«Հավես չունեմ…», «Մի քիչ հետո…», «Հիմա չէ էլի…». այս և նմանատիպ այլ արտահայտություններ այսօր հաճախ ենք լսում ալարկոտ երեխաների կողմից: Թերակտիվությունն ու նստակյաց կյանք վարելը շատերի մոտ արդեն սովորության նման է դառնում, այլ կերպ չեն էլ փորձում ապրել, գուցե չիմանալով, որ մի շարք հիվանդություններ առաջանում են հենց նստակյաց կյանքի պատճառով:
«Ավելի լավ է մնամ տանը, համակարգչով խաղամ, քան դուրս գամ բակ – ասում է 9-ամյա Արմանը, – մենակ ֆուտբոլ եմ սիրում խաղալ բակում, մնացած բոլոր խաղերը համակարգչով եմ խաղում, ավելի հեշտ»:
12-ամյա Հրանտն էլ կարծում է՝ բոլոր խաղերը հնարավոր է համակարգչով խաղալ. «Հեծանիվ էլ եմ քշում, մոտո էլ, ֆուտբոլ էլ եմ խաղում… բոլոր խաղերը, որոնք բակում են խաղում, ես տանն եմ խաղում, – ասում է նա, – այդ խաղերում կարողանում եմ հաղթել, իսկ բակում ինձնից ավելի ուժեղ խաղացողներ կան»:
«Արաբկիր» բժշկական համալիր–Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը երեկ հրավիրված ասուլիսում ասաց, որ մեծահասկաների վաղաժամ հիվանդանալու հակումը և մահացածության ցուցանիշը պայմանավորված է նաև դեռահաս տարիներին ձևավորված անառողջ ապրելակերպով. «Դեռահասությունն այն շրջանն է, երբ մարդ մոդելավորում է իր կյանքը, – նշեց բժիշկը, – ցավոք ֆիզիկական առողջության տեսակետից մենք լավ ցուցանիշներ չունենք, մեզանից ավելի վատ վիճակում միայն Թուրքիան է: Մեզ մոտ անհամեմատ ավելի շատ դպրոցականներ են ժամանակ անցկացնում համակարգչի, հեռախոսի մոտ»: Խոսելով երեխաների նստակյաց կյանք վարելու մասին, պարոն Սարգսյանն ասաց, որ հեռուստացույց նայելով ռեկորդակիր են հայ դեռահաս աղջիկները, ինչը ֆիզիկական թերակտիվության պատճառ է դառնում. «Ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրները տարածված են ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանում հիմնականում տարածված են շնչառական առողջության, աղեստամոքսային խնդիրները, գիրությունը, դեպրեսիաները», – նշեց բժիշկը:
Կարդացեք նաև
Տիգրանուհի Թասլակյան