հետո՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձն էր:

Հայաստանում սկսվել էր Ռուսաստանի ժամանակը:

1. Գնացքի տակ

նետվելու ժամանակը

Հայ հասարակական-քաղաքական միտքը հայ-ռուսական հարաբերությունների շուրջ երբեւէ հասարակական մեծ համաձայնության՝ կոնսենսուսի չի հանգել: Ավելի ճիշտ՝ նման համաձայնություն որոնելու կարիք առանձնապես չի էլ առաջացել մի քանի պատճառներով՝

1. հայկական միջավայրում անվերջ ձեւավորվել եւ արմատավորվել են քաղաքական միֆեր, կարծրատիպեր, համաձայն որոնց՝ ա. հավերժորեն թեժ այս տարածաշրջանում Ռուսաստանն է Հայաստանի ֆիզիկական գոյության, անվտանգության միակ երաշխավորը, բ. Հայաստանը փոքր է, նրան թույլ չեն տա ինքնուրույն որոշումներ կայացնել, ուստի գերադասելի է, որ «հիմնական խաղացողներից», «ուժային կենտրոններից», «գերտերություններից» Ռուսաստանը հանդես գա Հայաստանի անունից, գ. Ռուսաստանին չի կարելի վրդովեցնել, հակառակ դեպքում ռուսական արջը կարթնանա եւ կբզկտի Հայաստանը:

2. թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում «հավերժ Ռուսաստանի հետ» մտածելակերպը բացարձակ գերիշխող է. եւ հասարակական համաձայնություն որոնելիս ոչ ոք չի հարցնում բացարձակ փոքրամասնության կարծիքը, որն ընդամենը փոքր խզում է առաջացնում հասարակական անթերի եւ մեծ համաձայնության հանգելու համար:

3. նմանօրինակ մտածելակերպի գերիշխանության պայմաններում ետխորհրդային Հայաստանում քաղաքական իշխանությունը վերցնում եւ այն պահպանում են այն գործիչները, որոնք առնվազն չեն հակադրվում այդ քաղաքականությանը, իսկ, որպես կանոն, կենսագործում են այն: Իրավիճակն ավելի է բարդանում  այն պատճառով, որ այդ մտածելակերպի գերին է ոչ միայն օրվա իշխանությունը, այլեւ ավանդական ընդդիմությունը: Հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության մեջ  պատմաքաղաքական այս իրողությունից եւ մտածելակերպից միայն մեկ անգամ է շեղում եղել՝ ղարաբաղյան Շարժման տարիներին, սակայն հայ ժողովուրդը պատմության այդ էջը շրջել է:

Ըստ այդմ` համազգային նմանօրինակ մտածելակերպին հակադրվելը դառնում է «ի խորոց սրտի խոսք ընդ Աստծո», թե ինչո՞ւ է Բարձրյալը «հայի վերջին խելքը» նետում մեզ իբրեւ փրկօղակ:

Սակայն վերադառնանք քաղաքականությանը: Հայաստանի քաղաքական ժամացույցն անվերջ ետ է պտտվում, եւ գնացքից թռչելու ժամանակը նախ փոխվում է գնացք նստելու ժամանակի, ապա (այժմ արդեն)՝ գնացքի տակ նետվելու ժամանակի: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հենց այդպես էլ մեր սիրելի հայրենիքը տանում է քաղաքական ինքնասպանության: Անձին ինքնասպանությունից ետ պահելն աստվածահաճո գործ է, եթե ճիշտ պահին հայտնվես ինքնասպանության գնացողի կողքին, սակայն Հայաստանին քաղաքական ինքնասպանությունից ետ պահելն անհնար է, քանի որ չգիտես, թե ե՞րբ, որտե՞ղ է Սերժ Սարգսյանը ստորագրելու տարաբնույթ արձանագրությունները՝ Ռուսաստանի, Թուրքիայի, թե մեկ այլ պետության հետ:

Չնայած այն հանգամանքին, որ հայաստանյան տարանուն ընդդիմությունը սեփական անզորությամբ քողարկված՝ շարունակ պնդում է, որ Հայաստանի ներքին քաղաքականությունը կապ չունի արտաքին քաղաքականության հետ, որ Հայաստանն անմասն է իր ճակատագրի համար որոշումներ կայացնելուց, ակնհայտ է, որ ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները սերտորեն կապված են ներքաղաքական զարգացումների հետ: Ավելին՝ դրանք երբեւէ այսքան ներդաշնակ չեն զարգացել, որքան հիմա: Ի վերջո՝ ի՞նչն է մղել Երեւանին «Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն» երկընտրանքից ընտրել Մաքսային միությունը: Եթե արտաքին քաղաքականության ոլորտում դրա պատճառները երկու խնդիրների առկայությունն է՝ հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտությունը, ապա ներքաղաքական ոլորտում դրանք մեծաթիվ են եւ վճռորոշ դեր են կատարել Մաքսային միությունն ընտրելու՝ Երեւանի որոշման համար: Դրանք են՝ – վերջին մեկ տարվա կեղծված ընտրությունները, – սահմանադրական արդարադատության իսպառ բացակայությունը, – հայկական զինված ուժերում տիրող արատավոր բարքերն ու մթնոլորտը, – կաշառակերության եւ պետական կոռուպցիայի բարձր մակարդակը, – պետական բյուջեի պարբերական մսխումը, – սոցիալական անարդարությունը եւ բողոքի չմարող օջախները, -արտագաղթի ծավալների աննախադեպ աճը:

Պետության եւ հասարակության հիմքերը քայքայող այսօրինակ իրավիճակը փոխելու` Սերժ Սարգսյանի անկարողությունը (լավագույն դեպքում), իսկ իրականում` այն պահպանելու ձգտումը, որպես հետեւանք` պետության թուլությունն ու խոցելիությունը հայ-ռուսական միջպետական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության դերը, ազդեցությունն ու նշանակությունը հասցրել են  Ռուսաստանի «Կալինինգրադի մարզի» կարգավիճակի: Երբ ՌԴ նախագահի խորհրդականը հրապարակայնորեն նետեց դա Հայաստանի երեսին, պաշտոնական Երեւանի կողմից որեւէ արձագանք չեղավ: Մինչդեռ: Երբ ծաղկավոր խալաթ հագցրած մոսկվաբնակ հայ վարորդի  արժանապատվության փրկությունը կարճ ժամանակում վերածվեց հայոց համազգային խնդրի, քչերը տարակուսեցին, թե ինչու Ռուսաստանում այլատյացության հողի վրա տարիներ շարունակ հայերի սպանություններին չարձագանքող, սեփական երկրում իր քաղաքացիների խնդիրներին անհաղորդ Հայաստանի պետությունը մեկեն սկսեց զբաղվել հայ վարորդի փրկությամբ՝ կասկածի տակ դնելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների որակը: Ներհայաստանյան քաղաքական իրողությունները վկայում են, որ անգամ ՀՀ միջպետական հարաբերությունների ապագան է հնարավոր դիտարկել վերոնշյալ պատճառների համատեքստում: Հասարակական կարծիքի եւ գիտակցության ուղղորդման պատճառը մոսկվաբնակ հայ վարորդի կնոջ ազգակցական կապն էր Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Սերժ Սարգսյանը, սակայն, հայ-ռուսական հարաբերությունների հետագա ճակատագիրը չհանձնեց կնոջը, այլ շարունակեց դրանցով զբաղվել անձամբ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վերահսկողությամբ: Ֆրանսիայում ՀՀ նախկին երկարամյա դեսպան Էդ. Նալբանդյանը Հայաստանի շահը միշտ որոնել է ռուսական քաղաքականության ուղեծրում, կամ, ավելի ճիշտ՝ Հայաստանի շահն ածանցել է Ռուսաստանի շահերից:

Այդպես եւ հարմար էր, եւ ձեռնտու: Այդպես հարմար էր եւ ձեռնտու թե երեկ, թե այսօր: Հայաստանի անկախացումից մի քանի տարի անց, դեռեւս 1995 թ. մարտին, Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածում, հայ-ռուսական Մեծ պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը դեպի Հայաստան մեծ վերադարձի առաջին կարեւոր քայլն արեց: Այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական կյանքում առաջին լուրջ ձախողումներն էր արձանագրում: Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքում Ռուսաստանի մխրճվելն ընդամենը ժամանակի խնդիր էր: Այն էլ` կարճ ժամանակի: Տեր-Պետրոսյանի հաջորդը` Ռոբերտ Քոչարյանը, նախաձեռնեց Մոսկվայի` Հայաստան վերադարձի տնտեսական մեծ շարժումը` «գույք պարտքի դիմաց» անվամբ` Ռուսաստանին հանձնելով ՀՀ տնտեսական լծակները: Հայաստանի պաշտպանական, ռազմական, ապա եւ` քաղաքական լծակները Ռուսաստանին հանձնելու գործը դրվեց Քոչարյանի հաջորդի` Սերժ Սարգսյանի վրա, ով իր նախորդների քաղաքականության նվիրյալ ժառանգորդն էր, ով էլ նախ ստորագրեց թիվ 5 արձանագրությունը, ապա հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մասին: Հայաստանի անկախության գաղափարախոսները ոչ թե պարզապես լռում էին, այլեւ իրենք էին լծվել Սերժ Սարգսյանի քաղաքական ուղեգիծը պաշտպանելու սուրբ գործին:

Հողը հերկված էր եւ պարարտ. ռուսական քաղաքականության սերմերը առատ  բերք էին տվել, իսկ հայկական քաղաքական մտքի մացառները ծածկել էին Հայաստանի քաղաքական հաղորդակցության այլ ուղիները: Ժամանակն էր. կարելի էր սառնասրտորեն եւ առանց ինքնատանջման Հայաստանը նետել ռուսական գնացքի տակ:

2. Եվրոպային 

սփոփելու ժամանակը

Մաքսային միությանն անդամակցելու` Երեւանի որոշումը հունից հանեց Եվրոպային: Հայաստանը մերժել էր եվրոպական մեծ քաղաքակրթությանը, արժեքներին, տնտեսությանը միանալու եվրոպական առաջարկը: «Շրջադարձ 180 աստիճանով: Կարծում եմ` Հայաստանը խզում է Եվրամիության հետ բանակցությունները ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագրի շուրջ, փոխարենը անդամակցում է Ռուսաստանին: Հայաստանը չորս տարի բանակցել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար: Այժմ նախագահը Կրմելը նախընտրեց Բրյուսելից: Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն այլեւս դուրս է գալիս օրակարգից»,-Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությանն այսպես արձագանքեց Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը: Եվ թեպետ նրա գործընկերը՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, թե «Մենք հաստատ չենք հրաժարվելու Հայաստանից եւ հայ ժողովրդից», սակայն դիվանագիտորեն անտեսեց այն իրողությունը, որ Երեւանն էր հրաժարվել Եվրամիությունից: Երեւանից դեպի Եվրոպա էին ուղղվում ցավակցական, կարեկցանքի եւ մխիթարանքի խոսքեր՝ «պինդ կաց, Եվրոպա» հանգերգով:

Արեւմուտքը ձախողվել էր Հայաստանում: Արեւելյան գործընկերության ֆինանսական հսկայական միջոցները տանուլ էին տրվել հայ-ռուսական պտտախաղում, արեւմտամետ քաղաքական գործիչները Մոսկվա էին գնում  այնտեղից բերելու «հայ ժողովրդի հաղթանակը», «ընդդեմ Մաքսային միության»  երգչախումբը գալա համերգից առաջ տապալել էր  գլխավոր փորձը:

Եվրոպան կորցրել էր Հայաստանը, որն այժմ Մաքսային միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի չարագույժ հայտարարությունից հետո Բրյուսելի համար վերածվել էր «թանկ մեռելի»: Եվ Եվրոպային այլ բան չէր մնում, քան սգալ նրա սնարի մոտ:

Արեւմուտքը ձախողվել էր Հայաստանում: Հայաստանյան յուրաքանչյուր ընտրությունից հետո թեթեւ հիասթափություն ապրող, Հայաստանում եվրոպական արժեքների անարգմանն անհաղորդ, այդ արժեքների իրական կրողներին անտեսող եւ քամահրանքով վերաբերող Եվրոպան այժմ միայն կարեկցանքի  եւ մխիթարանքի է  արժանի:

Եվրոպային հնարավոր է սփոփել, կարեկցել, մխիթարել: Նրա հեռանալուց հետո մենք մենակ կմնանք մեր «թանկ մեռելի»՝ գնացքի տակ նետված Հայաստանի հետ: Ինքնասփոփանքը ինքնակեղեքման շարունակությունն է: Ցավից չմեռնելու եւ ապրելու ճանապարհը մեկն է՝ կանգնեցնել ռուսական գնացքը, կանգնեցնել Ռուսաստանի ժամանակը Հայաստանում:

Եվ վերադարձնել մեր ժամանակը՝ Հայաստանի ժամանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Մենք չունենք էլիտա` ոչ քաղաքական, ոչ մշակութային, ոչ գիտական: Ամեն անգամ, երբ նկատվում են այդ էլիտայի ձևավորման սաղմեր, պատահականությամբ, թե դիտմամբ մի աղետ կամ արհավիրք է տեղի ունենում և ստիպված ենք լինում նորից սկսել: Գիտական մի կրթաթոշակի շրջանակներում երկու շաբաթ ապրել եմ Վենետիկում: Այնպիսի տպավորություն էր, որ այս քաղաքի մարդիկ բնածին քաղաքացիներ են, քաղաքային բարձր կուլտուրայի կրողներ` սկսած իրենց ընտրած հագուստից, իրենց բնակարաններից, հայացքի անկաշկանդությունից, քաղաքային միջավայրում իրենց պահելու միանգամայն բնական կեցվածքից: Պատմեցի այդ մասին իմ արտասահմանցի պրոֆեսորին, որը շատ դիպուկ բացատրեց այդ երևույթը: Չէ որ Վենետիկում միջնադարից մինչ օրս գրեթե երբեք չի ընդհատվել քաղաքային կյանքը: Մարդիկ սերունդներով ապրում են քաղաքային միջավայրում: Մեր Երևանի դեպքում այլ է: Ցարիզմի ժամանակ գյուղաքաղաք հիշեցնող քաղաքը սովետական տարիներին լուրջ նախադրյալներ ուներ դառնալու իսկական քաղաք` թե բնակչության, թե քաղաքային միջավայրի առումով: Անկախության անգործության 22 տարիների ընթացքում մենք քանդեցինք ամեն ինչ:Այժմ քաղաքում չկա ոչ քաղաքային կուլտուրայով օժտված բնակչություն, ոչ ուժեղ քաղաքային իշխանություն, որը կարողանա գյուղի հաշվին համալրվող բնակչությանը բերել քաղաքային մշակույթի մակարդակին: Էլիտան ստեղծվում է այս միջավայրից, ոչ թե մի քանի պրոֆեսորի կամ ակադեմիկոսների երեխաներից, որոնք սոսկ իներցիայով են անցնում իրենց ծնողների ուղին: Դա էլիտա չի, դա որոշակի ուղի հարթած գիտնականի ճանապարհ է, որով հեշտությամբ անցնում է նրա զավակը` առանց ջանք թափելու, հաճախ էլ գրավելով ավելի արժանավոր մարդկանց տեղը:

    • Narine Mkrtchyan says:

      Հարգելի Փիրուզ, միանգամայն համաձայն եմ ձեր դիտարկման հետ: Դուք խորքային խնդիր եք առաջ քաշում. իրոք, քաղաքային մշակույթը, մտածելակերպը պիտի ծնի քաղաքական վերնախավ, մինչդեռ այսօր Հայաստանում քաղաքականության և մտածելակերպի գավառականությունն է դարձել էլիտայի ձևավորման ուղին: Ցավոք, միակ ուղին: Շնորհակալություն ձեր դիտարկման, ձեր մտահոգության համար:

  2. Հարգելի Նարինե;մեզ իսկապես թույլ չեն տալիս որ ձեվավորվի,առավել եվս հասարակական-քաղաքական դաշտի վրա որեվէ նշանակալից չափով ազդեցություն ունենա ազգային արժեքներով,շահերով առաջնորդվող էլիտան,բոլոր միջոցներով եվ աղդեցության լծակներով այն փոշիացվում եվ դուրս է մղվում;Երբ փորձ է արվու քիչ թե շատ ինքնուրույնություն դրսեվորել,անմիջապես բախվում ես անվտանգության խնդիրներին/կարդա՛լինել-չլինելու հարց են դնում առջեվդ/;Հասարակության մեջ այսօր պաշտպանվում եվ աջակցություն կամ թողտվություն են ստանում միմիայն նրանք,ովքեր հյուսիս են նայում եվ կապված են ռուսական ու ռուսամետ ուժերի հետ/; Դեռ Հայաստանի 1-ն հանրապետության անկումից քիչ անց Լեվոն Շանթն էր գրում այդ մասին; Ինչ վերաբերում է մերօրյա էլիտային,ապա այն չի վերացել,այն կա,սակայն նրանց ձայնը տեղ չի հասնում;Քանիսն են այսօր կարդացել Հրաչիկ Սիմոնյանի ;Եվ դարձյալ ազգային արժանապատվության մասին; ծրագրային հոդվածը,քանիսի սեղանի վրա է այսոր այն…Մենք էլ ունենք մեր Սահակաշվիլիները,բայց…

    • Narine Mkrthchyan says:

      Հարգելի Ռուբեն,
      միանգամայն համաձայն եմ ձեր դիտարկումների հետ: Պատճառները խորքային են և հասնում են հասարակության ակունքներին: Արդյո՞ք դուք գիտեք մեկ այլ ժողովուրդ, որի մտավորականության մի զգալի հատվածը հասարակությաննն անվերջ ներշնչի, թե մենք չենք կարող ապրել առանց Ռուսաստանի: Տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ դա են ներշնչել հայ ժողովրդին: Ազգային արժանապատվության մասին հիշեցնող մտավորականներն են քիչ: Նրանց ձայնը ոչ թե լսելի չէ, այլ ընկալելի չէ:

  3. Հ.Գ. Դեռ 1919-ին,երբ 2 անգամ ավելի շատ տարածք ունեինք,մերն էին Կարսը,Նախիջեվանն ու Արդահանը,Անաստաս Միկոյանը Նամակ էր գրում Լենինին,որ իրենք նախապատրաստում են զինված ապստամբություն;Հիմա էլ Պուտինին են գրում…եվ դրանք քիչ չեն;

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30