Այսօր ԵՊՀ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Հայոց բանակում առկա խնդիրներին, մասնավորաբար՝ զինծառայողների՝ միմյանց եւ սպաների հետ ունեցած կոնֆլիկտներին, նկատեց, որ «բանակը հասարակության հայելին է», եւ եթե հասարակության մեջ առկա են միջանձնային խնդիրներ, կոնֆլիկտներ, ապա բանակում կատարելապես խուսափել դրանից՝ հնարավոր չէ: Տղաները մեծանում են կեղծ արժեքներով, որոնք նրանք մանկուց ստանում են փողոցից, դպրոցից, տանը, հեռուստացույցից, եւ նրանց համար շատ դժվար է հետո լինում ենթարկվել զինվորական խիստ ռեժիմին. «Հրամանատարները պետք է դաստիարակչական աշխատանքները պատշաճ կերպով իրականացնեն: Հավաստիացնում եմ ձեզ, որ դաստիարակչական աշխատանքները մի մեծ համակարգ է, որի կատարելագործման վրա աշխատում ենք: Ինչպես ամեն ուսուցիչ, ամեն ծնող, այնպես էլ ամեն հրամանատար պետք է այդ համակարգում իր դերն ունենա: Իր անձնական օրինակը ցուցադրելով, գիտակցված վերաբերմունքով, գաղափարական համոզմունքներով, յուրաքանչյուր զինվորի համար ավագ ընկեր լինելով նա պետք է հասնի նրան, որ բանակը՝ որպես ռեժիմային կառույց, կարողանա պայքարել փողոցային տարբեր բարքերի դեմ: Այս հարցում մենք անհաշտ պայքար ենք մղելու: Էլ որտեղ կարելի է փողոցային բարքերի դեմ պայքարել, թե ոչ բանակում: Ու այդ բարեփոխումներն իրականացնելու մեջ խիստ կարեւոր է բանակ-հասարակություն կապը: Հասարակությունը պետք է մասնակից լինի դրան եւ վերահսկողություն իրականացնի»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ