Սեպտեմբերի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու տափօղակով հոկեյի ընկերական հանդիպում՝ նվիրված օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ հոկեյի հավաքականի լեգենդար դարպասապահ Գեորգի Մկրտչյանի հիշատակին:
Նախադեպը չունեցող միջոցառումն անցկացվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ: Միմյանց հետ հանդիպելու են «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» հոկեյի ակումբները ներկայացնող աշխարհահռչակ հոկեիստները:
Լեգենդար հոկեիստներին առաջինը հյուրընկալեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ողջունելով հոկեյի լեգենդներին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ արել է առավելագույնը՝ հանդիպումն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ռուս հոկեիստներն ընդգծեցին, որ իրենց համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, հյուրընկալվել Գագիկ Ծառուկյանին և, ի նշան երախտագիտության, ՀԱՕԿ նախագահին անվանական մարզաշապիկ, խորհրդանշական հուշամեդալ և պատվոգիր հանձնեցին: Հոկեիստները ևս Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևատրվեցին հատուկ հուշամեդալներով և խորհրդանշական պարգևներով:
ԲՀԿ