Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որոշ երկրներ հարյուրապատիկը կծախսեին, միայն հյուրընկալեին նախարարական գագաթաժողովը»

Սեպտեմբեր 19,2013 13:40

ՀՀ ԿԳՆ  բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանի դիտարկումները

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի պատվերով «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում» զեկույց է պատրաստվել, որը ներկայացնում է կրթության ոլորտի ներկա իրավիճակը եւ Բոլոնյան գործընթացներից շեղումները, ինչին անդրադարձել էինք «Առավոտի» սեպտեմբերի 13-ի համարում տպագրված  «Վարկն անարդյունավետ է ծախսվել, Բոլոնյան գործընթացներից շեղվել ենք» վերնագրով հրապարակմամբ:

«Առավոտը» զեկույցում առկա հարցադրումների եւ հիմնադրամի ներկայացուցիչների դիտարկումների հետ կապված մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԿԳ նախարարության  բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանից: Վարչության պետը հայտարարում է, որ մինչեւ  2010 թվականը ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների  որդեգրած ուղղությունները պատշաճ են իրականացվել: «Երկու տարին մեկ յուրաքանչյուր երկրի կատարած աշխատանքը զեկուցվում է նախարարական գագաթաժողովում: 2010-ից  որդեգրվել են հաջորդ ուղղությունները, որոնք շարունակվելու են մինչեւ 2020թ.: Դա ուսանողների շարժունությունն է, սոցիալական խնդիրները, ֆինանսավորման մեխանիզմներին առնչվող հարցերը, կրթություն-գիտություն-նորարարություն եռանկյունու ստեղծումն  է, ուսումնական հաստատություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը: Այս համատեքստում առանցքային դերակատարություն ունի նաեւ որակի ապահովումը»,- նշեց մեր զրուցակիցը:  Խոսելով 2006-ին ստեղծված Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)-ի մասին, նախարարության պաշտոնյան ասաց, որ դրա նպատակն է բուհերի որակի արտաքին գնահատումը եւ դրա արդյունքում՝  հավատարմագրի շնորհումը, ու 2010 թ.-ից արդեն հաստատվել են համապատասխան չափանիշներն ու չափորոշիչները, որոնցով պետք է գնահատվի բուհերի որակը:

Մեր դիտարկմանը՝ որեւէ  երկրում կա՞ նման բան, որ վարչապետը լինի ՈԱԱԿ-ի խորհրդի նախագահ՝ միաժամանակ լինելով որեւէ բուհի խորհրդի նախագահ, այսինքն, ստացվում է, որ նույն մարդու ղեկավարած կենտրոնը ստուգելու է իր իսկ ղեկավարած բուհը, եւ այդ մարդը հաշվետու է լինելու ինքն իրեն, պարոն Սուքիասյանը պատասխանեց. «ՀՀ վարչապետը համարվում է ՈԱԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահը, բայց եկեք չմոռանանք, որ կառավարման խորհուրդը հավատարմագրման շնորհման հետ կապված որեւէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի: ՈԱԱԿ-ի ներսում ձեւավորվում է անկախ 9 հոգանոց հավատարմագրման հանձնաժողով,  որտեղ պետք է ընդգրկված լինեն միջազգային փորձագետներ, ոլորտի  մասնագետներ՝ բուհերից, ուսանողական կազմակերպություններից, բիզնես ոլորտից եւ այլն: Այնպես որ, ՈԱԱԿ-ի խորհրդի նախագահը, գործադիր տնօրենը հավատարմագրման եզրակացության վրա որեւէ ուղղակի ազդեցություն չունեն: Մշակված այս ընթացակարգերն էլ բազմիցս վերանայվել են միջազգային փորձագետների կողմից: ՀՀ օրենսդրությունը չի  արգելում, որ մեր բուհերը դիմեն նաեւ միջազգային կամ եվրոպական հավատարմագրման կենտրոնների, ու ամբողջ  գործընթացը ուղղված է նրան, որպեսզի աստիճանաբար ՈԱԱԿ-ը դառնա  Որակի ապահովման եվրոպական ռեգիստրի կամ եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ»:

Անդրադառնալով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի պատվերով արված զեկույցի այն մտքին, թե պետությունն ունենալով 50 տոկոս մասնակցություն՝ բուհերի կառավարման խորհուրդներում, դա իբրեւ լծակ է օգտագործում սահմանափակելու բուհի բոլոր տեսակի ազատությունները, Ռոբերտ Սուքիասյանը հայտարարեց. «Ես խիստ կասկածում եմ, թե նման միտք արտահայտողները տեղեկացված են մեր օրենսդրությանը: Հայաստանյան բուհերի կառավարման խորհուրդները հիմնականում ունեն երեք գործառույթ՝ բուհերի ռազմավարական ծրագրերի եւ նախահաշվի տարեկան հաստատումը,  ուսումնական հաստատության գործադիր մարմնի ղեկավարի,  տվյալ պարագայում՝ ռեկտորի ընտրությունը: Այստեղ ակադեմիական ազատությունների եւ բուհի ինքնավարության սահմանափակման մասին խոսք լինել չի կարող: Ուսումնական գործընթացին առնչվող գործառույթները բուհերն իրականացնում են իրենց ֆակուլտետային եւ գիտական խորհուրդների միջոցով: Իսկ բյուջեն, որ հաստատվում է կառավարման խորհրդի կողմից, բուհը տնօրինում է ինքնուրույն»:

Այնքան ինքնուրույն, որքան աշխարհի լավագույն համալսարաննե՞րը՝ մեր այս հարցին ի պատասխան էլ, վարչության պետը նշեց, որ ֆինանսների առումով իսկապես վերանայման անհրաժեշտություն կա. «Առաջիկայում կգործի նոր մոդել, եւ մեր որդեգրած քաղաքականության արդյունքում աշխատաշուկայի հետ կապված՝ բուհերի ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունները կընդլայնվեն, նրանք կկարողանան ավելի սերտորեն աշխատել մասնավոր սեկտորի հետ եւ այլընտրանքային ֆինանսավորման միջոցներ ներգրավել»: Մեր նախորդ հրապարակման մեջ, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ներկայացուցիչը մտահոգություն էր հայտնել, թե  հայաստանյան բուհը աշխատաշուկայի հետ խնդիր ունենալու դեպքում ինքնուրույն չի կարող իր առարկայացանկը փոփոխել: Այս դիտարկմանը, պարոն Սուքիասյանը մասնակի համաձայնեց. «Բուհերն իրենց առարկայական ծրագրերը կազմում են՝ ելնելով պետական կրթական չափորոշիչներից, պետությո՛ւնն է սահմանում տվյալ մասնագիտության ընդհանուր չափորոշիչները, եւ յուրաքանչյուր բուհ, ելնելով  այդ պահանջներից, մշակում  է իր մասնագիտության առարկայական ծրագիրը: Այս իմաստով, թերեւս, ծրագրերի կազմման եւ շուկային ադապտացման առումով բուհերն այդքան ճկուն չեն: Սակայն, մեկ տարի է աշխատում ենք այդ խնդիրը լուծելու ուղղությամբ: Նախանցյալ տարի հաստատել ենք  Որակավորումների ազգային շրջանակը, որից հետո պետք է շարունակենք կրթական վերջնարդյունքների հիման վրա ուսումնական ծրագրերի մշակումը, մասնագիտությունների ցանկի վերանայումը: Մինչեւ դեկտեմբեր կառավարությանը կներկայացնենք նոր մասնագիտությունների ցանկը: Դա մի քանի նպատակ է հետապնդում՝ մասնագիությունը կապված է միջազգային ստանդարտների, մեր աշխատաշուկայի հետ, նաեւ կարեւորվում է մասնագիտությանը շնորհվող որակավորումը: Աստիճանաբար կհրաժարվենք պետական կրթական չափորոշիչներից»:

Մեր զրուցակիցը չի կարծում, թե երկրի քաղաքական կուրսի փոփոխությամբ կրթական ռեֆորմի իրականացումը հարցականի տակ է դրվում: Ինչ վերաբերում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի տնօրենի այն մտքին, թե շատ երկրներ զիջել են պատիվը, որպեսզի Հայաստանը հյուրընկալի Բոլոնյան քարտուղարությունը եւ նախագահող երկիր դառնա, որովհետեւ այդ ամենը մեծ ծախսերի հետ էր կապված, Ռոբերտ Սուքիասյանը նշեց. «Դա ինձ համար հետաքրքիր միտք էր, եթե այս միտքը արտահայտողները գիտեն մեզ զիջած երկրների անունները եւ տեղը, պիտի խնդրեմ, որ տեղեկացնեն, թե հատկապես ո՞ր երկրներն են հրաժարվել: Հեռու չգնանք, մեր կողքին երկրներ կան, որ պատրաստ էին տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի ֆինանսներ ծախսել, միայն թե իրենց երկիրը հյուրընկալեր նախարարական գագաթաժողովը: Չէ՞ որ 47 երկիր է քվեարկում նախարարական գագաթաժողովն անցկացնելու համար, եւ պարտադիր նայվում է, թե հյուրընկալող երկիրը իր որդեգրած գործընթացն ինչպես է իրականացրել: Իսկ մեր բարեփոխումների ցուցանիշները բավականին բարձր են»: ԿԳ նախարարության ներկայացուցիչը չի «կիսում» նաեւ այն միտքը, թե որեւէ քաղաքական կուսակցություն կարող է ազդեցություն ունենալ կրթության ոլորտի վրա, չնայած նրան, որ կառավարման խորհուրդներում կարող են լինել այս կամ այն կուսակցության ներկայացուցիչներ. «Հայաստանյան բուհերում քաղաքական կամ կուսակցական ուղղվածության հանդիպումներ, քննարկումներ չեն լինում, եթե եղել են, ապա  առնչվել են միայն կրթական բարեփոխումներին: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք լսել ցանկացած կուսակցության, քաղաքացիական հասարակության առաջարկությունը՝ մեր հետագա  բարեփոխումների իրականացման համար»: Սուքիասյանի համոզմամբ, Հայաստանը   Բոլոնյան գործընթացից չի շեղվել, ավելին՝ շարունակվում է, թեւակոխել է եվրոպական բարձրագույն տարածքին ինտեգրման փուլը: Նրա ասելով,  «Բոլոնյան գործընթացի իրականացման հետ կապված Համաշխարհային բանկից վարկային միջոցներ չեն օգտագործվել, գործընթացն  իրականացվում է պետական բյուջեի, բուհերի եւ մի շարք դրամաշնորհների միջոցներով, որոնք ուղղակի տրամադրվում են բուհերին»: Նա ավելի ուշ հավելեց, որ բարձրագույն կրթության ոլորտում ռեֆորմների իրականացման համար այնուամենայնիվ վերջին տարիներին տրամադրվել է վարկ, որը նաեւ ուղղակի կամ  անուղղակի կարող է կապվել այս գործընթացի հետ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30