«Համատիրությունների նախագահների ասոցիացիա» հ/կ նախագահ Արամ Գրիգորյանը ջրամատակարարման ծառայություններում քաղաքացիներին բյուրոկրատական քաշքշուկներից ազատելու համար ընդդեմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայցով դիմել է Վարչական դատարան:
Այսօր գործով նախնական նիստն էր, որին չէր ներկայացել պատասխանող կողմը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից դատարանին խնդրել էին դատական նիստն անցկացնել առանց իրենց ներկայացուցչի ու իրենց ներկայացրած նյութերի հիման վրա:
Դատարանի որոշմամբ, նախնական նիստը սկսվեց առանց պատասխանող կողմի, դատարանը լսեց հայցվոր կողմի պահանջը:
«Երբեմն ջրամատակարարման ծառայության ժամանակ խնդիրներ են առաջանում` ջրի հոսքեր, վթարներ, եւ քաղաքացիները չգիտեն` այդ խնդիրներով ում դիմեն, ով պետք է վերացնի: Դիմում են ջրմուղին, ջրմուղն ասում է` էդ համակարգը իմը չէ, դիմեք տեղական ինքնակառավարման մարմիններին, այստեղից էլ ուղարկում են նորից ջրմուղ կամ համատիրություններ: Այսինքն, կառավարման համակարգում որեւէ օղակ տեղյակ չէ` ինչպես պետք է լուծվեն խնդիրները»,- բացատրեց Արամ Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ տեղեկացրեց, որ այդ հարցով դիմել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հանձնաժողովը, ըստ նրա, համաձայն օրենքի՝ պարտավոր է այս խնդիրներին լուծում տալ, բայց. «Հանձնաժողովը չփորձեց քննարկումներ կազմակերպել եւ խնդրին լուծում տալ: Որ ջրմուղը քաղաքացուն չասի գնա թաղապետարան, թաղապետարանը չասի գնա ջրմուղ, փաստաթղթում հստակ պետք է գրվի, որ ջրամատակարարման այս հատվածը սա է վերահսկում, այն հատվածը` ուրիշ կառույց: Իսկ ջրային օրենսգիրքը պարտադրել է, որ հանձնաժողովը այնպիսի փաստաթուղթ , որոշում պետք է տա, որտեղ հստակ նշվի, թե ջրամատակարարման որ հատվածը որ կառույցը պետք է շահագործի:
Հանձնաժողովը այդ որոշումն ընդունել է առանց իրականացնելու: Մեր պահանջը շատ հստակ է` այդ որոշումը կասեցրեք, համակարգի նկարագրությունը ներառեք այդ որոշման մեջ, ընկերությունները թող աշխատեն` բայց իմանալով՝ ով որ մասը պետք է շահագործի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ