«Մենք որեւէ բան չենք որոշել, պարզապես հրավեր ենք ստացել: Ազատության հրապարակը բռնազավթված է Րաֆֆի Հովհաննիսյանի`ընդդիմության կողմից, մեկ ամսով այն տրամադրել են «Ժառանգությանը»: Մենք թույլտվություն ստացանք «Շառլ Ազնավուրի» հրապարակում հանրահավաք անել, բայց հասկացանք, որ այդ կերպ պիտի պառակտվեր»,- այսօր «Նոյան Տապան» լրատվական կենտրոնում տեղեկացրեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, նշելով, որ իր օգնականները հանդիպել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգնականներին, այնուհետեւ իրենց առաջարկվել է համատեղ հանրահավաք անել, եւ քանի որ Պարույր Հայրիկյանը չի ցանկացել որեւէ պառակտող բան անել, ապա հնարավոր է կյանքի կոչել համատեղ հանրահավաք անցկացնելու գաղափարը: Այս հարցը սակայն վերջնականապես կհաստատվի վաղը` ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի նիստի ժամանակ: «Ես հայտարարել եմ ու խոսքերից հետ չեմ կանգնում, Րաֆֆիենց հետ աշխատելը շատ դժվար է: Օրինակ, երբ նա գնում էր նախագահի հետ հանդիպելու, ո՞ր քաղաքացին իմացավ, թե նա ինչ խոսեց… Ես այդպես չեմ աշխատում եւ իրավունք ունեմ կասկածելու…»,-ավելացրեց Պարույր Հայրիկյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ