Շատերի մոտ զարմանք է առաջացնում Հայաստանի գրողների միության պես հասարակական կազմակերպության նախագահական թափուր աթոռի համար պայքարի նախահամագումարյան եռուզեռը: 12 տարի առաջ երեք ազդեցիկ մարդիկ՝ Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանն ու Լեւոն Մկրտչյանը ՀԳՄ նախագահի աթոռին «նստեցրին» «Գարուն» ամսագրի խմբագիր Լեւոն Անանյանին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա գրող չէ, ուստի եւ անշահախնդիր կղեկավարի կազմակերպությունը: Այժմ էլ իրենց մտածած թեկնածուին ՀԳՄ նախագահ դարձնելու մտայնությամբ երկրի նախագահին են դիմել երկու շահագրգիռ անձնավորություններ: Եթե ընտրությունն ըստ կանոնադրության փակ եւ գաղտնի է, ինչ գործ ունի այստեղ երկրի նախագահը: Թե նրանք նկատի ունեն ընտրակաշառքի, այլ կեղծիքների միջոցով ԱԺ ընտրությունների ժամանակ պետական այրերի կուտակած փորձը: Կարծում եմ, որ այդպես նրանք արջի ծառայություն են մատուցել իրենց ընտրյալին:
Լեւոն Անանյանն իր աշխատասիրությամբ ու եռանդով իրոք որոշ աշխուժություն բերեց միությունում: Հատկապես նշանակալից է նրա դերը Սփյուռքի հայ գրողներին հայաստանյան գրական մթնոլորտում ընդգրկելու գործում:
Սակայն ես ուզում եմ գրել թույլ տված բացթողումների մասին, որպեսզի ՀԳՄ նոր ղեկավարությունը չկրկնի դրանք:
Առաջինը հասարակության եւ ստեղծագործող գրողների միջեւ առաջացած վիհն է: Այն բացասական է անդրադառնում գրողի ստեղծագործական գործընթացի վրա: Իր ընթերցողը չունենալով, գրողը դադարում է գրել: Հասարակությունն իր հերթին, կտրվելով սեփական գրականությունից, մշակույթից, աստիճանաբար փոխում է մտածելակերպը, թեքվում է դեպի այլ արժեքային համակարգ: Հեռանալով բարոյա-հոգեւորի ազգային արմատներից, առաջնային է դառնում նյութականը: Բարոյական անկումը վարակի պես տարածվում է բոլոր ոլորտներում: Այն ընտրություններում է, պետական ապարատում, նույնիսկ մշակույթի ոլորտներում: Դեռեւս թարմ են իշխանության եկած գրական ընտանիքի երկու անդամների հայտարարությունները. «Մեր դեմ խաղ չկա» եւ «ժողովուրդ, եթե հարյուր տոկոս էլ ձայն տաք, միեւնույն է, մերն է անցնելու»: Բարոյական անկումն էլ պարարտ հող է դառնում ամենաթողության, կոռուպցիայի, բյուրոկրատիայի, համատարած անարդարության համար: Դրանց հետեւում է տնտեսական աճի նվազումը, մարդկային ռեսուրսների, ուղեղների արտահոսքը: Իսկ գաղտնիք չէ, որ երկրի հիմնական հարստությունը մարդկային ուղեղն է ու դրա ըստ ունակության ճիշտ տեղում աշխատեցնելը:
Կարդացեք նաև
Գրողների ու հասարակության միջեւ անջրպետ առաջանալու խնդրում իր մեղքի բաժինն ունի նաեւ Գրողների միությունը: Մի քանի անգամ հանդիմանել եմ ՀԳՄ նախագահին: Ինչու է նա անձամբ շնչակտուր օրական 5-6 տեղ միջոցառումների ու հանդիպումների գնում, չէ որ գրողները ընտրել են, որ համակարգի եւ ՀԳՄ անդամներին ըստ նախասիրությունների ուղարկի հանդիպումների, որպեսզի հանրությունը ճանաչի նրանց, հետաքրքրվի նրանց ստեղծագործություններով: Իհարկե, եթե գրողը չի ներկայացվում երկրի հասարակությանը, ապա չի ներկայացվի նաեւ միջազգային հանրությանը: Իրոք, արտերկրում հայ գրականությունը, հայ գրողները ասես գոյություն չունեն: Իսկ գաղտնիք չէ, որ քաղաքակիրթ աշխարհում տվյալ երկիրը ճանաչում եւ գնահատում են ոչ թե ֆուտբոլիստով ու բռնցքամարտիկով, այլեւ նախ եւ առաջ՝ գրականությամբ: Իսկ ՀԳՄ նախագահները, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, արտերկրում հրատարակում են իրենց գրքերը, որոնք ամենեւին էլ չեն ներկայացնում արդի հայ գրականությունը:
Չնշել գրողի նյութական ծանր վիճակի մասին՝ չեմ կարող: Եթե նրա նյութական վիճակը, կեցությունը կախված են մի կերպ տպագրված գրքի վաճառքից, ուրեմն նա իր ընտանիքի հետ սովի է մատնված: Տարեց գրողները ամսական հինգ հազար դրամ թոշակ էին ստանում: Սակայն այդ պահուստային գումարն էլ կուլ գնաց մարդկային բարոյա-հոգեւոր անկմանն ու ագահությանը: Հայ գրողները նախանձով են նայում հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի գրողներին, որոնք գտնվում են պետական հովանավորչության տակ:
Ի դեպ, ՀԳՄ նախագահությունը, որպեսզի չճահճանա, անհրաժեշտ է, որ հիմքում դրվի ռոտացիոն սկզբունքը, ասենք, վեց ամիսը մեկ կազմի 50 տոկոսը թարմացվի:
Լուրջ խնդիրներ ունենք Պետական ու Նախագահի գրական մրցանակների բաշխման խնդրում: ՀԳՄ նախագահն էր միանձնյա որոշում, թե որ մրցանակը ում շնորհի: Գնահատման հիմք էր հանդիսանում ոչ թե գրողի ստեղծագործությունը, այլեւ այն հանգամանքը, թե ինչքանով է այդ անձը մոտ նախագահին: Մինչեւ հիմա գրական մրցանակների են արժանացել միայն բանաստեղծները: Ամեն անգամ ՀԳՄ նախագահը շրջանցել է արձակագիրներին: Իսկ արդի հայ արձակագիրները ոչ միայն չեն զիջում բանաստեղծներին, այլեւ լուրջ եւ համամարդկային արժեքներ են ստեղծում, իսկ չնկատել տալ դա, ոչ ոք իրավունք չունի: Մեր գրականագետներն ու գրաքննադատները (չգիտեմ էլ՝ կան դրանք) դա չեն նկատում, որովհետեւ իրենք եւս չեն կարդում: Իրենց դասախոս-գրականագետների օրինակին են հետեւում նաեւ բանասիրականի կամ լրագրության ուսանողները: Ճիշտ կլինի, որ պետական մրցանակներ սահմանվեն նաեւ հրապարակախոսության համար:
Վերջապես, ում է ձեռնտու գրողների այսօրվա քաղաքական իներտությունը: Նույնիսկ ԽՍՀՄ տարիներին գրողների խոսքը կշիռ ուներ, որի հետ հաշվի էին նստում իշխանությունները: Նրանց կարծիքը այս կամ այն հասարակական երեւույթի, իրադարձության նկատմամբ հենց հասարակության խիղճն էր: Այս տեսանկյունից եւս Գրողների միության երկու անդամների՝ ՀԳՄ նախագահի ընտրության խնդրով երկրի նախագահին դիմելը անտեղի էր ու ապակողմնորոշող, մանավանդ՝ երկրում քաղաքական ընդդիմության պասիվության պայմաններում:
Ցանկալի է, որ ՀԳՄ նախագահական աթոռին ձգտող թեկնածուներն արտահերթ համագումարում հանդես գան իրենց ծրագրերով ու դրանք իրականացնելու ուղիներով, որպեսզի գրողները կարողանան ճիշտ ընտրություն կատարել:
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ