ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց ԱՄՆ-ի և Կանադայի կլինիկաների մի խումբ ճանաչված նյարդաբանների, ովքեր Երևանում են գտնվում «Կաթվածի բուժումը» միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով։ Նախարարը բարձր գնահատեց հայազգի մասնագետների աջակցությունը Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրում անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոնի հիմնադրման և Հայաստանում նյարդաբանական ծառայության զարգացման գործում։ Դերենիկ Դումանյանը կարևորեց, որ կենտրոնը գտնվում է ԵՊԲՀ-ում, քանի որ այստեղ են կրթվում ու վերապատրաստվում մասնագետները։ Սփյուռքահայ նյարդաբանները հայտնեցին, որ իրենց հիմնական նպատակը հայրենիքին օգտակար լինելն ու հայ ժողովրդի առողջությանը նպաստելն է։
Թե՛ նախարարը, թե՛ հյուրերը միակարծիք էին, որ անհրաժեշտ է միջազգային առաջատար փորձի ներդրումով ավելի զարգացնել ծառայությունը` արդյունավետ բուժել գլխուղեղի բոլոր անոթային հիվանդությունները։ Քննարկվեցին այս ուղղությամբ առաջիկա անելիքները։ Կարևորվեց ինչպես ազգային ծրագրի մշակումը, այնպես էլ ծառայության ընդլայնումը, հեռուստակապի ներդրումն ու մասնագետների վերապատրաստումը։ Սփյուռքահայ նյարդաբանները խոստացան աջակցել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական և այլ հարցերում։
Դերենիկ Դումանյանն էլ իր հերթին պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ աջակցել ոլորտի զարգացմանը։ Նա իր հյուրերին նաև ներկայացրեց առողջապահության բնագավառում իրականացվող բարեփոխումներն ու հետագա ծրագրերը։
ՀՀ առողջապահության նախարարություն