Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանից հետաքրքրվեց՝ եթե տասը միավորանոց համակարգով գնահատելու լիներ Հայաստանում բարձրագույն կրթության համակարգի վիճակը՝ բոլոր բաղադրիչներով հանդերձ, քանի՞ միավոր կշնորհեր: «Հաստատ յոթ կնշանակեի, որովհետեւ մեր բարձրագույն կրթության ոլորտի վիճակն այնքան վատ չէ, ինչքան ներկայացվում է: Խնդիրներ ունենք, աշխատանքներ տարվում են, ընդ որում, որոշ խնդիրներ բնորոշ են ոչ միայն մեր, այլեւ զարգացած տնտեսություն ունեցող երկրներին՝ նույնպես»,-ասաց պարոն Սուքիասյանը:
Նա համաձայնեց, որ կան կոռուպցիոն որոշ դրսեւորումներ, բայց հավելեց, թե ռիսկերը գնալով նվազում են, ինչի մասին փաստում են նաեւ ԿԳ նախարարության կողմից իրականացվող հարցումները եւ անկախ կազմակերպությունների՝ իրենց պատվերով արած զեկույցները: Ռոբերտ Սուքիասյանն ասաց, որ առաջիկայում կներդրվի տեղեկատվական նոր համակարգ, որի արդյունքում բուհերի գործունեությունը էլեկտրոնային «առումով» հասանելի ու «թափանցիկ» կլինի: Նրա խոսքով, բուհերի վարկանիշավորումը թափանցիկության հաջորդ գործիքն է, որը կներկայացվի հաջորդ տարի:
Ռոբերտ Սուքիասյանի հետ հարցազրույցի մանրամասները եւ «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան» գրասենյակի պատվերով արված «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում» զեկույցի վերաբերյալ տեսակետը՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Բավական է այսքան անլուրջ մոտենալ ամեն հարցին: Նա յոթ է նշանակում. ինքն իր ոլորտին գնահատական է նշանակում: Իսկ իրեն ինչ գնահատական է պետք դնել? Բավական է խաբենք ինքներս մեզ, չկա լիարժեք բարձրագույն կրթություն հայաստանում, կա միայն դրա իմիտացիան: Իսկ սույն պարոնն էլ 7 է նշանակում: Իսկական կոմեդիա …