«Մաքսային միությանը միանալու պարագայում միանգամայն այլ գներով են հաշվարկվելու գազի եւ էներգակիրների գները: Ես հիմա դժվարանում եմ ասել, թե ինչպե՞ս կփոխվի գազի գնագոյացումը Հայաստանի ներսում, որովհետեւ դա Հայաստանի իշխանությունների խնդիրն է, բայց վստահ կարող եմ ասել, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում, Ռուսաստանից Հայաստան գազը եւ նավթամթերքները բաց կթողնվի ռուսական ներպետական գներով»,-այսօր հայտարարեց «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը`«Դեպի Եվրասիական միություն» նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկման ժամանակ:
Քննարկումը նվիրված էր Հայաստանի դիրքորոշմանը`Եվրասիական միությանը կամ Եվրոպական միությանն անդամակցելու հարցին: Բանախոսի հավաստմամբ, դա նշանակում է. «Որ մեր տնտեսության շատ ճյուղեր կունենան զարգանալու, աճելու, շունչ քաշելու հնարավորություն`սկսած ադամանդագործությունից, վերջացրած մթերքների վերարտադրությունը: Սա միանգամայն իրական հեռանկար է»:
Նա վստահեցրեց, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման առիթով արված ոչ մի տնտեսական հետազոտություն այնպիսի տնտեսական հեռանկար չի խոստանում, ինչպիսին Մաքսային միությանը միանալու պարագայում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ