Քրիստոնեությունից ամենաշատը տուժած ազգի ղեկավարությունը դասեր չի սովորել, իմաստություն չի քաղել իր և համաշխարհային պատմությունից: Իր պատմության այն ժամանակից սկսած, երբ հայը սկսեց եկեղեցիներ ու խաչքարեր կառուցել ամրոցների ու բերդերի փոխարեն, պետությունը սկսեց շարժվել իր անկման ուղղությամբ: Իսկ երբ եկեղեցիների քանակը սկսեց գերազանցել ամրոցների և բերդերի քանակին, պետության կործանումն արդեն ապահովված էր: Դրա փաստի արձանագրումն ընդամենը ժամանակի հարց էր: Ժամանակն էլ շատ չուշացավ: Իսկ Անին ավելի ետ էր գնացել, այնտեղ եկեղեցիների քանակը նույնիսկ տների քանակին էր գերազանցում: Երևի այդ պատճառով էլ այն ավելի շուտ կործանվեց, քան երկիրը: Իսկ արդյո՞ք հնարավոր է հաշվել, թե որքան կորուստ է կրել հայկական արվեստը նրանից, որ հայ քանդակագործները դարերով միայն խաչքարեր են քանդակել, քանդակագործական արվեստի ամեն տեսակի գլուխգործոցներ ստեղծելու փոխարեն: Եվ մի՞թե ներկայումս մեր բոլոր հարևան երկրներում, բացի Պարսկաստանից, հայ եկեղեցական կառույցների ոչնչացման փաստով կյանքը մեզ չի սովորեցնում, որ դրանք ավելորդ էին, անհրաժեշտ չէին հայ ազգին:
Իսկ համաշխարհային պատմությունից դասը կարող էր լինել եվրոպական երկրների փորձառությունը, որոնք զզվելով կաթոլիկ եկեղեցու գերիշխանությունից և իրենց գործերին մշտապես միջամտելուց, առանձնացրին նրան որպես առանձին պետություն, որպեսզի այնտեղ որքան ուզի գերիշխի, կառավարի ու միջամտի ինքն իր գործերին միայն:
Հայաստանի ներկայիս անկախացումից հետո հին գործընթացը վերսկսվել է, ամենուրեք նորանոր եկեղեցիներ են կառուցվում: Դրանում արտառոց ոչինչ չէր լինի, եթե չլիներ ժողովրդի և պետության ողբալի հոգևոր և նյութական, տնտեսական վիճակը: Նման պայմաններում ազգի տնտեսական, փողամիջոցային պաշարները և ներուժը եկեղեցիների կառուցման վրա ծախսելը, մեղմ ասած, ոչ բանական, ոչ խելացի վարք է: Չբավարարվելով բազմաթիվ մանր եկեղեցիներով ու մատուռներով, երբեմն էլ միջին ու մեծ եկեղեցիներով, Երևանի կենտրոնում հսկայական եկեղեցի կառուցվեց, որը կառուցվեց ավելի շուտ ոչ թե անհրաժեշտությունից ելնելով, այլ կարծես թե ինչ-որ երկրների հետ եկեղեցիների քանակի ու մեծության հարցով մրցակցության մեջ հաղթելու համար, կամ պետությանը իր զորությունը ցույց տալու համար:
Սակայն եկեղեցին դրանով էլ չբավարարվեց: Եվ ահա այստեղ է արդեն արտառոցը. եկեղեցին քանդել տվեց պետական հաստատությունները՝ ակադեմիայի տնտեսագիտության և լեզվի ինստիտուտները և տեղում մեծ եկեղեցի ու առաջնորդարան կառուցեց: Իսկ պետությունը հլու, հնազանդ ենթարկվեց եկեղեցու կամքին: Սակայն չէ՞ որ իրերի բնական վիճակը հավասարակշռված վիճակն է: Ցանկացած ուժ իր հակակշիռը պիտի ունենա, որը պիտի հավասարակշռություն ստեղծի հակադիր երևույթների միջև, այդպիսով ապահովելով ներդաշնակության և չափավորության բնական գեղեցկություն տվյալ ասպարեզում: Իսկ ի՞նչը պիտի լիներ եկեղեցու հակակշիռը: Իհարկե, պետությունը: Այստեղ տեղին է հիշել համաշխարհային պատմության դասերը, երբ պետությունները չցանկացան կախման մեջ մնալ եկեղեցուց: Բայց մեզ մոտ պետությունը վերածվել է եկեղեցու հլու կամակատարին: Այն մի հսկայական, լավ վիճակում գտնվող շենք է քանդում, տեղը նոր եկեղեցու կառուցմանը տրամադրելու համար: Եվ այն էլ այնպիսի շենք, որի նշանակությունը պետության, ժողովրդի տնտեսական բարեկեցության գիտական ապահովումն էր և լեզվի իրավունքների պաշտպանությունն ու զարգացումը: Միգուցե այդպես վարվեց, որովհետև մեր պետությանը գիտական տնտեսություն պետք չէ, քանի որ իշխանավորներն արդեն բաժանել են իրար մեջ երկրի, ազգային, այսինքն` ամբողջ ազգին պատկանող տնտեսությունը և առանց գիտության էլ մենատիրաբար կողոպտում են պետությունն ու ազգին, իսկ գիտությունը միայն կխանգարեր իրենց: Մաքուր, ազնվական գրական հայերենն էլ մշտապես խախտվում է իշխանավորների կողմից փողոցային լեզվով: Ժողովուրդն էլ իր մեծավորներին ընդօրինակելու բնական սովորություն ունի: Իսկ ո՞վ է գիտական եղանակով հաշվել և ապացուցել, թե եկեղեցու կառուցումն ավելի ձեռնտու և օգտակար է ազգի համար, քան այդ շենքի գոյությունը: Եթե նույնիսկ ենթադրենք, թե տնտեսագիտության և լեզվի ինստիտուտներն ուրիշ շենքերում էլ կարող են շարունակել իրենց գործունեությունը, ապա մնում է պետական, ազգային միջոցներով կառուցված շենքի մեջ ներդրված ազգային հարստության մի մասի կորստի փաստը: Իսկ ո՞վ պիտի պատասխան տա այդ շենքի մեջ սերունդների ներդրած միջոցները փոշու վերածելու համար: Չէ՞ որ ներկա սերունդը պիտի օգտվեր նախորդ սերնդի ստեղծածից, բայց այն զրկվեց իր այդ իրավունքից: Մի՞թե հնարավոր չէր եկեղեցին կառուցել որևէ ամայի վայրում, որպեսզի հաջորդ սերունդների համար պակասեին ամայի վայրերը և ավելանային կառուցապատված, կազմակերպված, գեղեցկացված, քաղաքակրթված և մշակույթի վերածված վայրերը: Հետո՞ ինչ, որ այդտեղ փոքրիկ հին եկեղեցի կար: Այն կարելի էր տեղափոխել կամ թողնել իր տեղում, ինչպես խորհրդային պետությունն էր թողել կանգուն 70 տարի:
Կարդացեք նաև
Սակայն, քանի դեռ եկեղեցին առանձին չէ, այլ պետության հետ միասին է, այն երբեք չի բավարարվում: Նրա հաջորդ քայլը ուրիշ կերպ անվանել չի լինի, բացի եկեղեցու և պետության համատեղ դավադրություն ընդդեմ ժողովրդի: Եկեղեցին պահանջեց, իսկ պետությունը հնազանդորեն օրենք ընդունեց մեռելոցի մասին: Եվ հիմա ամեն եկեղեցական տոնից հետո երկուշաբթին գերեզմանոցի օր է հռչակված: Պետությունը ամեն անգամ խառնաշփոթ է ստեղծում աշխատանքային օրերի տեղափոխությամբ: Խառնվում են մարդկանց նախագրված աշխատանքային և հանգստյան ծրագրերը, որովհետև երկուշաբթիի փոխարեն ստիպում են աշխատել շաբաթ օրը: Բացի այդ, մարդիկ անգիր չգիտեն տոների օրերը և դրանցով փոխարինվող օրերը, ուստի օրերի փոփոխման կառավարական որոշումը մուրճի պես հանկարծակի իջնում է մարդկանց գլխին և հերթական հիասթափությունն առաջացնում օրվա իշխանությունից: Խախտվում է կանոնավորված կյանքի ռիթմը, աշխատանքային օրը դառնում է հանգստյան օր, իսկ հանգստյան օրը՝ աշխատանքային: Իսկ ո՞վ է հաշվել, թե որքան մարդ է գնում գերեզմանոց այդ օրերին, իսկ որքանը չի գնում, այլ նյարդերն է քայքայում օրերի փոփոխման անհարմարություններից: Եվ դա այն դեպքում, որ նույնիսկ գերեզմանոց գնացողների մեծ մասը, ամեն տեսակի քարոզներից հետո էլ, միևնույն է, գերեզմանոց է գնում հենց տոնի օրը՝ կիրակի, այլ ոչ թե երկուշաբթի: Աշխատանքային օրերի փոփոխումը մեծ անհարմարություններ ու անհանգստություն է պատճառում մարդկանց: Տուժողներն ավելի շատ են, քան շահողները: Դա կրկնակի անհարմարություններ է ստեղծում մանավանդ այն մարդկանց համար, որոնք, ելնելով Հայաստանի վատ տնտեսական վիճակից, ստիպված աշխատում են մի քանի տեղերում, ինչպես նաև հերթափոխով աշխատողների համար: Իսկ մի քանի տեղում աշխատելը և, համապատասխանաբար, մի քանի հոգու տեղ տանջվելը պայմանավորված է առարկայական պատճառներով, դա ոչ միայն ժողովրդի ծանր տնտեսական և ընկերային վիճակն է, այլև շատ մասնագետների բացակայությունը, քանի որ ազգի մեծ մասն արտագաղթել է կործանման տարվող պետությունից: Եվ, քանի որ, նույնիսկ եթե աշխատեին մեկ հաստիքով, նրանք չէին կարողանա բավարարել իրենց ընտանիքների կարիքները:
Մի երկրում, որտեղ պետությունը եկեղեցու հակակշիռը լինելու փոխարեն համագործակցում է նրա հետ՝ զարմանալի չէ պետության սլացքը դեպի կործանում: Սակայն եթե պետությունը ինքն իրեն տանում է դեպի կորուստ, դա իր գործն է: Բայց ազգը պիտի ավելի իմաստուն գտնվի և թույլ չտա իր կործանումը պետության հետ միասին: Եթե պետությունը չի կարողանում, կամ չի ցանկանում եկեղեցուն հակակշիռ լինել, ապա այդ հակակշռի դերը պիտի ստանձնի ազգը: Ազգին ոչ թե եկեղեցիներ են պետք, այլ ձեռնարկություններ, ոչ թե ծեսեր, այլ աշխատանք, ոչ թե մեռելների համար հատուկ օր, նրանք միշտ էլ հարազատների հիշողության մեջ են, այլ ազգի հերոսների հիշողության օր, ոչ թե խաչի պաշտամունք, այլ կյանքի բոլոր բնագավառներում գեղեցիկի պաշտամունք, արվեստի բոլոր ճյուղերի զարգացում, մշակույթի առաջընթաց, ոչ թե եկեղեցական հզոր կազմակերպություն, այլ հզոր պետություն, հզոր ազգ, ազգի պաշտամունք և հերոսության ու ազնվության սրբացում ու պաշտամունք: Իսկ հանրային պետության՝ հանրապետության մասին մենք միայն երազել կարող ենք, քանի որ հիմա չունենք դրանից: Մերը բռնապետություն է, քանի որ ժողովրդի ձայնը գողացվում է բոլոր ընտրությունների ժամանակ:
Հանրապետությունում պիտի իշխի հանրությունը, հասարակությունը, ժողովուրդը: Իսկ եթե այդ հանրապետությունը նաև ազգային լինի, մենք կատարյալ երկրում կապրենք, որովհետև ազգայինը նշանակում է ազգի շահերով առաջնորդվող: Նրանում պետությունը և ոստիկանությունը փողոցում կամ հրապարակում հավաքված մարդկանց չեն անվանի ամբոխ և գիշատիչի նման չեն հարձակվի նրանց վրա, այլ կհամարեն ժողովուրդ և կլսեն նրա ձայնն ու կենթարկվեն նրա պահանջներին, քանի որ պետությունը, ոստիկանությունն ու բանակը ժողովրդին, ազգին ծառայելու համար են, այլ ոչ թե ծառայեցնելու, ինչպես հիմա է: Եվ այս վերջին՝ ներկայի գործառույթի կատարման մեջ պետությունն ու եկեղեցին լավ էլ համագործակցում են իրար հետ ընդդեմ ազգի: Ազգը մնացել է անպաշտպան: Ազգը պետք է ինքն իրեն պաշտպանի:
Եթե մի երկրում ոստիկանության համար պետությունն ավելի սուրբ է, քան ժողովուրդը, ապա այդ երկրում իշխող պետությունը բռնապետություն է: Իսկ բռնապետության հետ կարող են համագործակցել միայն այնպիսի կազմակերպությունները, որոնց համար չկան սրբություններ: Իսկ սրբություններ չկան եկեղեցու համար, որովհետև նրա վարդապետությունը ազգի շահերից չի բխում, այլ ազգին վնասելու: Իսկ ազգի շահերից չի բխում, որովհետև օտարածին է, ոչ ազգային: Ճիշտ է, եկեղեցին ազգային է, քանի որ չի մտնում կաթոլիկ կամ ուղղափառ ավելի մեծ եկեղեցիների կազմի մեջ: Եվ դա նրա միակ առավելությունն է, և այն էլ դրանց մեջ մտնող այլ երկրների եկեղեցիների համեմատությամբ: Վերջ, մնացած ամեն ինչը նրանում թերություն է, որովհետև մեր ազգի արմատներից չի աճում: Ժամանակին եկեղեցին կտրեց մեր նախնիներին նրանց արմատներից և պատվաստեց օտար արմատներով ճյուղի վրա, ինչից էլ սկսվեցին ազգի դժբախտությունները, որոնք շարունակվում են մինչև այսօր: Եվ շարունակվելու են մինչև իրենց սկսած սև գործի հաղթական ավարտը, եթե ազգը չարթնանա, եթե չկպչի իր արմատներին և չսնվի նրանցից, եթե չփոխարինի հրեական Աստվածաշունչը հայկական Աստվածաշնչով՝ Ուխտագրքով արորդյաց, որը հրեականից հազար անգամ ավելի լավն է, ավելի ոգեղեն, ավելի իմաստուն ու մարդասիրական, եթե չվերադառնա արորդիների, արևորդիների, ազգորդիների սուրբ ու իմաստուն ուսմունքին, եթե չսկսի պաշտել ազգին, ոչ թե օտար անհայտ աստծուն: Մանավանդ, որ օտար աստծուն պաշտել սկսելուց հետո ազգը միշտ տուժել է, իսկ ազգին, ազգի աստծուն պաշտելու ժամանակ միայն բարգավաճել է: Մի՞թե սա կյանքի դաս չէ, շատ պատկերավոր ու համոզիչ դաս:
Բացի այդ, եթե մի երկրում ոստիկանության համար պետությունն ավելի սուրբ է, քան ժողովուրդը, իսկ պետության իշխանավորների համար իրենց գրպանն ավելի սուրբ է, քան ազգի գրպանը, ազգի շահը, նշանակում է, որ այդ երկրում խախտված են սրբությունների մասին պատկերացումները: Դա էլ նշանակում է, որ սրբությունների մասին պատկերացումներ ցանող կազմակերպությունը ձախողել է իր առաքելությունը: Հովիվը իր հոտին դեպի մարգագետին տանելու փոխարեն առաջնորդել է դեպի անդունդ: Հոգևոր հովիվը իր հոտին դեպի հոգևոր բարեկեցություն տանելու փոխարեն առաջնորդել է դեպի հոգևոր սնանկացում: Իսկ հոգևոր կատարելագործումից էլ պիտի բխեր նյութական բարեկեցության աճը, որը նույնպես չկա այս մոլորյալ ազգի երկրում: Սրբություններ չկան, հոգևոր աճ չկա, հոգևոր անկման պատճառով տգետ և չար մարդիկ դառնում են իշխանավորներ և ասպատակում երկիրը, կողոպտում, ավերում ու ամայացնում այն: Արդյունքում, նյութական բարեկեցություն չկա, ժողովուրդը լքում է նման վատ վիճակում հայտնված երկիրը, ազգի ներկայացուցիչները դավաճանում են իրենց հայրենիքին, լքելով այն, թողնելով այն սրբություններ չունեցող կազմակերպությունների գիշատիչ երախների դեմ անպաշտպան: Որքան էլ որ մենք ըմբռնումով և հանդուրժողաբար վերաբերվենք հայրենիքը լքողներին և չմեղադրենք նրանց, միևնույն է, դրանից երևույթի էությունը չի փոխվում՝ հայրենիքը լքելը միշտ էլ եղել է և մնում է դավաճանություն: Պարզապես չենք մեղադրում դավաճանության համար, որովհետև ստիպված են լքում, սակայն լքողը միշտ էլ դավաճանի կարգավիճակում է գտնվում:
Սակայն եկեղեցուն հակակշիռ չլինելը այնքան էլ զարմանալի չի թվա, եթե հաշվի առնենք, որ պետականության բացակայության երկար դարերի ընթացքում չի ձևավորվել դրա ավանդույթը և չի արմատավորվել ազգի գիտակցության մեջ: Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանը պատմականորեն կարճ ժամանակամիջոցի ընթացքում է ունեցել պետականություն, որովհետև եկեղեցին ձգտել է միանձնյա կառավարման, առանց հակակշռի: Եկեղեցու և պետության, կամ կրոնի և աշխարհիկության պայքարը Հայաստանում, ցավոք, ավարտվել է կրոնի հաղթանակով, որի արդյունքը երկրի և´ անցյալի, և´ ներկայի հետամնացությունն է: Որովհետև երկիրը զարգացնողը պիտի լիներ պետությունը, որը բացակայել է: Այնինչ, որքա՜ն զարգացած են այն երկրները, որոնք միշտ պետություն են ունեցել, աշխարհիկ տեր, իշխան, թագավոր, կառավարություն, որը մտածել է իր երկրի բարօրության մասին և զարկ տվել կյանքի ու գործունեության զանազան ոլորտների զարգացմանը: Իսկ մեզ մոտ միայն մեկ ոլորտ է լավ զարգացել՝ եկեղեցիների և խաչքարերի շինարարության ոլորտը: Արդյունքը եղել է ոչ միայն հետամնացությունը մնացած բոլոր ոլորտներում, այլև երկրի չափերի անընդհատ նվազեցումը: Դրա արդյունքն էլ, իր հերթին, եղել է կորուսյալ տարածքներում ազգի միակ ձեռքբերման՝ եկեղեցիների ու խաչքարերի կորուստը: Այսինքն` ազգը իզուր, անիմաստ վատնել է իր ջանքերն ու միջոցները: Եվ հիմա նույն իզուր ու անիմաստ գործընթացը նորից վերսկսվել է: Պատմության դասերն իզուր են անցել: Խե՜ղճ պատմություն:
Կարճ ասած, ամեն ինչ շատ վատ է: Սակայն ինչ-որ բանի վատը դեռ չի նշանակում դրա ավարտը, վերջնական կորուստը: Ղարաբաղյան հաղթանակը ցույց տվեց, որ հայ մարդու հոգին այնքան խորն է, որ ամենախորքերին դեռ չի հասել սրբապղծությունը, և մեծ վտանգի պահին այն կարող է հրաշքներ գործել: Ցավոք, այդ հաղթանակի վնասն էլ այն եղավ, որ ղարաբաղյան շարժման ալիքի վրա վեր բարձրացած ներքևի մարդիկ գրավեցին իշխանությունը և սկսեցին առաջնորդել ազգին դեպի ներքև, քաշել երկիրը դեպի ետ ու ցած, դեպի հատակ, դեպի քանդում ու ավերում: Եվ այդ շարժումը՝ ետընթացն ու ցածընթացը շարունակվում է մինչև հիմա: Հիմա մեծ վտանգի պահ է, հայի աստվածային ոգու արթնացման անհրաժեշտություն կա, որպեսզի այն իր սրբազան էության իմաստությամբ փրկի ինքն իրեն և իր երկիրը: Հույսեր կան, հայը կարող է դա անել, պետք է միայն հավատալ ուժերին, լսել սրտի ձայնը և ճիշտ ապրել կյանքում, ապրել աստվածային իմաստությամբ, ոչ թե եկեղեցական:
Քանի որ եկեղեցու ուսմունքը կարող է օգտակար լինել միայն շատ ցածր հոգևոր վիճակում գտնվող լայն զանգվածների, մեծամասնության համար, ուստի գրածս, իհարկե, ամեն մարդ չի հասկանա և ընդունի, այլ միայն մտավորականները և նրանց չափ մտավոր ու հոգևոր ներուժ ունեցողները: Եթե թեկուզ նրանց մի մասին էլ ճիշտ հետևություններ անելու մտավոր սնունդ տամ իմ մտքերով ու փաստարկներով, ապա ջանքերս իզուր չեն լինի, գոնե մի փոքր քայլ կարվի ընդդեմ ազգի կործանման, հանուն նրա փրկության:
Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ