Հայաստանյան խանութներում եւ սուպերմարկետներում վերջին օրերին արձանագրվել է որոշ ապրանքատեսակների գների աճ։ ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»– ի հետ զրույցում նշեց, որ դա գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հետեւանքն է։ Նրա խոսքով՝ առաջիկայում սկսվելու է թանկացումների նոր ալիք։ Իսկ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ այս տարվա թանկացումների գլխավոր պատճառը տնտեսական շոշափելի աճի բացակայությունն է։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ այս օրերին, բացի հավկիթից, ոչ մի ապրանքատեսակ չի թանկացել, ավելին, որոշ ապրանքներ էժանացել են. «Ձվի թանկացումից հետո ոչ մի փոփոխություն դեռ հանձնաժողովը չի արձանագրել։ Վերջին տվյալներով՝ մինչեւ հինգ դրամի նվազում կա շաքարավազի գնի մեջ, 20 դրամի նվազում՝ կարագի մեջ։ Ձեթի գինն էլ է նվազել»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայաստանյան շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող 5 սուպերմարկետներում մեկ հավկիթը թանկացել էր 5 դրամով։ Այս պատճառով ՏՄՊՊՀ-ն հինգ օր ժամանակ էր տվել ձվի արտադրության եւ իրացման շուկայում գերիշխող 4 ընկերություններին՝ հանձնաժողովին ներկայացնելու համար փաստաթղթային հիմնավորումներ։ Ձու արտադրող ընկերությունների ներկայացուցիչներն արդեն հանձնաժողովին ներկայացրել են պահանջված տեղեկատվությունը, եւ մի քանի օր է, ինչ սկսվել են քննարկումները։ Ձու արտադրողները ներկայացրել են իրենց պարզաբանումները, որոնց հիման վրա էլ հանձնաժողովը կկատարի ուսումնասիրություն եւ առաջիկայում կկայացնի իր որոշումը։
Մինչ ՏՄՄՊՀ-ն ուսումնասիրում է ձու արտադրող ընկերությունների ներկայացրած փաստաթղթերը, ՀՀ-ում թանկացումները գնալով ահռելի չափեր են ստանում։ Այս տարվա առաջին ութ ամիսներին գնաճը կազմել է 16.4 տոկոս, դա է վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում» վերնագրով զեկույցը։ Ընդ որում, գնաճ գրանցվել է բոլոր ոլորտներում՝ պարենային ապրանքները թանկացել են 17.3 տոկոսով, վառելիքն ու Էլեկտրաէներգիան՝ 23.3 տոկոսով, բուժսպասարկումն ու դեղորայքը՝ 31 տոկոսով, այլ ապրանքներն ու ծառայությունները՝ 13.7 տոկոսով։
Կարդացեք նաև
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում