«Ժողովրդավարությունը համաշխարհային արժեք է՝ հիմնված մարդկանց ազատորեն արտահայտվող կամքի վրա՝ որոշելու սեփական քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային համակարգերը, ինչպես նաև մասնակցություն ունենալու կյանքի բոլոր ոլորտներում»,- այսօր ՄԱԿ-ում մեկնարկած «Հանրային և մասնավոր հատվածներն ի շահ քաղաքացիական հասարակության» կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվում է սեպտեմբերի 19-ին նշվող Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքում «Քաղաքացիական համագործակցության և զարգացման հիմնադրամ» ՀԿ-ի հետ համատեղ:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման գործընթացներին, գործարար հատվածի և քաղաքացիական հասարակության կապին և այլ թեմաներին:
«Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ» ՀԿ-ի ղեկավար Արմեն Ղալումյանը Aravot.am-ի հարցին՝ այս ոլորտում մասնավորապես ի՞նչ խնդիրներ կան, պատասխանեց. «Այս ոլորտում կան օրենսդրական և կառուցվածքային բացեր: Կուզեի, որ գործարար կառույցների, որոնք զբաղվում են կորպորատիվ պատասխանատվությամբ, գործունեությունը խրախուսվեր օրենքով: Կան նաև կառուցվածքային առումով բացեր»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի՝ ակտիվիստների դեմ բռնությունները, պարոն Ղալումյանը պատասխանեց. «Եթե ակտիվիստներն ինչ-որ բաների վերաբերյալ ձայն են բարձրացնում, դա դրական է: Բայց բռնությունները բացասաբար եմ գնահատում: Ուստի կոչ եմ անում ոստիկանությանը հեռու մնալ հրահրումից և բռնության դեպքերից: Գտնում եմ, որ դա լճացում չէ, հենց այն, որ կա նման քննարկման նախաձեռնություն, ապա լճացման մասին խոսել պետք չէ»:
«Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ» Արզուման Հարությունյանն անդրադարձավ «գրանտակեր» հասկացությանը ու հավելեց. «Բիզնես աշխարհը չի գիտակցում քաղաքացիական հասարակության կապն իր հետ և այն, թե ինչ կարող է կազմակերպությունը տալ բիզնեսին: Սա լուրջ խնդիր է, որին ոչ ոք չի անդրադառնում»:
Պարոն Ղալումյանը նաև տեղեկացրեց, որ վաղը Սիրահարների այգում կկազմակերպվի բացօթյա տեղեկատվական ցուցահանդես, որը ներկայացնելու է բիզնեսի և քաղաքացիական հասարակության միջև գոյություն ունեցող համագործակցության դրվագները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ