Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմֆոնիկը դեռ նվագում է Ճգնավորյանի գործիքներով

Սեպտեմբեր 19,2013 13:30

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 20-ին կկայանա հանդիսություն՝ նվիրված տեղի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան) հիմնադրման  20-ամյա հոբելյանին:

Լորիս Ճգնավորյանի նախաձեռնությամբ եւ ՀՀ կառավարության որոշմամբ 1992թ. ստեղծվեց Հայաստանի երկրորդ պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր նշանակվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Մացոյանը, որը ներկայումս Օդեսայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է եւ տեղի պետական կոնսերվատորիայի երաժշտական ակադեմիական կենտրոնի ղեկավարը: Տարիներ անց՝ 1995-98թթ. Գյումրիի սիմֆոնիկի ղեկավարումը ստանձնեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի ներկայիս գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը: 1998-ից նվագախումբը ղեկավարում էր Սամվել Ադամյանը, իսկ 2010-ից այդ պաշտոնը ստանձնեց Երվանդ  Վարոսյանը: Ժամանակին շրջանառվում էր այն միտքը, թե  այն բանից հետո, երբ նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարությունից անցավ Շիրակի մարզպետարանի ենթակայությանը, սկսվեց դժվար շրջան: Մինչ օրս նվագախումբը չունի հիմնական փորձատեղի: 2009թ. «Առավոտի» հետ զրույցում Երվանդ Վարոսյանն ասել էր, թե Գյումրիի արվեստների ակադեմիայի դահլիճում ընթացող կոլեկտիվի փորձերը տեղափոխվել են թիվ 10 ֆրանսիական թեքումով դպրոց: Գուցե Գյումրիի սիմֆոնիկի ճակատագիրը այլ ձեւով դասավորվեր, եթե Լորիս Ճգնավորյանի ձեռքն անպակաս լիներ նրանից, ավելին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նման Գյումրիի  սիմֆոնիկն էլ, դարձյալ Ճգնավորյանի շնորհիվ, ներկայանար Արեւմուտքում:

«Առավոտը» կապվեց Երվանդ Վարոսյանի հետ: Ինչպես տարիներ առաջ, այս անգամ էլ նա ասաց, թե նվագախումբը փոքր սիմֆոնիկ կազմ է՝ 45 երաժիշտ, ստանում են ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով գումար եւ, ինչպես հանրապետության, այնպես էլ գյումրեցի երաժիշտները, վարժվել են էնտուզիազմով աշխատելուն, չնայած  երեւանյան նվագախմբերը, ի տարբերություն իրենց՝ ունեն հովանավորներ: Դիրիժորը կրկնեց նաեւ տարիներ առաջ  արտահայտած այն միտքը, թե ամսական մեկ համերգով հաստատ ներկայանում են, սակայն մասնակցում են տարբեր այլ միջոցառումների եւս:

«Մեր նվագախումբը ծառայում է Գյումրիին, Շիրակի մարզին ու վերջինիս հարակից տարածքներին: 2011-12թթ. համերգաշրջանը սկսել ենք Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական ծրագրով, 2012-ին նշել Գյումրիում Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրության 100-ամյակը, մինչ այդ էլ՝ 2010թ. համերգներով մեկնել ենք Ստեփանակերտ….»,- հայտնեց Ե. Վարոսյանը: Նա հավելեց, թե իրենք մասնակից են Գյումրիում արդեն 5-րդ անգամ գարնանն անցկացվող «Վերածնունդ» միջազգային փառատոնին, հիշեցնելով, որ այս տարի հիշյալ միջոցառմանը մասնակցում էին մոտ 3000 երաժիշտ՝ աշխարհի 30 երկրից եւ անվանի երաժիշտ-կատարողներ, փառատոնն էլ նվիրված էր Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին եւ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին:

Մեր զրուցակիցը հիշեցրեց նաեւ, որ հունիսի 30-ին Գյումրիի կենտրոնական հրապարակում «Գյումրին, ԱՊՀ երկրների մայրաքաղաք» ծրագրի բացմանն են մասնակցել ու  պատիվ են ունեցել հանդես գալ մեծանուն երաժիշտներ, աշխարհահռչակ օպերային տենոր Զուրաբ Սոտկիլավայի, ջութակահար Դմիտրի Կոգանի հետ: Հարցին՝ ինչու վերջին տասը տարիներին նվագախմբին չենք տեսնում Երեւանում,  մեր զրուցակիցը գյումրեցուն հատուկ հումորով պատասխանեց. «Երեւանում շատ են համերգները, մեր համերգին ո՞վ կգա….», հետո էլ հավելեց, թե հայաստանյան մշակույթը կենտրոնացված է Երեւանում:

Ըստ մեր տեղեկությունների՝ Գյումրիի նախկին Սպայի տանը, որը հիմա Հայորդաց տուն է եւ ընթանում են վերանորոգման աշխատանքներ, մոտ ժամանակներում իրենց պետք է տրամադրվի փորձատեղի: Այս մասին պարոն Վարոսյանն ասաց. «Հավանաբար հոկտեմբերին կավարտվեն աշխատանքները, հուսով ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել  եպիսկոպոս Աջապահյանը դահլիճը կտրամադրի նվագախմբին՝ իբրեւ փորձատեղի»:

Տխուր է նվագախմբի փողային գործիքների վիճակը. երաժիշտները փաստորեն մինչ օրս նվագում են Ճգնավորյանի՝ 1993թ. նվիրած գործիքներով: «Գոհ կլինենք, եթե Ֆիլհարմոնիկ նվագախմբի օգտագործած գործիքները տրամադրեն մեզ….»,- հայտնեց Ե. Վարոսյանը: Ինչ վերաբերում է կոլեկտիվի ելույթների քանակին, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ նվագախումբը ուշադրության կենտրոնում է, ասելով, թե մասնակցում են մշակութային միջոցառումների, օրինակ՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ էլ Ամասիայում արվեստի դպրոցի բացման առիթով Շիրակի մարզպետը իրենց անձամբ էր հրավիրել:

Իսկ թե ի՞նչ է առաջարկում Գյումրիում դասական երաժշտարվեստը տարածելու համար, դիրիժորն ասաց. «Ցանկալի կլիներ, որ հայաստանյան նվագախմբերը չծառայեին միայն Երեւանին, երբեմն Գյումրին էլ հիշեին: Ի վերջո, Երեւանում անցկացվող միջազգային փառատոների հյուրերին մեկ-մեկ էլ ներկայացնեին Գյումրիում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Նվագախումբը «Գյումրին՝ ԱՊՀ երկրների մայրաքաղաք»-ի
հանդիսավոր բացման ժամանակ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ողջունում եմ Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին: Ցանկանում եմ, որ նա մշտապես լինի հասարակության և կառավարության ուշադրության կենտրոնում: Թող չհետևի երևանյան նվագախմբերին և նրանց նման դառնա եվրոպայի մշակութային գաղութը, թող շատ կատարի հայ դասականների գործերը, հատկապես` Սպենդիարյանի, Եղիազարյանի Է. Հովհաննիսյանի և գյումրեցի ժամանակակից կոմպոզիտորների գործերից… Իսկ գործիքների և փորձասրահի հարցը` ժամանակի խնդիր է` բոլոր նվագախմբերն էլ այդ դժվարություններն ունեցել են: Եղեք ինքնատիպ և գնահատված… Հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30