Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ կառավարությունը հույսը չի կտրել, որ մեր հայրենակիցներն իրենց ապագան կփնտրեն ոչ թե եվրոպաներում, այլ հենց Արցախում

Սեպտեմբեր 18,2013 11:45
artur agabekyan

 Հատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ հետ հարցազրույցից:

  –Ե՛վ տնտեսության զարգացման, ե՛ւ սահմանների անձեռնմխելիության համար ամենակարեւորը Արցախի վերաբնակեցումն է. 2001-ին մշակվեց վերաբնակեցման ռազմավարության 10-ամյա ծրագիր, բայց իրողությունը փաստում է, որ այն չիրականացավ: Ինքներդ էլ մտահոգություն էիք հայտնել. «Մեկ, երկու միլիոն բնակիչ կերակրելու հնարավորություն, բերրի հողեր, աղբյուրներ ունեցող տարածքում ապրում է ընդամենը 140 հազար մարդ: Անթույլատրելի է»: 

-Արցախում վերաբնակեցումը սկսվեց զինադադարի հաստատումից անմիջապես հետո եւ առ այսօր շարունակվում է: Գուցե ժամանակին այս կարեւորագույն հարցում սխալներ են թույլ տրվել, բայց այսօր մեր գլխին կախված մարտահրավերները պարտադրում են մեզ առավել ակտիվ լինել այս հարցում:
Այո, վերաբնակեցման տեմպերը շատ դանդաղ են: Արցախի բյուջեն չունի հնարավորություն վերաբնակեցումը լիարժեք կատարելու: Դրա համար որոշեցինք նախաձեռնել Ազգային վիճակախաղ, որից ստացված շահույթը ուղղվելու է վերաբնակեցման ծրագրերին: Դեկտեմբերի 28-ին տեղի կունենա խաղարկությունը: Եթե ամեն մի հայ վիճակախաղի մեկ տոմս գնի, որի գինն ընդամենը 5 դոլար է, ու եթե մենք կարողանանք 7-8 միլիոն վիճակախաղի տոմս թողարկել, հավատացեք, շատ հարցեր կլուծվեն:
   –Ոմանք էլ դժգոհ են վարկային քաղաքականությունից՝ ասելով, թե տոկոսները բարձր են:
   -Նման բան չկա, կեղծ տեղեկատվություն է: Արդեն 8 տարի է, որ գյուղատնտեսության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար Արցախում տրամադրվում են ցածր՝ 8 տոկոսով վարկեր:
   –Ասացիք՝ մեր հայրենակիցները չեն նախընտրում ներդրումներ անել Արցախում, բայց անվերջ խոսվում է դեպի Արցախ սիրիահայերի մեծ հոսքի մասին, նույնիսկ Ադրբեջանը սկսեց աղմկել:
   -Ադրբեջանը միշտ էլ աղմկում է՝ Արցախի հետ կապված ցանկացած հարցում: Արցախի իշխանությունները պատրաստակամ են ընդունելու սիրիահայերին, մենք արդեն իսկ ընդունել ենք գյուղատնտեսությամբ զբաղվող սիրիահայերի, որոնք այսօր հաճույքով հող են մշակում, կառուցում իրենց տնտեսությունը, չսպասելով պետական բյուջեից օգնության՝ նրանք կառուցում են իրենց ապագան Արցախում: Բայց, ցավոք, այդպիսիների թիվը շատ փոքր է:
Չնայած դրան, ԼՂՀ կառավարությունը հույսը չի կտրել, համոզված ենք, որ մեր հայրենակիցներն իրենց ապագան կփնտրեն ոչ թե եվրոպաներում կամ Երեւանում, այլ հենց Արցախում: Գիտեք, մի քիչ էլ վիրավորված ենք, որ Արցախն անտեսվում է հե՛նց մեր հայրենակիցների կողմից, ոչ միայն Սփյուռքի, նաեւ հայաստանցիների, ինչո՞ւ եք այլ երկրներ փնտրում ներդրումների համար, երբ հայրենիքը ձեր կարիքն ունի:
   –Գյուղատնտեսությունից բացի, ո՞ր ոլորտներում Արցախը կարող է գրավիչ լինել ներդրողի համար:
   -Թեթեւ արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտներում: Կան հայաստանցի գործարարներ, որոնք ներդրումներ են իրականացրել Արցախի հանքարդյունաբերության ոլորտում: Ունենք ոսկու, պղնձի հանքեր: Արցախը բաց է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի մեր գործարարների առաջ: Այսօր Արցախով հետաքրքրված են ե՛ւ օտար ներդրողները, բայց մինչեւ մեր հայրենակիցներն անհրաժեշտ չափով ներդրումներ չանեն, օտարի համար չբացահայտեն Արցախն ու այն գրավիչ չդարձնեն, օտարը դա չի անի:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30