Քաղաքագետ, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն արտաքին քաղաքականության վերջին զարգացումներին հետեւել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հարվարդի համալսարանում դասախոսությունների ընթացքում եւ Մաքսային միությանն անդամագրվելու որոշումը համարում է ոչ այլ ինչ, քան հետընթաց քայլ անգամ Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով։
«Եթե վերցնենք այդ բոլոր զարգացումներն ու վերադառնանք սկիզբ, ապա պիտի ասեմ, որ տվյալ դեպքում կարող էին շատ բնականոն զուգահեռ ձեւով զարգանային բանակցությունները եւ Ռուսաստանի ու ԵՄ-ի հետ, եւ Ռուսաստանը դեմ չէր, որ Հայաստանն ինչ-ինչ օգուտներ քաղի ԵՄ-ից, այսինքն, կար կոմպլեմենտար քաղաքականության հնարավորություն, սակայն, ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները փորձում էին ամրապնդել միայն իրենց իշխանության խնդիրը եւ անհեռատես քայլերով վատացրին հարաբերությունները թե Ռուսաստանի, թե ԵՄ-ի հետ»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Զոլյանը։
Նրա խոսքով, վերջին օրերին ընթացող քննարկումներն արհեստածին են, քանի որ Հայաստանը որեւէ ընտրություն չուներ, եւ, փոխանակ քննարկվեն Հայաստանի բուն խնդիրները, զբաղված են հարցադրումներով՝ Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա։ Երկու միությանն ինտեգրվելու դեպքում էլ Հայաստանն ի վիճակի չէ լուծել իր հարցերը։
Քաղաքագետը ճնշումները բացառում է։ Այն միայն ձեռնտու էր Եվրամիությանը՝ Ռուսաստանի դեմ հայտարարություն անելու համար։ «Տեսեք, եվրոպական չինովնիկները քննադատում են ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը, որովհետեւ Հայաստանը գործոն չէ: Եթե մենք օգտագործենք ֆուտբոլային դիվանագիտության մոտեցումը, Հայաստանը ոչ խաղացող է, ոչ էլ մրցավար, այն ավելի շուտ գնդակ է ով ավելի դիպուկ եւ ուժեղ կհարվածի, ուրեմն հաղթանակը նրանն է։ Այս ամենը եվրոպացիների նկատմամբ ազնիվ է եղել, որովհետեւ իրենք աչք են փակում աղաղակող փաստերի վրա, իրավունքների ոտնահարման վրա, իսկ ավելի շուտ՝ նրանք ինչ որ անում էին, դա անում էին Ռուսաստանի դեմ,- ասում Է Զոլյանը՝ ոչ արդարացի համարելով այն մտավախությունը, որ Հայաստանը դառնալու է Ռուսաստանի մաս։ – Ես դա արդարացի չեմ համարում, որովհետեւ մենք Ռուսաստանին պետք չենք»:
Կարդացեք նաև
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում