Մինչ սպանվածի քույրը պնդում է, որ ամբաստանյալներն ուղղակի «հոշոտել» են եղբորը, նրանց փաստաբանն ասում է, որ նրանք իրենց վերագրվող արարքը չեն կատարել:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, սկսվել է շուրջ մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արտակ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբերի 18-ին՝ Սամվել Դիլոյանի եւ Արեն Վերանյանի հետ, բազմաթիվ հարվածներ են հասցրել Սամվել Շարբաթյանին, Արտակ Վերանյանը օդամղիչ ատրճանակով 6 անգամ կրակել է նրա մարմնի տարբեր մասերին եւ համոզվելով, որ Շարբաթյանը մահացել է, հեռացել է Դիլոյանի եւ Արեն Վերանյանի հետ: Նա կատարել է նաեւ խուլիգանություն:
Սամվել Դիլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ զրկել է կյանքից եւ կատարել խուլիգանություն:
Կարդացեք նաև
Արեն Վերանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ զրկել է կյանքից եւ կատարել խուլիգանություն:
Դատական առաջին նիստին ամբաստանյալ Արտակ Վերանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից չբերվելու պատճառով ներկա չէր: Այդ իսկ պատճառով դատավոր Նարինե Հովակիմյանը դատաքննության օրը հետաձգեց՝ այն նշանակելով հոկտեմբերի 4-ին:
Արեն Վերանյանի եւ Սամվել Դիլոյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալները մեղավոր չեն եւ պետք է արդարացվեն:
«Նրանք իրենց վերագրվող արարքը չեն կատարել: Մենք պայքարելու ենք, որպեսզի նրանք արդարացվեն: Այն ապացույցները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, դրանց մի մասը անարժանահավատ են, իսկ մի մասը՝ ակնհայտ սխալ, օրինակ՝ փորձագետի եզրակացություն կա, որը միանշանակ սխալ եզրակացություն է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հակառակ սրան՝ սպանված փաստաբանի քույրը՝ Հասմիկ Շարբաթյանը, դատարանում հայտարարել է, որ եղբորն ուղղակի «հոշոտել» են:
«Ես եմ տեսել՝ ինչ են արել, ինչի չեն ներկայացնում հանրությանը, նկարը թող ցույց տան՝ ինչ են արել, ինչի չեն ցույց տալիս, հոշոտել են, հոշոտել, դեմքը չէր ճանաչվում, երեքով՝ մեկին»,- ասել է նա:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր