Նրա փաստաբանի նախնական կարծիքով գազի արտահոսքը պայմանավորված է եղել համապատասխան մարմինների թույլ տված բացթողումների հետեւանքով
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է «Դրախտ» ռեստորանային համալիրի տնօրեն Սամվել Թորոսյանի դատաքննությունը:
Դատաքննությունն այժմ վկաների հարցաքննության փուլում է: Այսօր հարցաքննվեցին մեղադրանքի կողմից հրավիրված վկաներ, սակայն, աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով դատաքննության օրը տեղափոխվեց մինչ սեպտեմբերի 30-ը:
Համաձայն մեղադրական եզրակացության` Սամվել Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի օգոստոսի 31-ից աշխատելով «Օշին» ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն և հիշյալ ընկերությանը պատկանող Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում զբաղվելով հանրային սննդի սպասարկմամբ` մատուցել է սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ, որն անզգուշությամբ առաջացրել է 4 անձանց մահ:
Կարդացեք նաև
Վերջիններիս մահվան պատճառը եղել էր գազի վառարանի ոչ ճիշտ օգտագործումը, որի հետևանքով նրանք թունավորվել էին:
Հակառակ սրան` 63-ամյա Սամվել Թորոսյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը, Aravot.am-ի հետ հարցազրույցում նկատում է, որ իսկզբանե իր պաշտպանյալը մեղքը չի ընդունել, դատաքննության փուլում էլ ամեն ինչ անելու են, որպեսզի ապացուցեն, որ Սամվել Թորոսյանը առաջադրված մեղադրանքում մեղավոր չէ:
Նա նկատում է, որ գազի արտահոսքը պայմանավորված է եղել ոչ թե տնօրենի մեղքով, այլ թերություններ են եղել համապատասխան մարմինների կողմից:
«Իմ նախնական կարծիքով թերություններ են եղել սերվիզի կողմից, եւ բացթողումներ են եղել «ՀայՌուսգազարդի» աշխատակիցների կողմից, որոնք իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել»,-ասում է նա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ