Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական երիտասարդը պնդում է, թե Տիգրան Առաքելյանի մասին հայտարարություն չի ընդունվել

Սեպտեմբեր 18,2013 16:07

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացվեց «Արդի սոցիալ-տնտեսական վիճակը և քաղաքականացված երիտասարդությունը» խորագրով եռօրյա համաժողովը, որին մասնակցում էին ընդդիմադիր և իշխանական թևի երիտասարդներ: Քննարկման արդյունքում նրանք պետք է ստորագրեին առաջարկությունների փաստաթուղթ:

Համաժողովի ավարտից հետո ՀԱԿ երիտասարդական թևի ներկայացուցիչները լուրեր տարածեցին, թե Ծաղկաձորում ՀԱԿ-ի երիտթեւի ներկայացուցիչների նախաձեռնությամբ ընդունվել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Մենք` ներքոստորագրյալներս, ք. Ծաղկաձորում մասնակցելով ՀՀ-ում կուսակցությունների երիտասարդական թևերի և միությունների հանդիպմանը, վերհիշելով 2011 թվին մեծամասնության կողմից ստորագրված համաձայնագիր-հայտարարությունը, յուրաքանչյուրս ներկայացնելով իր կուսակցությունը, հասարակական կազմակերպությունը, դատապարտում ենք Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի հանդեպ իրականացվող կողմնակալ և ապօրինի դատավարությունը, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին և արդար դատավարություն անց կացնել վերոնշյալ երիտասարդ քաղաքական ակտիվիստների նկատմամբ»:

Նրանք պնդում են, որ այս հայտարարության տակ, բացի ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից, ստորագրել են բոլոր մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչ երիտասարդները:

Այս առիթով ՀՀԿ ԵԿ կազմակերպության անդամ Տարոն Պարսամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Որոշ մարդիկ իրականությունը սխալ պատկերելով` անտեղի շահարկումներ արեցին: Բնականաբար հարմար առիթը բաց չթողեցին նաև քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող անհատները և մեկը մյուսին հերթ չտալով` սկսեցին իրենց համար «բարի» հերոսի կերպարներ կերտել: Ծաղկաձորյան համաժողովի շրջանակներում կնքվել է ընդամենը մեկ պաշտոնական փաստաթուղթ, որի տակ ստորագրել են բոլորը: Այն բաղկացած է երեք կետերից և դրա մեջ չկա ՀԱԿ ակտիվիստներից որևէ մեկի մասին ինֆորմացիա: Սա ստորագրելուց հետո բոլորը, այդ թվում ՀԱԿ ներկայացուցիչները, բաժակ են բարձրացրել և նրանցից ոչ ոք չի ասել, եթե չավելացվի այսինչ կետը, մենք չենք ստորագրի: Իրականում պաշտոնական համաձայնագիրը կնքվում է վերջին օրը`բոլորի առաջարկած կետերի հիման վրա, իսկ ահա ՀԱԿ ներկայացուցիչները կոնֆերանսի առաջին իսկ օրվանից օրակարգից անկախ իրենց ձեռքում ունեցել են մի ձեռագիր թղթի կտոր, որը նախատեսված է եղել հանգստի ժամերին «պատերի տակ» ստորագրություններ հավաքելու համար»:

Գնահատելով կատարվածը` Տարոն Պարսամյանը նշեց. «Սա ուղղորդված և հրահանգված էր: Այն կարծիքին եմ, որ երիտասարդները պետք է համարձակորեն արտահայտեն սեփական մտքերը, որոնք կարող են նաև չհամընկնել պաշտոնական դիրքորոշումների հետ, ու կոնֆերանսի մասնակիցները կվկայեն, որ սրանք միայն խոսքեր չեն, և մենք դա ապացուցել ենք գործնականում: Տրամաբանական եմ համարում, որ ՀԱԿ երիտասարդները բարձրացնում են այդ հարցը, սակայն, ցավում եմ, որ նրանք դա շահարկում են: Խնդիրը բովանդակությունը չէ, այլ դրա մատուցման ձևը: Ես անձամբ հնարավոր է բոլորովին այլ դիրքորոշում հայտնեի այս հարցի շուրջ, եթե չլիներ նման նենգ և պրովոկացիոն քայլ, որը անպայմանորեն ազդեց կոնֆերանսի որակի վրա: Եթե ՀԱԿ երիտասարդները դասեր քաղեն կատարվածից, հաստատ մեր երիտասարդներից կարող են ակնկալել աջակցություն և համագործակցություն նույնիսկ ամենասուր քաղաքական հարցերի շրջանակներում»:

Տարոն Պարսամյանը փաստեց` բոլորը լավ հասկանում են, որ Տիգրան Առաքելյանի թեման ժամանակի հարց է և առհասարակ այս պահին արհեստական հնչեղությամբ է շահարկվում: Ըստ նրա` որոշ ժամանակ անց այս հարցը փակված կլինի, սակայն «նման սադրիչ գործելաոճը դեռևս երկար ժամանակ կխանգարի մեր միջև ձևավորված համագործակցային գործընթացին…. Կխնդրեմ կշեռքի վրա դնել և համեմատել այդ «ֆարս» օպերացիայից ստացած էժան դիվիդենտները ու մեր միջև ձևավորված հարգանքը…..»:

Տարոն Պարսամյանը ամփոփեց. «Այժմ առավել քան ակնհայտ է, թե ինչու երկխոսություն ասածը մեր քաղաքական ուժերի միջև չի ստացվում: Սիրելի ՀԱԿ երիտասարդներ, նմանվեք ոչ թե Լևոն Զուրաբյանին, այլ Նիկոլ Փաշինյանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Shaghik says:

    https://ilur.am/news/view/18606.html Ահա և Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդների պատասխան հայտարարությունը։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30