Լույս է տեսել Անդրեյ Տարկովսկուն նվիրված ժողովածու, որտեղ զետեղված են արվեստագետի կինոարվեստին նվիրված հոդվածներ, նաեւ որոշ հատված նրա գրական ժառանգությունից: Փորձ է արվել վերաիմաստավորել Տարկովսկու արվեստը եւ միջավայր ստեղծել նրա ստեղծագործության փիլիսոփայական խորքերին հաղորդակցվելու համար: Գրքի պատասխանատու խմբագիրն է Դավիթ Մոսինյանը, նկարազարդել է Սերգեյ Նավասարդյանը:
«…Անդրեյ Տարկովսկու ստեղծագործական ինքնաբավությունը հավելումների տեղ չի թողնում: Ուստի նրա արվեստի մասին յուրաքանչյուր ուղիղ խոսք դատապարտված է կա՛մ հավերժ մնալ լուսանցքային կարգավիճակում, կա՛մ չափից ավելի «ջուր դառնալ ծառի համար»: Այդ պատճառով սույն ժողովածուում փորձ է արվել «խոսեցնել» հենց Տարկովսկուն: Թարգմանությունը լավագույն միջոցն է՝ խիզախելու՝ մտածել Հեղինակի հետ միասին: Այստեղ թարգմանություններին նախորդող հոդվածներն ըստ էության նախապատրաստումն են Մեծ Մտածումի: Դրանք միտված են լինել միջավայրաստեղծ անդրադարձեր, բայց ոչ երբեք պատումներ…»,- գրել է Դավիթ Մոսինյանը:
Անդրեյ Տարկովսկին իր եւ կինոյի մասին խոսելիս՝ կարեւորում է անկեղծությունը: «Կինոն, թերեւս, արվեստներից ամենադժբախտն է: Կինոյից օգտվում են այնպես, ինչպես մաստակից, ինչպես ծխախոտից, իրերից, որոնք գնում են: Դրա համար ընդունված է համարել. որպեսզի ֆիլմը լավը լինի, այն պետք է վաճառվի: Եթե մենք մտածում ենք կինոյի մասին, որպես արվեստի, ուրեմն այդ մոտեցումն անհեթեթ է: Ես ինձ չեմ դասում ռեժիսորների թվին, ովքեր կհպարտանային կոմերցիոն հաջողությամբ: Բայց ես չեմ գանգատվում իմ ճակատագրից: Դա միայն սկզբում էր՝ կինոյի առաջացումից հետո, որ հանդիսատեսը հետաքրքրությամբ էր դիմավորում յուրաքանչյուր նոր ֆիլմ: Այսօր մենք չենք կարող համարել, որ միլիոնավոր հանդիսատեսներ միայն լավ ֆիլմ կդիտեն: Չափազանց դժվար է մտնել հանդիսատեսի մաշկի մեջ, ֆիլմը նրա աչքերով դիտել: Ինձ թվում է, որ դա պետք էլ չէ: Ռեժիսորի համար դեպի հանդիսատեսը միակ ուղին՝ լինել այնպիսին, ինչպիսին կաս»,- գրել է նա: Հարցազրույցներից մեկում էլ արվեստագետն ասել է, թե կինոյում ամենակարեւորը ճշմարտությունն է. «Երբ ստեղծագործողը դավաճանում է որոնմանը, դա վատ է անդրադառնում իր ստեղծագործության վրա»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ