Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է ձևավորել Ռուսաստանի և խորհրդային անցյալի նկատմամբ բարդույթներից զերծ ընդդիմություն»

Սեպտեմբեր 18,2013 15:04

irates.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի» փորձագետ ՄԱՐԹԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ

– ԵՄ տարբեր պաշտոնյաներ հայտարարեցին, որ ՀՀ-ն չի դիմացել ՌԴ-ի ճնշումներին, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը անակնկալի եկավ Հայաստանի՝ 180 աստիճան կատարած շրջադարձից: ԵՄ պաշտոնյաներն այդքան միամի՞տ էին, չէի՞ն պատկերացնում, որ Հայաստանը կախվածություն ունի Ռուսաստանից և չի կարող կտրուկ փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը:

-Իհարկե ԵՄ պաշտոնյաները միամիտ չեն, և նրանց հայտարարություններն էլ պատճառաբանված են ու հաշվարկված: Տվյալ դեպքում նախ պարզենք, թե որն է իրականում ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը, ինչպիսին է այս դեպքում Ռուսաստանից Հայաստանի կախվածության իրական աստիճանն ու էությունը, ինչն էլ հանգեցրել նման հայտարարությունների: Արդյոք Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացը, դրանից շատ ավելի երկար տարիներ ընթացող ԵՄ-Հայաստան համագործակցությունը և դրանով պայմանավորված և իրականացված ծրագրերը, բազմաթիվ պաշտոնական հայտարարությունները և հավաստիացումները եվրաինտեգրման ուղով գնալու մասին մեր արտաքին քաղաքականության զարգացման ուղղությունը չէի՞ն անկախության հռչակումից ի վեր:

Եվ, անշուշտ, այս բոլոր գործընթացները տարվում էին Ռուսաստանի հետ երրկողմ հարաբերությունների պահպանման պայմաններում և Ռուսաստանից Հայաստանի իրական, օբյեկտիվ կախվածության գործոնը հաշվի առնելով: Այդ հաշվարկը արվել է և՛ մեր, և՛ եվրոպացիների կողմից և անկասկած նախատեսել է նաև բոլոր ռիսկերի և հետևանքների հնարավոր չեզոքացում: Եվ այդ ամենից հետո կայացվում է մինչև վերջին պահը շարունակաբար ժխտվող մի որոշում, որն իր էությամբ հակասում է այս բոլոր գործընթացներին, հակասում է Հայաստանի շահերին թեկուզ և նրանով, որ առնվազն կասեցնում է եվրաինտեգրման և իրական զարգացման հեռանկար ապահովող գործընթացը՝ հօգուտ Ռուսաստանի կայսերական ամբիցիաներն ու տնտեսաքաղաքական շահերը սպասարկելուն կոչված, դեռ չկայացած և անհայտ ապագա ունեցող մի կառույցի:

Այս որոշումն ակնհայտորեն հարվածում է ոչ միայն մեր շահին, ապագային, Հայաստանի վստահելիության վարկանիշին, այլ նաև ցանկացած ՀՀ քաղաքացու ինքնասիրությանը և իր ձևով ու բովոնդակությամբ ոչ թե արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն է ազդարարում, այլ ինքնիշխանությունից հրաժարվելու գործընթաց:

Ակնհայտ է նաև, որ այդ որոշումը կայացվել է ճնշումների արդյունքում, սակայն, իմ խորին համոզմամբ, այդ ճնշումների հիմնական բովանդակությունը կամ մեխը եղել են ոչ թե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը կամ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության հետ կապված հարցերը, այլ պարզապես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման և անձնական անվտանգության խնդիրը:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ է ակնկալում Եվրոպական Միությունը Հայաստանից, ի՞նչն է ուզում փոխել մեր երկրում, երբ հարկ եղած դեպքում աչք է փակում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումների վրա:

-Նախ եկեք չմոռանանք, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրոպական Միությունը. դա անկախ պետությունների տնտեսաքաղաքական միություն է իր շահերին համապատասխանող, հստակ արտաքին քաղաքական օրակարգով, այլ ոչ թե իրավապաշտպան կազմակերպություն: Այն հարաբերվում է նախ և առաջ այլ պետությունների իշխանությունների հետ և վարում վերջիններիս ներգրավման քաղաքականություն: Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը միշտ եղել են նրանց ուշադրության կենտրոնում և ներառվել են իշխանությունների հետ բանակցությունների օրակարգում:

Սակայն ԵՄ-ի կողմից կիրառվող ճնշումների ուժը և դրա հնարավոր արդյունքները կամ հետևանքները նախ և առաջ համապատասխանեցվում են իրենց քաղաքական նպատակներին և կախված են տվյալ երկրում իշխանություններին ընդդիմացող քաղաքական ուժի վստահելիության ու կանխատեսելիության աստիճանից:

Եվրոպայի ակնկալիքները Հայաստանից պետք է դիտարկել տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու նրանց ձգտման ենթատեքստում: Ռուսաստանից վերջնականապես, արդեն իսկ ինստիտուցիոնալ ձևով կախվածության մեջ հայտնված Հայաստանը ոչ միայն հետաքրրքրություն չի ներկայացնի այլևս որպես գործընկեր, այլ նաև կդիտարկվի որպես տարածաշրջանում լարվածության մշտական աղբյուր, իսկ, որոշակի զարգացումների դեպքում, նույնիսկ սպառնալիք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Սրանից խուսափելու համար Եվրոպայի վերջին տարիների հիմնական ցանկությունը կամ ակնկալիքն է եղել, որպեսզի Հայաստանը չդառնա գործիք Ռուսաստանի ձեռքում և հնարավորինս պահպանի իր ինքնիշխանությունն ու անկախ քաղաքականություն վարելու ունակությունը: Հենց այստեղ է, որ մեր պետական, ազգային շահերը համընկնում էին և համընկնում են ԵՄ շահերի հետ:

-Դուք ունեք եվրոպացի պաշտոնյաների հետ աշխատելու, համագործակցելու բավականին փորձ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը, ի՞նչ քայլեր պետք է նախաձեռնի՝ ստեղծված վիճակից դուրս գալու համար:

-Տվյալ դեպքում եվրոպացի պաշտոնյաների հետ աշխատելու կամ համագործակցելու փորձն առանձնապես նշանակություն չունի, քանի որ ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն, ներուժ գտնելը նախ և առաջ մեր ներքին խնդրն է և անհրաժեշտությունը, մեր հասարակության և քաղաքական ուժերի խնդիրը: Քիչ հավանական է, որ իշխանությունը կամք և ուժ կգտնի այս փակուղուց դուրս գալու համար: Միակ բանը, ինչ կարող է անել այս պահին, տարբեր հնարքներով ժամանակ շահելու փորձն է, ինչը խնդրի լուծում չէ:

Եվ նորից առաջնային է միասնական, անկախության գաղափարով ու խաղաղության հասնելու ձգտումով միավորված և դրանով ուժեղ, համակարգային փոփոխությունների և իր գործողությունների համար մինչև վերջ պատասխանատվություն կրելու պատրաստ, ինչպես նաև Ռուսաստանի և խորհրդային անցյալի նկատմամբ բարդույթներից և կախվածությունից ազատ ու վստահելիության վարկանիշ ունեցող նոր ընդդիմության ձևավորումը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ Մարթա Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30