Մոսկվացի գործարարները սպասում էին իրենց բիզնեսով հետաքրքրված հայ գործարարներին
Մոսկովյան 10 ձեռնարկատերեր այսօր առեւտրաարդյունաբերական պալատում իրենց բիզնեսը ներկայացրին հայ գործարարներին: Հայ եւ մոսկվացի պաշտոնյաները որոշել էին այս անգամ հայ եւ ռուս գործարարների համագործակցությունը նոր ձեւաչափով կազմակերպել, ոչ թե՝ ինչպես սովորաբար արվում է ավանդական էքսպո ցուցահանդեսների տեսքով, որտեղ հայտնի չէ, համագործակցություն կլինի թե ոչ: Նախապես, մի քանի ամիս առաջ, բիզնես դաշտում ընդհանուր հետաքրքրություն ունեցող գործարարներին գտել էին, երկկողմանի կոնտակտներ նախապատրաստել, տեղեկատվություն տրամադրել եւ այլն: Այսօր արդեն, հենց պալատի շենքում, որտեղ հայ-ռուս գործարարների «մինի» համաժողովն էր ընթանում, մոսկվացի գործարարները սպասում էին իրենց բիզնեսով հետաքրքրված հայ գործընկերներին:
Մոսկվացի գործարար, հագուստի բիզնեսով զբաղվող Յուրի Շուբինը պալատում իսկական տոնավաճառ էր բացել: Նա հայ սպառողին առաջարկում էր ռուսական արտադրության հագուստ:
Մեկ այլ ռուս գործարար էլ շինարարության, ներկանյութերի ու տան հարդարման նյութերի իր բիզնեսն էր ներկայացնում, որով արդեն Հայաստանում հետաքրքրվողներ կային: Ռուս գործարար Վասիլի Կոպաչյովը պատրաստվում է ռուսական արտադրության կահույք ներկրել Հայաստան. Վստահ է, որ այն մրցունակ կլինի տեղական եւ այլ երկրների կահույքների հետ:
Հայաստանի ՓՄՁ ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարեն Գեւորգյանի ներկայացմամբ, տարեկան 200-300 սկսնակ գործարարի հնարավորություն են տալիս երկարաժամկետ վարկ ստանալ ցածր տոկոսներով եւ առանց գրավի: Ըստ նրա, հարկային օրենսդրության հետ կապված գործարարի ունեցած խնդիրը, թաքնված է հենց օրենսդրության մեջ: Նրա մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.
Կարդացեք նաև
Էկոնոմիկայի նախարարության ներդրումների քաղաքականության վարչության պետ Վահագ Լալայանը վստահ է, որ բիզնեսն ինքն ավելի շուտ կգտնի համագործակցության եզրեր, եւ որ մեր երկրում ռուս գործարարների առաջարկած ապրանքի կարիքն իսկապես կա:
Մոսկվայի գիտության արդյունաբերության քաղաքականության եւ ձեռներեցության վարչության պետի տեղակալ Դմիտրի Կնյազեվի խոսքերով էլ՝ իրենց նպատակն է օգնել բիզնեսի ենթակառուցվածքներին տարբեր երկրներում եւ եթե գործարարները տեսնում են փոխադարձ համագործակցություն, ապա դա ինքնուրույն անեն, իսկ իրենց վարչությունը պատրաստակամ է նորմատիվային, մաքսային սահմանափակումների հետ կապված հարցեր լուծել եւ ապահովել տեխնոլոգիաներով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ