Բնակիչներին չգցել 252 միլիոն դրամի ավելորդ ծախսերի տակ
ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանի մոտավոր տվյալներով, միայն Շիրակի մարզում 10 հազար 600 կառույց կա, որոնք պետական գրանցում չունեն: Եվ եթե, ըստ այս պաշտոնյայի, Շիրակի մարզպետարանը տվյալ դեպքում հետևողական չլինի, ապա բնակիչները կզրկվեն իրենց գույքը անվճար գրանցելու հնարավորությունից ու 252 միլիոն դրամ կտուժեն:
Ի դեպ, դա միայն գրանցման վճարն է: «Առաջին պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո բավականին մի ստվար միավորների թիվ ունենք, որոնք առաջին պետական գրանցումների ժամանակ չեն գրանցվել: Կոմիտեի նախագահի կարգադրությամբ կազմվեցին այդ ցուցակները, ըստ համայնքների, անվանական ցուցակները, որ համայնքներում ինչքան չգրանցված գույք կա մինչև այսօր: Գրանցումը առաջին պետական գրանցման ժամանակ անվճար էր իրականացվում, այսինքն` մենք ընդառաջեցինք, որպեսզի մարդկանցից դրա համար վճարներ չգանձեն: Եվ այդ նամակները՝ շրջաբերականների հետ միասին, ուղարկեցինք մարզպետարաններին, մարզպետարանները ուղարկեցին համայնքներին այդ ցուցակները, սակայն ես մի թեթև, փոքր դժգոհություն պետք է ներկայացնեմ մարզպետարանների էդ ուղղությամբ աշխատանքից, չգիտեմ դա ճիշտ է, թե սխալ, բայց մենք այդ ցուցակները տրամադրել ենք, սակայն համայնքի ղեկավարներից դեռ պատասխան չենք ստացել: Համայնքները պետք է ճշգրտեին` որտեղ ինչքան չգրանցված գույք կա, ներկայացնեին մեզ և համատեղ աշխատանքի ընթացքում աշխատեինք գրանցել: Ես ուզում եմ մարզպետարանի ներկայացուցիչները իմանան, որ եթե մինչև հիմա, կառավարության 867 որոշմամբ առաջին պետական գրանցումների աշխատանքից հետո նախատեսված էր հավաստագիր ստանալու դեպքում վեց ամսվա ընթացքում իրականացնել անվճար պետական գրանցում, վեց ամսից հետո արդեն դառնում էր վճարովի: Բայց մենք վերլուծեցինք ու տեսանք, որ թիվը շատ է , մենք այդ վեց ամիսը հանեցինք: Բայց մենք հիմա որոշել ենք. այսպես թողնելով ոչ մի գրանցում չի լինի, մենք, երևի, հունվարի 1-ից կփոխենք անվճար գրանցումը ու կդարձնենք վճարովի: Մի թիվ միայն բերեմ, մեր նախնական ցուցակներով միայն Շիրակի մարզում կա 10 հազար 600 չգրանցված գույք և եթե վճարման գումարները հաշվենք դրանց, մեկ միավորը 25 000 է, եթե անցնենք վճարովի, ապա այդ 10 հազար 600 միավորների դեպքում 252 միլիոն միայն գրանցման վճարը կկազմի, դե պատկերացրեք բնակիչներին ինչքան վնաս կտանք»,-նախազգուշացրեց կադաստրի պաշտոնյան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ