Այսօր առավոտյան Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված, անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել եւ որոշել է դուրս գալ ընտրապայքարից: Այս մասին մեզ տեղեկացրեց պատգամավորի թեկնածուն եւ նշեց, որ իր այդ որոշումը պայմանավորված էր զուտ ժամանակի սղությամբ: «Իրականում ժամանակն ինձ չհերիքեց, որ մնամ ընտրապայքարում ու քարոզարշավ անեմ: Ես մտածում էի, որ կկարողանամ գոնե ընտրարշավի վերջին 10 օրը քարոզչություն անել, բայց հնարավոր չէ աշխատանքս թողնել: Իմ գործն այնպիսին է, որ մարդկանց հետ պայմանագրեր եմ կնքել, հնարավոր չէր թողնել: Կա՛մ պետք է գործս թողնեի, կա՛մ քարոզչությամբ զբաղվեի», – ասաց Վահրամ Հովհաննիսյանն, որի ընտրությունը վերջում կանգ առավ աշխատանքի վրա:
Պատգամավորի թեկնածուն ավելի վաղ մեզ տված հարցազրույցում նշել էր , որ ժամանակը ցույց կտա կմասնակցի՞ քարոզարշավին, թե՞ ոչ:
Սյունիքի թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանից տեղեկացանք, որ պաշտոնական մինչ այս պահը դեռ իրենք գրություն չեն ստացել: Այսօր լրանում է գրանցումը մերժելու ինքնաբացարկի դիմումների ընդունման վերջնաժամկետը: ԸԸՀ նախագահը փոխանցեց, որ այսօր երեկոյան ժամը 18-ին նիստ է լինելու, որից հետո միայն պաշտոնական կարող է հայտարարել, թե երեք թեկնածուներից քանիսն են շարունակելու ընտրապայքարը եւ ով է դուրս գալու ընտրապայքարից:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու էին գրանցվել 3 հոգի՝ ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ինքնաառաջադրված անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունից» առաջադրված Կապանի բնակիչ, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ