Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աշխարհը հրեաների ու հայերի մշակույթի հետ հաշվի է նստում»

Սեպտեմբեր 18,2013 13:45

Վստահ է հրեա դիրիժոր Իսրայել Յինոնը

Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական հյուրը գերմանաբնակ հրեա դիրիժոր Իսրայել Յինոնն է, որի ղեկավարությամբ սեպտեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փառատոնային հերթական ելույթը:
Սեպտեմբերի 11-ին մեկնարկած հիշյալ փառատոնի ճանաչված երաժիշտներ, ջութակահարներ Իզաբել Ֆաուստը (Գերմանիա), Բորիս Բրովցինը (Մեծ Բրիտանիա), թավջութակահար Նարեկ Հախնազարյանը (Ռուսաստան) «Առավոտի» հետ զրույցում առաջին հերթին նշում էին, որ իրենց համար մեծ պատիվ է մասնակցել մի փառատոնի, որ նվիրված է մեծանուն Արամ Խաչատրյանի հոբելյանին:
Իսրայել Յինոնն «Առավոտի» հետ զրույցում հայտնեց իր ուրախությունը, որ վերջապես գտնվում է Խաչատրյանի հայրենիքում, նշելով, թե տասնամյակներ շարունակ զուր էին փորձերը տաղանդավոր երաժշտին ներկայացնել ոչ միայն իբրեւ խորհրդային, այլեւ որպես ռուս կոմպոզիտոր: Դիրիժորի խոսքերով՝ «հրեաներս ու հայերդ ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք, եւ աշխարհին է հայտնի, որ միայն դա չէ մեր ընդհանրությունը: Ի վերջո, այդ ողբերգությունը վաղուց անժխտելի փաստ է,- հիշեցրեց մեր զրուցակիցը, հավելելով,- ֆաշիստական Գերմանիան ցեղասպանական պետություն էր: Պետական բոլոր միջոցներն ուղղված էին կոտորածներ, ջարդեր իրականացնելուն: Խաղաղ բնակչությունն ահաբեկվում էր ըստ ազգային պատկանելության, հրեաներին եւ մյուս «անցանկալի» ազգություններին ենթարկում էին հետապնդումների, բռնագրավում էին ունեցվածքը, քշում համակենտրոնացման ճամբարներ եւ այլն: Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունն ու մեր Հոլոքոստը համարվում են 20-րդ դարի ոճիրի առավել հայտնի օրինակներ»:
Արվեստագետը հիշեցրեց Ադոլֆ Հիտլերի արտահայտությունը՝ «ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին…», միեւնույն ժամանակ փաստելով, թե երկու ժողովուրդները ի՜նչ անուններ են շնորհել աշխարհին:
Արտերկրյա մամուլը Իսրայել Յինոնին ներկայացնելիս հիմնականում նշում է, որ նրա ղեկավարությամբ ընդարձակ երկացանկի կողքին դիրիժորն իրեն նվիրել է սակավ հնչող եւ անհիմն մոռացված գործերի կատարմանը, դրանց թվում են «Երրորդ ռայխի» արգելված կոմպոզիտորների՝ Հանս Կրազայի, Պավել Հաասի, Էլվին Շուլհոֆի, Վիկտոր Ուլմանի եւ մյուսների, ինչպես նաեւ գերմանական էքսպրեսիոնիզմի մոռացված ներկայացուցիչների ստեղծագործությունները: Դիրիժորն ասաց. «Այդ իրավամբ հանճարեղ ստեղծագործողները իմ հայրենակիցներն են: Նրանց երկերը իմ ղեկավարությամբ կատարել են Լոնդոնի BBC սիմֆոնիկ, Royal Philharmonic, Երուսաղեմի, Վիեննայի, Բեռլինի եւ մյուս հայտնի նվագախմբերը: Այսօր ծանոթացա Հայաստանի ֆիլհարմոնիկին ու վստահ են, որ այս նվագախումբը չի զիջում թվարկածս երաժշտախմբերին… Մի բան ակնհայտ է՝ աշխարհը հրեաների ու հայերի մշակույթի հետ հաստատ հաշվի է նստում, թեկուզեւ հաճախ դրա մասին չի բարձրաձայնում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30