Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը խոսեց իր «Դեպի բացարձակ ժողովրդավարության ճանապարհին» գրքի մասին, որը սեպտեմբերի 14-ին ներկայացվել է Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ, որին ներկա են եղել հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողներ, հասարակական գործիչներ:
Պարույյր Հայրիկյանը տեղեկացրեց, որ առաջին անգամը չէ, որ ինքը մասնակցում է այդ միջոցառմանը, նա շատ կարեւոր համարեց նման միջոցառումների կազմակերպումը: «Թեքալին այսօր արդեն միայն գյուղ չէ: Նրա հետ կապված արդեն խոսվում է խաղաղարար լուրջ նախաձեռնությունների մասին: Այս գյուղի անունը նաեւ զուգորդում է հակամարտության մեջ գտնվող ժողովուրդների միջեւ բարի դրացիական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակների մասին: Որքան էլ ճամարտակենք, միեւնույն է՝ մենք չենք հասել աշխարհի բոլոր ժողովուրդների, նաեւ հայերիս համար կարեւորագույն ձեռքբերմանը` արժանապատիվ ու արդարացի խաղաղությանը: Այսպիսի վիճակը ձեռնտու էր եւ Հայաստանի իշխանությունների համար, որպեսզի արդարացնեն «100 տոկոսով էլ հաղթեք, իշխանությունը պիտի մերը մնա» հիվանդագին բանաձեւը եւ ադրբեջանական իշխանությունների համար, որովհետեւ միայն այսպիսի իրավիճակում կարող են գաղտնի ռազմական ծախսերի անհրաժեշտությունը շահարկելով գրպանել միլիոնավոր «նավթադոլարները»,-տեղեկացրեց Պարույր Հայրիկյանը, ավելացնելով, որ սադրիչ դրսեւորումների փորձեր են եղել, տարբեր հ/կ-ների ներկայացուցիչներ իրենց ելույթներում խոսել են այն մասին, թե Հայաստանը փորձում է խախտել Վրաստանի ամբողջականությունը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ