Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

Սեպտեմբեր 18,2013 13:20

Սույն հայտարարությամբ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, վերահաստատելով իր աջակցությունը Հայաստանի Հանրապետության` արտասահմանյան պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բազմակողմանի կապերի ընդլայնմանը, միևնույն ժամանակ արտահայտում է իր անհամաձայնությունը և խորը վրդովմունքը ՀՀ նախագահի` 2013թ. սեպտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական միության ձևավորման գործընթացին մասնակցելու հայտարարության կապակցությամբ:
Գրեթե երեքուկես տարի շարունակ, Արևելյան գործընկերության շրջանակներում, Հայաստանի իշխանությունները բանակցություններ էին վարում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի վերաբերյալ: Թվում էր, թե Հայաստանի իշխանությունները բացարձակ նախանձախնդրությամբ էին վերաբերվում վերոնշյալ հույժ կարևոր փաստաթղթերի մշակմանը և կյանքի կոչմանը, սակայն ՀՀ նախագահի հայտարարությունը եկավ ապացուցելու ճիշտ հակառակը:
Հայաստանի իշխանությունների մտադրությունը՝ միանալ Մաքսային միությանը` ի վնաս ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման, հակասում է իրենց իսկ կողմից եվրոպական ինտեգրումը որպես արտաքին քաղաքականության առաջնայնություն հռչակող բազմաթիվ հայտարարություններին: Այն անիմաստ է դարձնում հսկայական ջանքերն ու ծախսերը, որոնք վերջին տարիներին արվել էին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ԵՄ-ի կողմից՝ բանակցություններ վարելու և փաստաթղթեր մշակելու նպատակով: Բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը և Եվրամիության հետ կապերի ամրապնդմանը, և որոնց համար զգալի ռեսուրսներ պահանջվեցին, դարձան ապարդյուն: Ավարտվածները չեն հանգեցնի լիարժեք արդյունքի, իսկ ընթացիկ ծրագրերը հայտնվել են լուրջ վտանգի առջև:
Մի երկրի, որը գտնվում է քաղաքական և տնտեսական զարգացման անհամեմատ ավելի ցածր մակարդակի վրա, քան Եվրոպական միությունը, փաստացի հրաժարումը աշխարհի խոշորագույն տնտեսության հետ ինտեգրվելուց և մոլորակի առավել կայուն տարածաշրջանի հետ բազմակողմանի համագործակցությունը խորացնելուց՝ աննախադեպ երևույթ է: Հատկապես այն լույսի ներքո, որ հրաժարումը տեղի ունեցավ Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում, որն այս պահին, մեղմ ասած, իրեն ոչնչով չի արդարացրել նույնիսկ նրան արդեն իսկ միացած երկրների համար, և որի հեռանկարները բավականին անորոշ են:
Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունը, որն ունեցավ նման հետևանքներ, անվերականգնելի վնաս հասցրեց ՀՀ միջազգային վարկին և համբավին` որպես վստահության արժանի գործընկերոջ:
Ոչ մի քննադատության չեն դիմանում մեր երկրի պաշտոնական ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և որոշ՝ չափից ավելի հավատարիմ փորձագետների պնդումները, ովքեր ջանում են Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տապալման մեղքը բարդել Բրյուսելի ուսերին: Մենք ամբողջովին հիմնավորված և բնական ենք համարում առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի՝ մոտ 80 տոկոսով կրճատված փաստաթուղթը Եվրոպական միության կողմից չդիտարկելու որոշումը, քանի որ այդ նոր մոտեցման շուրջ նույնիսկ նախնական խորհրդակցություններ և բանակցություններ չեն վարվել:

Չափազանց անհամոզիչ են հնչում նաև տնտեսական հաշվարկների և անվտանգության հետ կապված ռիսկերի վերաբերյալ գնահատականները: Եթե նման մտայնությունները կարող էին արգելք հանդիսանալ Եվրամիության հետ ասոցացման ճանապարհին, ապա դրանք պետք է հայտնի դառնային և դիտարկվեին բանակցությունների ավարտից շատ ավելի վաղ: Այս դեպքում նախընտրությունը, որը Երևանի կողմից տրվեց Մաքսային միությանը, բոլոր միջազգային գործընկերների և Հայաստանի հասարակության կողմից կընկալվեր՝ որպես առավել արժանի և ընդունելի, այնինչ այսօր բոլոր հիմքերը կան՝ խոսելու ազգային նվաստացման մասին:
Եթե անգամ հաշվի առնենք, որ ՀՀ իշխանությունները, շրջվելով դեպի Մաքսային միություն, ստացել են որոշակի այսրոպեական օգուտներ անվտանգության և այլ ոլորտներում, այնուամենայնիվ, կան բազմաթիվ հիմքեր ենթադրելու, որ երկարաժամկետ կտրվածքով՝ արտաքին սպառնալիքների առումով երկիրը դառնում է ավելի խոցելի։ Եվ այդ սպառնալիքներից գլխավորներն են հանդիսանում միջազգային հանրության կողմից Հայաստանի շահերի անտեսման միտումը և ինքնիշխանության զիջման անվերահսկելի գործընթացը։ Այսօր, փաստորեն, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ մեկտեղ առաջ են գալիս նոր գործոններ, որոնք խորացնում են Հայաստանի Հանրապետության համար այնպիսի ցավոտ խնդիրը, ինչպիսին արտագաղթն է։
Ենթադրաբար՝ ոչ առանց ՀՀ ղեկավարության անուղղակի մասնակցության տարածվող ակնարկներն այն մասին, թե իբր նման որոշումը կայացվել է ճնշման տակ, չեն արդարացնում Ասոցացման համաձայնագրի անփոփոխ կուրսի հետ կապված նախկին հավաստիացումների ուրացումը։ Երկրի համար նման ճակատագրական որոշման ընդունման ժամանակ արտաքին ազդակները միշտ առկա են, և դրանց բախվել են Արևելյան գործընկերության բոլոր պետությունները։ Սակայն ավելի կայուն ու ռիսկերից պաշտպանված են այն որոշումները, որոնք հիմնվում են գիտակցված ազգային շահի վերաբերյալ հասարակության համերաշխության վրա։ Իսկ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել հասարակությանը Ասոցացման համաձայնագրի բովանդակության և առավելությունների, ինչպես նաև ընդհանուր առմամբ եվրոպական ինտեգրացիայի մասին իրազեկելու ուղղությամբ՝ տեղեկատվական դաշտը թողնելով որպես մտացածին «եվրոպական արժեքների» մասին էժանագին շահարկումների հարթակ։
Թվարկված բոլոր հանգամանքները մեզ թույլ են տալիս հաստատել, որ ՄՄ-ի վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ ելնելով մարդկանց այն նեղ շրջանակի շահերից, որոնց ծրագրերի մեջ չի տեղավորվում Արևելյան գործընկերությամբ, մասնավորապես Ասոցացման համաձայնագրով նախատեսված բարեփոխումների ընդլայնված փաթեթի իրականացումը:
Ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության որոշակի բաժին է ընկնում նաև միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ԵՄ կառույցների վրա, որոնք բավական երկար ժամանակ Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում անցնում էին թույլատրելի հանդուրժողականության սահմանը՝ շատ դեպքերում համակերպվելով պարտավորությունների կատարման իմիտացիայի հետ և առաջնորդվելով «ավելի շատ՝ քչի դիմաց» բանաձևով: Ըստ երևույթին, դա որոշակի հիմքեր տվեց ՀՀ քաղաքական վերնախավին՝ ԱլԳ քաղաքական գործընթացին վերաբերել ոչ պատշաճ լրջությամբ և պատասխանատվությամբ։
Բացասական գործոն դարձավ նաև ԱլԳ երկրների միջև իրական գործընկերային հարաբերությունների, դեպի ընդհանուր առաջնահերթություններն ու շահերը կողմնորոշման, միմյանց փոխօգնության հասնելու ցանկության բացակայությունը: Որպես հետևանք՝ յուրաքանչյուրը գործում էր միայնակ` հարևանների անհաջողությունները և շեղումները դիտարկելով որպես սեփական առավելություն: Հուսով ենք, որ Հայաստանի անցանկալի նախադեպը փոխհարաբերությունների փոփոխման անհրաժեշտություն կթելադրի «վեցնյակի» ներսում։
Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանումը միանշանակորեն ենթադրում են լուրջ շրջադարձ երկրի արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական զարգացման ու բազմաթիվ այլ ոլորտներում: Նման կարևորության որոշումները չպետք է ընդունվեն առանց Ազգային ժողովի, կառավարության, անվտանգության խորհրդի օրակարգային, ինչպես նաև հանրային քննարկումների: Համապատասխան պաշտոնական խորհրդատվությունների բացակայությունը թույլ է տալիս ՀՀ նախագահի սեպտեմբերի 3-ի հայտարարությունն ընկալել ոչ այլ կերպ, քան իր միանձնյա կողմնորոշումը, որը մեր կողմից չի կարող անփոփոխելի համարվել: Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ Ազգային ժողովից պահանջում ենք սեղմ ժամկետներում տվյալ հարցի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպել և հրավիրել արտահերթ նիստ, որը գնահատական կտա ՀՀ նախագահի հայտարարությանը: Կոչ ենք անում ՀՀ ԱԺ պատգամավորներին, անկախ խմբակցական պատկանելությունից, վերկուսակցական դիրքորոշում ցուցաբերել Մաքսային միությանը միանալու և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու վերաբերյալ, քանի որ այս ընտրությունը դուրս է առանձին քաղաքական ուժերի շահերի շրջանակներից և կանխորոշում է ազգի ճակատագիրը երկարաժամկետ հեռանկարում:
ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք սեպտեմբերի 19-ին մասնակցելու «Հրազդան» հյուրանոցում, ժամը 14:00-17:00 կայանալիք ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովին և ներկայացնելու նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության հիմնավորումները՝ Մաքսային միությանը միանալու և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը խափանելու վերաբերյալ:

Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, ով պատկերացնում է այս ընտրության բոլոր հետևանքները, ում համար կարևոր է մեր երկրի՝ թանկ գնով նվաճված անկախությունը և նրա ժողովրդավարական զարգացումը, սեպտեմբերի 3-ին հայտարարված որոշումը չի կարող ընդունելի լինել:
Իրավիճակը հնարավոր է շտկել միայն հասարակության առողջ և ոչ անտարբեր ուժերի համախմբմամբ և քաղաքացիական ակտիվությամբ: Անկախ մոտակա ամիսների զարգացումներից, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին առավելագույն արդյունավետությամբ նպաստելու իր առաքելությանը և բոլոր համախոհներին հրավիրում է սերտ համագործակցության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30