Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ասել է սերիալ չեմ գնա, վազելով է գնացել»

Սեպտեմբեր 18,2013 13:55

Գարիկ Չեփչյանի համոզմամբ, անկախ  զբաղվածության ոլորտից, պրոֆեսիոնալ դերասանը պետք է որակ ապահովի

Կինոյի եւ թատրոնի դերասան Գարիկ Չեփչյանն այն արվեստագետներից չէ, ով մանկուց երազել է դերասան դառնալ, ասում է՝ երեխա ժամանակ ցանկություն ուներ կրկեսի ծաղրածու լիներ: Պատանեկան տարիքում, սակայն, որոշել է՝  պետք է բեմի վրա լինի: Արվեստագետը պատմում է, որ բուռն եւ ջերմ ուսանողական տարիներ է ունեցել՝ առավոտյան դասեր, երեկոյան՝ փորձեր…Իր սերնդի համար  Գարիկ Չեփչյանը հետո եկած ժամանակաշրջանը  ոչ բարենպաստ է համարում, նրա ձեւակերպմամբ՝ լճացում, պատերազմ, երկրի անկայուն վիճակ: Ասում է՝ պատերազմից հետո էլ մի պահ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը լուծարվեց, չգործեց մի վեց ամսով, այնուհետեւ բոլոր  դերասաններին հետ կանչեցին, իսկ ինքը կյանքի բերումով այլ ասպարեզում էր աշխատում մինչեւ 2006 թվականը:

«2006-ին վերադարձա բեմ, որովհետեւ կարոտը խեղդում էր:  Շատ ուրախ եմ, որ երկար չմնացի անգործ, մինչեւ նոր ներկայացում լինի»,- հիշում է դերասանը ու հավելում, որ դերեր կան, որոնք խաղալիս տոնի զգացողություն է ունենում: «Տիգրան Գասպարյանն ասաց, որ «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացման մեջ պետք է խաղամ թուրք վաճառականի դերը, որը վտանգավոր կերպար էր: Ողջ դատավարության ժամանակ նա անընդհատ  վկայություն  էր տալիս հայերի դեմ եւ ահավոր արտահայտվում, հետաքրքիր դեր էր, խաղի հետ կապված դրական արձագանքներ ստացա: Որոշ ժամանակ անց նույն ներկայացման մեջ ինձ մեկ ուրիշ դեր առաջարկեցին՝  թուրք գեներալի դերը: Նա էլ քննադատում էր երիտթուրքերին, ներողություն էր խնդրում հայ ժողովրդից՝ իր ժողովրդի անունից: Ես սիրեցի այդ դերը եւս, փաստորեն երկու հակասական դերեր խաղացի նույն ներկայացման ժամանակ: Երկու դերերի պարագայում էլ իմ ներսում հաղթանակած եմ դուրս եկել: Հանդիսատեսի վերաբերմունքից դատելով՝ կարող եմ ասել, որ գոհ էր»,- ասում է Գարիկ Չեփչյանը:

Բացասական հերոսների մարմնավորած արվեստագետին նաեւ Արմեն Էլբակյանն է նման մի դեր առաջարկել՝ «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացման մեջ՝ Էնվեր Փաշայի դերը: Գարիկ Չեփչյանն ասում է, որ հոգեբանական ծանր պահեր է ապրել, քանի որ մեծ պատասխանատվություն էր՝ կերտել մի կերպար, որ Ջեմալի ու Թալեաթի հետ միասին հայոց ցեղասպանությունն իրականացնող պարագլուխներից  է եղել: «Ներքին պայքարների մեջ  էի՝ դերը ճիշտ կառուցելու համար: Մի պահ եղավ, որ նույնիսկ հրաժարվեցի, ասացի չեմ կարողանում ընկալել այնպես, որպեսզի ճիշտ խաղամ: Ներկայացման ռեժիսոր Արմեն Էլբակյանն ասաց՝  շատ մի նեղվի, մտածիր այնպես, որ ինքն ինչ արել, իր ազգի համար է արել: Այդ նախադասությունն ինձ օգնեց, գտա  կերպարի կառուցման բանալին: Ռեժիսորին խնդրեցի, որ բեմադրության մեջ փաշայի համար լինի մի տեսարան, որտեղ ինքը կապրի իր կատարսիսը, Ալլահից ներողություն կխնդրի իր չարագործությունների համար: Համաձայնության  եկանք ու կարծում եմ՝ համոզիչ խաղացի…»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում իր այն գործընկերների կարծիքին, որոնց համոզմամբ՝ պրոֆեսիոնալ դերասանը չպետք է սերիալում նկարվի, Գարիկ Չեփչյանն ասաց. «Ես համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետեւ այդպես ասողներից շատերը, երբ հրավեր են ստացել սերիալում նկարվելու, ոչ միայն համաձայնել են, այլեւ վազելով են գնացել:  Ազնիվ չի այն մոտեցմամբ շարժվելը, թե որտեղ մենք չկանք, ուրեմն վատ  է: Հասկացանք, որ սերիալը բարձր արվեստ չէ, բայց  արվեստի մի ճյուղ է, որն ընդունված է ամբողջ աշխարհում: Կարեւորը՝  դերասանն իր գործն անի պրոֆեսիոնալ, սիրելով եւ   հնարավորինս ստեղծագործաբար: Սերիալում էլ կարելի է լավ գործ անել, եթե թիմը լավն է, եւ ցանկություն կա որակ ստանալու: Ի դեպ, սերիալում նկարահանվելու առաջին հրավերի դեպքում այդքան էլ ոգեւորված չեմ եղել, ուղղակի կերպարը հետաքրքրեց, գնացի: Բայց մի քանի նկարահանումից հետո հասկացա, որ կարելի է սերիալում էլ աշխատել: Հաճույքով եմ գնացել նկարահանումներին, ինչը կախված էր սցենարական զարգացումներից, կերպարի հաջողվածությունց: Ասածիս իմաստն այն է, որ կապ չունի, թե  դերասանը ո՞ր բնագավառում է՝ հաղորդավարությա՞մբ է զբաղվում, թատրոնո՞ւմ է, սերիալո՞ւմ: Պետք է  լուրջ մոտենա գործին  եւ աշխատի որակ ստեղծել»:

Գարիկ Չեփչյանը նշեց, որ «դրսից» մի քանի համագործակցության առաջարկ է ստացել, բայց այս պահին չցանկացավ մանրամասներ հայտնել, քանի որ ամեն ինչ դեռեւս բանակցությունների փուլում է: Միայն ասաց, որ առաջարկները գայթակղիչ են, նախագծերը՝ երկարաժամկետ, անգամ ընտանիքով արտերկիր տեղափոխվելու հարց է ծագում, դրա համար էլ դեռ կամուկացի մեջ է՝ հարմար առաջարկի դեպքում աշխատի Հայաստանո՞ւմ, թե՞, այնուամենայնիվ, մեկնի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Հայր ու որդի՝ Գեւորգ եւ Գարիկ Չեփչյանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30