Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործը՝ Գյումրիում

Սեպտեմբեր 18,2013 14:12

Դատարանը սկսել է հարցաքննել այս գործով  ամբաստանվող գյումրեցի պաշտոնյաներին

Երեկ  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նշենք, որ այս գործով մեղադրվում են Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով փախուստի մեջ է, ինչպես նաեւ  վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը: Նա  Հ1 հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրն է եւ այս գործով միակ կալանավորվածը: Նախկին գործընկերները  մեղադրվում են կեղծ փաստաթղթեր սարքելու,  պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու՝ ընդհանուր  առմամբ  91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումարներ յուրացնելու մեջ: Նշենք, որ այս գործով կային 125 վկաներ, որոնցից հարցաքննվել են 103-ը, իսկ մնացածը կամ Հայաստանում չեն, կամ էլ դատական պրոցեսի  ընթացքում հերթով մահացել են: Խոսքը ծեր կենսաթոշակառուների մասին է: Օրինակ՝ երբ դատարանը հարցաքննեց Հերիք Մուրադյանին՝ հետաքրքրվելով, թե որտե՞ղ է իր հարեւանուհին՝ Վարդանուշ Բաղրամյանը, որի անունով կրկնակի թոշակ է գրվել ու դուրս բերվել, այս տիկինը հպարտ-հպարտ պատասխանեց՝ Շիրակում: Դատավորի այն հարցին, թե որտե՞ղ է Շիրակը, վկան պարզաբանեց՝ գերեզմանոցում,  էլ որտե՞ղ: Մի խոսքով՝ դատարանը հասել է  ամբաստանյալների հարցաքննությանը:

Այս գործով մեղադրվող անձանցից մեկը՝ Անյա Խաչատրյանը, փախուստի մեջ է, հետեւաբար եւ դատարանը ստիպված եղավ հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Տիկինը նշել է, որ 2005-2010 թվականներին աշխատել է որպես սոցապի վճարումների ծառայության վճարման տեսուչ: Նրան նախաքննական մարմինը հարցրել է, թե   2009 թվականի հունվարին թոշակառու Գեորգի Պոտոսյանին վճարե՞լ է արդյոք 93,300 դրամ, Միքայել Ղազարյանին՝ 168.100 դրամ, Ռոզա Խաչատրյանին՝ 87 000 դրամ, վերջիններս նշել են, որ իրենք  չեն ստացել այդ գումարը: «Միգուցե վճարել եմ  հենց իրենց, միգուցե վճարել եմ այլ մարդու: Ռուբիկը (ի նկատի ունի Ռուբեն Մնացականյանին) ինձ ասել է, թե կենսաթոշակառուների ծանոթներից մարդ կգա, կվճարես»,- հայտնել է տիկինը: Հարցին,  թե ծանոթը լիազորագրո՞վ է եկել, Անյան պատասխանել է՝ եթե լիազորագրով գար, ապա Ռուբեն Մնացականյանը, բնականաբար, չէր միջնորդի: Նա գրել է, որ ոչ մի  բան ինքնագլուխ չի արել, այլ ամեն ինչ արել է պատասխանատուի հանձնարարությամբ: «Չեմ կարող ասել՝ ես վճարե՞լ եմ անձամբ Ղազարյանին, թե՞ չէ, բայց ինքնագլուխ ոչինչ չեմ արել»,- նախաքննական մարմնին ասել է Անյա Խաչատրյանը:

Նշենք, որ Ռուբեն Մնացականյանը նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել, իրեն մեղավոր ընդհանրապես  չի համարում: Ըստ քրեական գործի՝ նա  մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նրա փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել խափանման  միջոցը  փոխելու, ստորագրությամբ երկրից չբացակայելու պայմանով ազատ արձակելու համար: Սակայն այսօր դատախազ Հովհաննես Ենոքյանը    առարկեց, դատավոր Էդուարդ Մանուկյանն էլ   մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ նա հնարավոր է խոչընդոտի գործի քննությանը, ճնշումներ  գործադրի դատարան ներկայացող անձանց վրա:

Հրապարակվեց նաեւ սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման պետ Էդուարդ Վարժապետյանի նախքննական ցուցմունքը, որտեղ  նա մանրամասներ էր պատմում իր ու Վազգեն Խաչիկյանի փողային հարցերից: Նա թեեւ ներկա էր դատական նիստին, սակայն հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում: Հրապարակվեցին նրա թվով 6 նախաքննական ցուցմունքները: Ըստ Էդուարդ Վարժապետյանի՝ 2010 թվականի մայիս-հունիս ամիսներին Վազգեն Խաչիկյանը հանձնարարել է իրեն վերցնել Ռուբեն Մնացականյանին ու Արթուր Աբրահամյանին  ու շտապ գնալ Երեւան՝ իր մոտ: Նրանք գնացել են, որտեղ եւ խորհրդակցություն է տեղի ունեցել: Այնտեղ եղել են վճարային ցուցակները, ու Վազգեն Խաչիկյանը զայրացած տոնով տեղեկացրել է, որ 29 միլիոն դրամ գումար ավելի է վճարվել, Արթուրին փաստերով հաստատել է, որ նա խախտում է կատարել: Էդուարդ Վարժապետյանն էլ, ըստ նախաքննական ցուցմունքի, աշխատանքից ազատման դիմում է  ներկայացրել՝ մտնելով Վազգեն Խաչիկյանի հանգստի  սենյակ: Սակայն վերջինս պատռել-թափել է այն՝ ասելով, թե՝ դու ինչ մեղք ունես: Այնուհետեւ Վազգեն Խաչիկյանը հանձնարարել է այդ գումարը անպայման վերականգնել ու զօրուգիշեր զանգահարել է Վարժապետյանին: Ըստ Էդուարդ Վարժապետյանի՝ Ռուբեն Մնացականյանը 20 միլիոն դրամ է ճարել, որը ինքը, ցելաֆոնի մեջ փաթաթելով,  տարել տվել է   Վազգեն Խաչիկյանին ու ասել՝ «Արթուրը հազիվ հավաքեց»: Շուրջ 10 օրում 20 միլիոն  են հավաքել, 2-րդ անգամ էլ՝ 9 միլիոնը: Առաջին անգամ այդ փողը պարոն Վարժապետյանը տվել է անձամբ Վազգեն Խաչիկյանին, իսկ երկրորդ անգամ՝ նրա տեղակալին: Մեկ այլ ցուցմունքում Էդուարդ Վարժապետյանը խոստովանել է, որ ինքը 2007 թվականին Արթուրի հետ պահանջել է դեպոնենտների ցուցակը, հանել են երկար ժամանակ կենսաթոշակ չստացած անձանց  անունները, Արթուրը  որպես օպերատոր մուտքագրել է՝ վճարային ծառայությունից  է. Վարժապետյանին փոխանցվել է 4 միլիոն 333 հազար դրամ, որը իրենք ստացել են անհիմն: Սակայն ամբաստանյալը վերականգնել է այդ գումարը, դատարանին ներկայացրեց  անդորրագիրը: Դատավորի  այն հարցին էլ, թե ինչո՞ւ  էր անձամբ գումարը տանում Խաչիկյանին, այլ այն չէր  փոխանցում Գյումրիից, Վարժապետյանն ասաց, որ փոխանցելու իրավունք ինքը չուներ: «Գումարը տալուց հետո մեկ տարի է անցել, ու ես Խաչիկյանին չեմ տեսել, չգիտեմ՝ վերականգնե՞լ է 29 միլիոնը, թե՞ ոչ, գնացեք իրենից հարցրեք»,- գրել էր Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պետը:

Նշենք, որ նրա  հետ առերեսված Ռուբեն Մնացականյանը պնդել է, որ ինքը փողային հարցերի մեջ չի մտել եւ ոչ մի գումար էլ չի ճարել Վազգեն Խաչիկյանի համար: Նա ընդհանրապես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Երբ դատարանը հրաժարվեց փոխել նրա խափանման միջոցը, վերջինս նեղսրտելով ասաց. «Ինձ Բեն Լադենի տեղն են դրել հաստատ, էնպես են անում, որ ես էլ սկսեմ ինձանից վախենալ»: Դատավորը նրան անընդհատ նկատողություն էր անում. «Քիչ խոսի, հա Ռուբիկ, էս ինչ ելույթներ ես ունենում»: Այս գործով գլխավոր դերակատարներից մեկը՝ Արթուր Աբրահամյանը, երեկ պատրաստ չէր ցուցմունք տալ դատարանին: Դատը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 18-ը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30