Լրահոս
Օրվա լրահոսը

Համալսարանականները մեղադրվում են մուրացիկին կողոպտելու մեջ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2013 11:51

Սյունիքի մարզի դատարանում քննվում է մի քրեական գործ, որով համալսարանական բարձրագույն կրթությամբ մաթեմատիկոսներ Արա Դիլանյանն ու Խաչիկ Հակոբյանը մեղադրվում են այն բանում, որ կողոպտել են մուրացկան Սպարտակ Հայրապետյանին (լուսանկարում) ու նրա հանգուցյալ հորը` Գեորգի Հայրապետյանին:

 Ըստ մեղադրանքի` համալսարանականները գիշերվա ժամը երեքին մտել են Սպարտակ Հայրապետյանենց տուն և ստիպել իրենց գումար տալ, մուրացիկն էլ ոչ ավել, ոչ պակաս  գրպանից հանել ու նրանց է տվել 181.000 դրամ, իսկ նրա հայրը` 45.700 դրամ:

Նման աներևակայելի պատմությամբ մեղադրական եզրակացության հիման վրա էլ գործը հանձնվել է դատարանին: Նախաքննությունն իրականացրած քննիչը պետք է, որ այդ պատմությունը գրած լիներ տուժողների ցուցմունքներից, սակայն դատաքննությամբ պարզվեց, որ պատմվածքի հեղինակը ամենևին էլ մուրացիկ տուժողները չեն:

Այսպես, հանգուցյալ Գեորգի Հայրապետյանը, որն անգրագետ է և չի տիրապետել հայերեն գրին, պետք է հարցաքննվեր ընթերակայի ներկայությամբ, սակայն դատարան հրավիրված ընթերական հայտնեց, որ ինքը հարցաքննությանը չի մասնակցել, չի լսել, թե ինչ ցուցմունք է տրվել, որ հարցաքննությունից հետո քննիչի հրավերով եկել ու մեխանիկորեն ստորագրել է արդեն գրված թղթերի տակ, ինչի համար մեղավոր է: Բայց սա դեռ ամբողջը չէ: Առկա է նաև առերես հարցաքննության արձանագրություն, որում քննիչը Գեորգի Հայրապետյանի անունից շարադրել է, թե իբր Արան ու Խաչիկն իրեն կողոպտել են: Այդ առերեսմանն էլ է իբր մասնակցել  ընթերակա, սակայն դատաքննության ժամանակ պարզվեց, որ նման անուն ազգանունով մարդ ընդհանրապես գոյություն չունի:

Նշվածները կեղծիքներ են, արված դատավարական փաստաթղթերում:

Ինչ վերաբերում է մուրացիկ Սպարտակ Հայրապետյանին, ապա նա դեռևս նախաքննության ժամանակ առերեսվելիս էր հայտնել, որ իրենց չեն կողոպտել:

Սպարտակ Հայրապետյանը դատարանում ևս բազմաթիվ անգամ հայտնեց, որ իրեն չեն կողոպտել, սակայն մեղադրողն ու ոստիկանությունը գտան դրան պատասխանելու ձևը. Նրան դատական նիստից մեկ ժամ առաջ տանում են ոստիկանություն և մի քանի տարբերակ (տարբեր անուններ նշելով, այդ թվում` պաշտպանի) բացատրություն են թելադրում այն մասին, թե իբր իրեն սովորեցրել են, որ դատարանում իր ցուցմունքը փոխի, որ գիտակցել է իր սխալը և դրա համար էլ եկել է ոստիկանություն, որ ճշմարտությունն ասի: Ընդամենը մեկ ժամ առաջ գրված այդ բացատրությունների տարբերակներից մեկն ու տեսագրությունն էլ մեղադրողը ներկայացնում է դատարանին: Դատաքննության փուլում այդպես արվել է մի քանի անգամ:

Դատարանում, սակայն, Սպարտակ Հայրապետյանն ասում է, որ ոչ թե ինքն է գնացել ոստիկանություն, այլ իրեն տարել են ոստիկանություն և սովորեցրել, թե ինչ ասի, նշում է նաև իրեն տանողի  ոստիկանի անունը և այլն, որ այդտեղ է եղել նաև մեղադրողը:

Մեկ այլ դեպքում, ասում է իրեն սովորեցվածը: Մի խոսքով նա զգում է իր կարևորությունը, չէ որ իրեն տեսանկարում են, այդ տեսագրությունները դատարանում վերարտադրում են և նա տեսախցիկների առջև ասում է այն, ինչ իրեն հարց տվողը ցանկանում է լսել: Մի խոսքով նա դատարանին ու դատավարության մասնակիցներին «մատների վրա խաղացնում է»:

Սպարտակ Հայրապետյանի համաձայնությամբ մի քանի տեսագրություն էլ պաշտպանական կողմն է արել, որոնցում նա պատմում է, որ իրեն սովորեցրել են, որպեսզի ասի, թե իբր Արան ու Խաչիկն են իրեն կողոպտել, որ իրեն տարել են ոստիկանություն և սովորեցրել, որպեսզի ասի, թե իբր իրեն ինչ որ անձինք են սովորեցրել, որ դատարանում իր ցուցմունքը փոխի և այլն: Տեսագրություններից մեկը պաշտպանական կողմը ներկայացրել է դատարանին, որտեղ այն վերարտադրվեց, կցվեց գործին, սակայն դատարանն այն ապացույց չճանաչեց, սա այն դեպքում, երբ «Փաստաբանության մասին» օրենքի 18 հոդվածը հստակ է սահմանում` փաստաբանը իրավունք ունի՝ օրենքով չարգելված եղանակով ձեռք բերելու, ամրագրելու և ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ (տեղեկություններ), այդ թվում` օգտագործելու տեխնիկական միջոցներ` տեսաձայնագրող, ձայնագրող, ֆոտո, բազմացնող կամ այլ սարքավորումներ…:

Այսպիսի ապացույցների պայմաններում միայն Սյունիքի մարզում է հնարավոր, որ մեղադրողը մեղադրանքից հրաժարվելու փոխարեն ամբաստանյալների համար վեց և վեցուկես տարվա ազատազրկում պահանջի:

Դե իսկ Սյունիքի մարզի դատարանից էլ, դեռ հայտնի չէ, թե ինչ կարելի է սպասել, բայց դե փաստ է, որ ամբաստանյալներին արդարացնող տեսագրությունը ապացույց չճանաչվեց:

Այս գործի շրջանակներում հերթական անգամ համոզվում ես, որ Սյունիքի մարզում, հատկապես Գորիսում, մարդու իրավունքներ ասվածը դեռ եթերային, մարդկանց անհասանելի ինչ-որ բան է: Դա է վկայում նաև այն, որ հենց այս գործի շրջանակներում համալսարանավարտ ամբաստանյալներին կալանքի տակ են պահել կալանքի ժամկետը լրանալուց հետո էլ, դատարանի որոշման բացակայության պայմաններում:

Հ.Գ.   Գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը ընդամենը մի քանի ամիս է, ինչ նշանակվել է այդ պաշտոնին և այս գործը իրեն մակագրված առաջին գործերից է: Կարծում եմ, հենց այս գործով նրա կողմից իրականացվող արդարադատությունից է կախված` այսուհետ ևս Գորիսի դատախազությունը նման գործեր մուտք կանի դատարան, թե ոչ:

Ինեսսա ՊԵՏՐՈՍՅԱՆ

փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30