Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Դա նույնն է, որ որոշեք երբեք չամուսնանալ, որովհետեւ ձեզ կարող են մի օր դավաճանել»

Սեպտեմբեր 18,2013 12:42

«Ես պաշտպանել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց անկեղծ լինենք, ասենք ով ով է: Ժպտալով ու բարեւելով չի: Րաֆֆին ասում է՝ ճանաչենք ԼՂՀ անկախությունը ու գնանք Եվրոպա: Պուտինը կանչեց ասեց՝ մի րոպե, մենք ձեր համբալը չենք, մենք զորք ունենք այնտեղ»,- այսօր «Հայացք» ակումբում խոսելով Մաքսային միության մասին՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա իր խոսքի սկզբում վստահեցրեց, որ ամեն ինչ ասելու է պարզ, ոչ թե մյուս քաղաքական գործիչների նման, որոնք բլեֆ են անում, չեն ուզում ոչ ՌԴ-ի, ոչ Եվրոպայի հետ հարաբերությունները փչացնեն. «Երբ վարչապետը վեր կացավ, ասեց՝ մաքսային միության հետ սահման չունենք, չի լինի՝ ես ասում եմ՝ դա որեւէ գրոշի արժեք չունի:

Պետք էր Եվրոպային ասել, որ մեր մոտ ռազմական բազա կա, պետք չի գրգռել ռուսներին: Ոչ այնտեղ էր պետք, ոչ այնտեղ: Ոչ մի ճնշում ՌԴ-ի կողմից չի եղել մինչեւ 2013-ի գարունը՝ մայիսի 26-ը: Ռուսները սուս հետեւել են:

Ես Ռուսաստանում լիքը ընկերներ ունեմ, կարող էի չգալ, սա չասել»:

Նա քննադատեց, որ բերին-հասցրին մինչեւ սեպտեմբերի 3-ը, երբ ռուսների մոտ ոչ թե գնացինք, այլ տարան. «Ինչքա՞ն պետք է լինի նախագահի վրա Վազգեն Մանուկյանի ազդեցությունը, ավանտյուրաները շատ-շատ են: Հիմա մենք պետք է խոսենք Մաքսային միության հետ: Ես գտնում եմ, որ Մաքսային միությունը պետք է, Սերժ Սարգսյանը պետք է ասի՝ այդ մասին պետք է դնենք ռեֆերենդում: Ժողովուրդը թող որոշի: Ասենք, ասում են՝ այո Մաքսային միությանը: Անկախ նրանից, թե ինչ արդյունք կտա դա, այն կլեգիտիմացնի որոշումը»:

Հարցին՝ կեղծ ընտրություններո՞վ՝ նա պատասխանեց՝ դա նշանակություն չունի. «Դա նույն բանն  է, որ դուք որոշեք երբեք չամուսնանալ, որովհետեւ ձեզ կարող են մի օր դավաճանել: Հա, կեղծելու են»:

Հարցին՝ ի՞նչ անել, որ Մաքսային միություն մտնելով՝ Հայաստանն առավել շահի՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Պետք է ստեղծել մի հատ լուրջ հանձնաժողով՝ զբաղվելու: Հիմա մենք հայտնվելու ենք մի միջավայրում, որտեղ տարիֆները 4 անգամ բարձրացվելու են: Մենք պետք է ժամանակ խնդրենք: Նայեք ինչ եղավ Բելառուսի հետ՝ Բելառուսի տնտեսությունը Մաքսային միություն մտնելով սկսեց քանդվել, Ղազախստանինը սկսեց աճել: Հայաստանը պետք է ասի՝ չեզոքացնել էներգակիրների տարիֆների բացասական էֆեկտը: Ես դրել եմ այս հարցերը ժամանակին: Բարեբախտաբար, այն ժամանակ այդ Մաքսային միությունը երբեք չաշխատեց, բայց ես չեմ ստորագրել: Իմ համարձակությունը այդքան ներել է: Մենք այդքան համարձակ ենք եղել»:

Հրանտ Բագրատյանը նաեւ զգուշացրեց, որ նորից լինելու է ռուբլու գոտի. «Ես Բագրատյանն եմ, ամեն ինչ ազնվորեն ձեզ ասում եմ: Մաքսային միությունը անհնար է պատկերացնել առանց ռուբլու գոտու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30