«Արցախյան ազատամարտը դա ամբողջ հայ ազգի պատերազմն էր, ամբողջ աշխարհի դեմ պատերազմեցինք մենք. մեր դեմ կռվում էին թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները, թե՛ ռուսները, թե՛ Եվրոպան: Յուրաքանչյուր 25 տարին մեկ Հայաստանին պատերազմ է պետք, որ այդպես միավորվի»,- հայտարարեց հրամանատար Արամ Թորգոմյանը սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարության Սպայի տանը տեղի ունեցած ազատամարտիկների ու երիտասարդների երրորդ հանդիպման ընթացքում:
Հանդիպումը ուներ «Ճանաչենք նրանց» խորագիրը, և նրա նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել ազատամարտիկների հետ և «Գևորգյան մարտարվեստի դպրոցում» մարտարվեստի վարպետ, արևելյան բժշկության մասնագետ Լևոն Մոսինյանի անվան սրահ բացելն էր: Միջոցառման ընթացքում մասնակից ազատամարտիկները երիտասարդների հետ կիսվեցին Արցախյան պատերազմի իրենց պատմություններով և պատասխանեցին նրանց հարցերին:
Ազատամարտիկ Սամվել Փափազյանը խորհուրդ տվեց երիտասարդներին լինել միասնական, լավ տիրապետել մարտարվեստներին.
«Այսօրվա բանակը 20 տարի առաջվա բանակը չէ. Ժամանակները փոխվել են, զենքի տեսակները փոխվել են՝ արդիականացել են, պետք է լավ տիրապետել ֆիզիկային, մաթեմատիկային, երկրաչափությանը, որպեսզի օգտագործենք ժամանակակից զենքեր»:
Մարտարվեստի վարպետ, արևելյան բժշկության մասնագետ Լևոն Մոսինյանը նշեց, որ չնայած չի եղել մարտի դաշտում, բայց եղել է միասնական բռունցքի մեջ.
«Մարտարվեստով զբաղվողը պետք է կարողանա, այնպիսի հնարքներ ստեղծել, պարապել և փոխանցել իր սաներին, որ օգտագործվի ռազմադաշտում, օրինակ՝ խրամատներում: Որովհետև այսօր այն ժամանակներն են, որ ձեռքն ու ոտքը կատարելագործելով չենք կարող զենքի դեմ պայքարել: Բայց միտքը, բնավորությունը, կամքը դաստիարակելով կարող ենք այնպես անել, որ նա իմանա զենքը երբ և ինչպես օգտագործել»:
Միջոցառման ընթացքում մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվեցին հուշամեդալներով և պատվոգրերով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ