Ըստ նախատեսած պլանի՝ օրերս Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը Բերձորի մարզադաշտում անցկացրեց թեթեւ աթլետիկայի շրջանային մրցումներ, որին մասնակցում էին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1, Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվան, Գետամեջի, Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվան եւ Ուռեկանի Գույումջյանի անվան միջնակարգ դպրոցների աշակերտները: Մրցումները կայացան ԼՂՀ ԿԱ Սպորտի պետական կոմիտեի աջակցությամբ: Ըստ կանոնակարգի՝ դպրոցականները մրցեցին հեռացատկի, 100, 400, 800 եւ 1500 մետր վազքատարածքներում, ինչպես նաեւ փոխանցավազքում: Յուրաքանչյուր դպրոց ներկայացնում էր 6 խաղացող՝ 4 տղա, 2 աղջիկ: Բացի 1500 մետր վազքամրցույթից, որին մասնակցեցին միայն տղաները, մնացածում մրցակցությունն անցավ տղաների եւ աղջիկների միջեւ: Հեռացատկում տղաներից 247 սմ արդյունքով առաջին տեղը նվաճեց Բերձորի թիմի մարզիկ Սարգիս Սարաջյանը, իսկ աղջիկներից՝ նույն դպրոցից Աիդա Հովհաննիսյանը: 100 մետր վազքատարածքում դարձյալ հաղթող ճանաչվեցին Բերձորի թիվ 1 դպրոցի սաները՝ Արա Մասկաեւը եւ Աիդա Հովհաննիսյանը: 400 մետր վազքուղին առաջինը հատեցին. տղաներից Արսեն Կիրակոսյանը՝ Ծաղկաբերդից եւ Գայանե Հովհաննիսյանը՝ Բերձորից: 1500 մետր վազքի մրցույթում հաղթեց Բերձորի դպրոցի աշակերտ Վլադիմիր Սարգսյանը: 800 մետրում հաղթեցին Տորք Մկրտչյանը՝ Գետամեջից եւ Գայանե Հովհաննիսյանը՝ Բերձորից: Փոխանցավազքում «4 անգամ 100 մետր» մրցույթում հաղթող ճանաչվեց Բերձորի թիմը: Ընդհանուր միավորներով առաջին հորիզոնականում հայտնվեց եւ մրցույթի գավաթին արժանացավ Բերձորի դպրոցը՝ 46 միավորով, երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար 32 եւ 30 միավորներով գրավեցին եւ պատվոգրի արժանացան Գետամեջի եւ Ծաղկաբերդի թիմերը: Առաջինից երրորդ տեղեր գրաված մարզիկներն արժանացան դիպլոմների եւ մեդալների, որոնք հանձնեց մրցույթի կազմակերպիչ, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ, սպորտգծով տեսուչ Ռոբերտ Մատինյանը: Խաղերը վարեց գլխավոր մրցավար Վլադիկ Միրզոյանը: Մրցումներից հետո զրուցեցի մասնակիցների հետ: Լուսինե Հարությունյանը Տիգրանավանից է, սովորում է 7-րդ դասարանում. դպրոցն ավարտելուց հետո որոշել է մանկաբույժ դառնալ: Առաջին անգամ է մասնակցում նման խաղերի: Ուրախ է, որ 2 մրցաձեւերում՝ 100 եւ 800 մետր վազքում գրավեց 2-րդ եւ 3-րդ տեղերը, արժանացավ դիպլոմի ու մեդալի: Ասաց, որ ծանոթացել է մնացած դպրոցների երեխաների հետ եւ հաջորդ անգամ էլ կմասնակցի, եթե կազմակերպվեն նման մրցույթներ: Ռիմա Անտոնյանը Գետամեջի դպրոցից է, 10-րդ դասարանից: Խոստովանեց. «Մի քիչ դժվար էր վազելը, սակայն հետաքրքիր էր, որ անպայման ուզում ես հաղթել»:
Սյուզաննա Օհանյանը տարիքով ամենափոքրն էր, սովորում է Ծաղկաբերդի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում, նա նույնպես ցանկանում է բժիշկ դառնալ, սիրում է մաթեմատիկա առարկան: Առաջին անգամ է մասնակցում նման մրցույթի, հավանել է: Առհասարակ բոլոր մասնակիցները ուրախ են մասնակցել մարզական մրցույթների, ծանոթանալ, շփվել իրենց հասակակիցների հետ:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ